ԱԳՆ-ն հաստատում է՝ Թուրքիայում հայի սպանության գործով Ստամբուլում ձերբակալվածների թվում կան ՀՀ քաղաքացիներ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Ստամբուլի Շիշլի թաղամասում պոլսահայ ընտանիքի վրա հարձակմանը մեղսակցություն ունենալու կասկածանքով ձերբակալվածների թվում, նախնական տվյալներով, կան ՀՀ քաղաքացիներ:

Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: «Ըստ նախնական տվյալների` ձերբակալվածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ: Հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները սահմանափակված են դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով»,- ասել է Տիգրան Բալայանը: Փետրվարի 6-ին Շիշլիի Ջումհուրիեթ փողոցի տներից մեկում բնակվող հայ 85-ամյա Հակոբ Յաքուփ Դեմիրջիի և 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիի տան վրա հարձակում էին գործել: Նրանք հայ զույգին կապել էին «խոզի կապանք» անվանմամբ հայտնի ձևով՝ տանից վերցնելով թանկարժեք իրեր և գումար: Կատարվածի մասին ահազանգել էր տան աշխատողը, ով հերթական անգամ եկել էր պոլսահայ զույգի տուն, սակայն դուռը նրա առջև ոչ ոք չէր բացել: Հակոբ Դեմիրջին կապանքի հետևանքով խեղդվել էր, իսկ նրա կնոջը հոսպիտալացրել էին: Հանցագործությունից հետո թուրքական ոստիկանությունը հետաքննություն էր սկսել հարձակվողներին հայտնաբերելու նպատակով:

Տարածքի տեսխցիկների ձայնագրություններից իրավապահները կարողացել էին իմանալ նրանց դեմքերը: Հայտնի էր դարձել նաև, որ հարձակում իրականացրած երեք անձինք մեքենա էին վարձել և Ստամբուլից ուղևորվել էին Տրապիզոն: Հենց այդտեղ էլ ոստիկանությունը նրանց ձերբակալել է: Հանցագործները կեղծ փաստաթղթերով նպատակ են ունեցել Տրապիզոնից գողոնով փախչել Վրաստան:

Ձերբակալվել են նաև Ստամբուլում հանցագործության իրականացմանն աջակցած, մեքե նա վարձած և արտասահման փախչելու հարցում նրանց օգնած 5 անձինք: Փետրվարի 10-ին Տրապիզոնի հանրապետական դատախազությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ հարձակում իրականացրածները ՀՀ քաղաքացիներ են: Ձերբակալված 8 անձանցից 5-ը կանայք են, բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ: Նրանք են՝ Արթուր Ա., Արամ Ե., Սերգեյ Բ., Մարիաննա Ե., Լիդա Բ., Նարգիզ Բ., Արմինե Մ., Քրիստինա Մ.:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *