ԿԱՐԵՎՈՐ
Search
hqdefault

Ադրբեջանը ցեղասպան պետություն է. Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի 100—րդ տարելիցին

Հաշվի առնելով պատմական այն իրողությունը, որ հարեւան երկրի իշխանությունների կողմից այսօր առավել ընդգծված, բացահայտ ձեւով շարունակվում է հայ ժողովրդի, մասնավորապես՝ Արցախի բնակչության նկատմամբ իրականացվող թշնամական քաղաքականությունը, Ստեփանակերտում հրավիրված միջազգային գիտաժողովում, որ նվիրված է Բաքվի ջարդերի 100—րդ տարելիցին, գրեթե բոլոր ելույթներում այդ միտքն է ընդգծվել՝ աշխարհասփյուռ համայն հայությանը, քաղաքակիրթ երկրների ղեկավարներին, միջազգային հանրությանը կոչ անելով համախմբել ուժերը բռնությունների դեմ եւ անհաշտ պայքար մղել մարդկությանը սպառնացող ծանր հանցագործությունների նկատմամբ։
Միջազգային գիտաժողովը, որ կազմակերպվել էր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի, Արցախի գիտական խորհրդի եւ «Սանկտ Պետերբուրգի հայկական ազգային մշակութային կազմակերպություն» հասարակական կառույցի նախաձեռնությամբ եւ «Բաքու. 1918թ. հայերի ցեղասպանության շարունակությունը» խորագիրն էր կրում, մասնակցում էին ճանաչված գիտնականներ, ցեղասպանագետներ, քաղաքագետներ ու պատմաբաններ, փորձագետներ, հասարակական գործիչներ ինչպես Հայաստանից եւ Արցախից, այնպես էլ արտերկրից, մասնավորապես՝ ԱՄՆ—ից, Ռուսաստանից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից։
«Այս տարի լրանում է Բաքվի հայկական ջարդերի 100—րդ տարելիցը,–լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ցեղասպանագետ Վահան Բաբախանյանը։–Մեր նպատակն է հանրության լայն շերտերին իրազեկել այն սարսափելի եղեռնագործության մասին, որն իր անմարդկային դաժանությամբ ու հայատյացությամբ չէր զիջում 1915—ին Արեւմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանությանը։ Այդ ամենին պետք է տեղյակ լինի միջազգային հանրությունը, ինչ կատարվել է պատմության ընթացքում ու Ադրբեջանի կողմից շարունակվում է նաեւ այսօր, խստորեն պիտի դատապարտել դահիճների կողմից հայության դեմ ծրագրված ոճրագործությունը, ինչը Բաքվում փորձում են կոծկել։ Ցինիկություն է նման ծանր հանցանքը «խուլիգանություն» որակելը, ինչը միայն մի անուն ունի՝ ցեղասպանություն»։
Նրա խոսքով՝ Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի կողմից գործնական քայլեր են արվում ցեղասպանության հարցերով զբաղվող միջազգային կառույցների հետ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։ Այդ հարցում Վ. Բաբախանյանը կարեւորում է նաեւ գրողների եւ լրագրողների դերը՝ «Հայկական հարցի, այդ թվում՝ 1900—ականների սկզբներին եւ դարավերջին Բաքվում իրականացված հայերի ջարդերի թեման լայնորեն արծարծելու տեսանկյունից»։
Արցախի իշխանությունների անունից ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ իր զեկույցում խորհրդարանի փոխնախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը մասնավորապես անդրադարձավ 1920թ. Շուշիում մուսաֆաթների կողմից իրականացված հայերի ջարդերին, ինչն անասելի ծանր հետեւանքներ ունեցավ «բերդաքաղաքի ժողովրդագրական պատկերի կտրուկ փոփոխման առումով»։ Կարեւորելով նման գիտաժողովների կազմակերպումը տեղեկատվական պատերազմի ներկա ժամանակներում՝ պատմաբանը գտնում է, որ «համախմբված, առավել ճկուն եւ սթափ պիտի գործել տեղեկատվական դաշտում»։ Նրա համոզմամբ՝ սփյուռքը եւս շահագրգիռ է այս հարցում, հետեւաբար «հայ ժողովուրդը միասնաբար հանդես գալու պարագայում, անկասկած, շոշափելի հաջողություններ կարձանագրի հայատյացության դեմ պայքարում»։
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը գիտաժողովում հանդես եկավ «1917—1921թթ. Արցախի էթնոժողովրդագրական գործընթացները» թեմայով զեկուցմամբ, իսկ «Արեւելք» վերլուծական կենտրոնի վերլուծաբան Կարեն Սիրունյանի ելույթում շոշափվեցին քննարկվող խնդրի հետ կապված արդիական մի շարք հարցեր։ Արցախի գիտական կենտրոնի ղեկավար Ստեփան Դադայանն էլ ընդգծելով գիտաժողովի քաղաքական նշանակությունը՝ ուշագրավ մի դիտարկում արեց։ Ըստ բանախոսի, Ադրբեջանը 100 տարի առաջ իր «կազմավորումը» նշանավորեց Բաքվի հայերի կոտորածներով։ «Շարունակելով իր հայատյաց քաղաքականությունը՝ նաեւ հետագա տարիներին նա միշտ փորձում է տիրանալ հայ ժողովրդի նյութական եւ հոգեւոր—մշակութային հազարամյա արժեքներին, նրա հարստությանը, որ մարդիկ տքնանքով արարել են իրենց պատմական հայրենիքում»,–ասաց Ս. Դադայանը։
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն իր ելույթում այն միտքը շեշտեց, որ «Ադրբեջանը ցեղասպան պետություն է, եւ հանցագործին բնորոշ այդ կեցվածքը պիտի իր հստակ արտացոլումը գտնի նրա քաղաքական կերպարում»։

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *