Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անհրաժեշտ է համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բանակցությունների վաղ վերսկսումը: Այս մասին նա հայտարարել է երեքշաբթի օրը Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում, գրված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Առաջին փուլում պետք է արագ վերականգնվեն բանակցությունները: Հայաստանը չպետք է ետ կանգնի բանակցություններից», – ասել է Ալիևը: Ըստ նրա՝ ստատուս-քվոն անընդունելի է:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները բազմիցս հայտարարել են, որ ստատուս-քվոն ընդունելի չէ: Մենք նույնպես դրա մասին ենք խոսում և ցանկանում ենք, որ ստատուս քվոն որքան հնարավոր է արագ փոխվի, և հակամարտությանը վերջ տրվի: Տարածաշրջանում պետք է խաղաղություն հաստատվի, իսկ տեղահանված ադրբեջանցիները վերադառնան իրենց հայրենի հողերը», – ասել է Ալիևը:
Նա նաև նշել է, որ Ադրբեջանը կողմ է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա:
Ադրբեջանի ղեկավարը հավելել է, որ իր երկիրը «բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ներդրած ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»: