скачанные файлы

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի նոր պոչամբարի կառուցումը՝ բնապահպանական խնդիր

Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի բնակիչները դեմ են իրենց գյուղի մերձակայքում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի համար նոր պոչամբարի կառուցմանը, քանի որ այն մերձակա գյուղերի ողջ արոտավայրերն ու վարելահողերը դնում է ծանր մետաղներով աղտոտելու վտանգի տակ. վստահեցնում են բնապահպանները: Նոր պոչամբարը պետք է կառուցվի Լոռու մարզի Ճոճկան և Մեծ Այրում համայնքների միջև: Բնապահպանները նշում են, որ այն լինելու է Ախթալայի կոմբինատի գործող Նահատակ պոչամբարի շարունակությունը և էլ ավելի է մեծացնելու մարզում առկա բնապահպանական խնդիրները:

Մեծ Այրում համայնքի ավագանու անդամ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը ասում է, որ ՀՀ Կառավարության հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազման միջգերատեսչական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն նոր պոչամբար կառուցելու համար: «Տարածքային կառավարման և ԱԻՆ նախարարությունը, դա հիմք ընդունելով, առաջարկել է Մեծ Այրում համայնքի ավագանուն փոխել նշված հողերի կարգը՝ գյուղատնտեսականից արդյունաբերականի: Ավագանու նիստին են հայտարարել, որ Ճոճկան և Այրում համայքների մոտ 40 հա տարածքների միջնամասում պետք է կառուցվի այդ նոր պոչամբարը: Մինչ այդ բնակիչները չեն իմացել պոչամբարի կառուցման մասին, հանրային քննարկումներ չեն անցկացվել: Միայն ավագանու նիստին իմ ճնշումներից հետո՝ փետրվարի 12-ին, համայնքում անցկացվեց հանդիպում բնակիչների հետ: Մարդիկ դժգոհ են, որ կա գործող պոչամբար, հիմա էլ նորը պետք է կառուցվի»,- ասում է Դուլգարյանը: Նա հավելում է, որ այժմ գործող Նահատակ պոչամբարը համայնքի բնակիչներին միշտ անհարմարություն է պատճառել:

Նրանք բողոքել են առողջական խնդիրներից, անվտանգության նորմերը չպահպանելու հետևանքով անգամ ընտանի կենդանիներ են ընկել պոչմաբարի մեջ: Նշենք, որ ըստ Ախթալայի կոմբինատի ներկայացուցիչների հրապարակային պարզաբանման՝ նոր պոչամբարը կառուցելուց հետո, հինը, որն ավելի մոտ է գտնվում Մեծ Այրում համայնքին, պետք է փակվի:

 Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանն էլ ասում է, որ գործող պոչամբարը կառուցված է անվտանգության և բնապահպանական բազմաթիվ խախտումներով: «Չի գործում ջրի շրջանառու համակարգը: Բոլոր պոչանքները լցվում են Նահատակ պոչամբարի մեջ, այնուհետեև նույն ընթացքով հոսում են Դեբեդ գետը: Բնականաբար դրանից ներքև գտնվող համայնքները օգտագործում են այդ ջուրը ոռոգման նպատակներով:Այդտեղ երեխաները խաղում են, մարդիկ այդ հողերի վրա աճեցնում են տարբեր գյուղատնտեսական մթերքներ: Եվ ծանր մետաղներից կազմված այդ պոչանքները աղտոտում են ջուրը, որով էլ մարդիկ ոռոգում են իրենց տարածքները»,-ասում է Գալստյանը:

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն էլ հավելում է, որ դեռ 2002-ին Ախթալայի կոմբինատի Նահատակ պոչամբարում կար մոտ 2,5 մլն տոննա պոչանք: «Ուրեմն 12 գյուղ կա, որոնք 2,5-ից մինչև 8 կմ հեռավորության վրա են գտնվում պոչամբարից, որը շատ մոտ տարածք է: Պոչամբարներից հեռավորությունը պետք է լինի 20-30 կմ: Մեծ Այրում գյուղը ընկնելու է օղակի մեջ: Ախթալայի գործող պոչամաբարը ուղիղ գծով 5 կմ հեռավարության վրա է գտնվում համայնքից: Եթե ադյունաբերական թափոնը լցնում են հողի վրա պետք է հարկ վճարեն դրա համար, իսկ այսօր հանքարդյունաբերությունը օրենքով ազատված է այդ հարկերից: Այսօր Հայաստանը դարձրել են հանքերի մի օվկիանոս»,-ասում է Սանասարյանը:

Ախթալայի գործող պոչամբարի համար Ախթալայի կոմբինատը տարեկան Մեծ Այրում համայնքին վճարել է 40 հազար դրամ, ինչը ըստ բնապահպանների, հասցված վասների դիմաց անհամարժեք է:Եթե այդ պոչամբարը կառուցվի, հայտնի չէ, թե որպես փոխհատուցում համայնքը ինչ փոխհատուցում է ստանալու իր առողջպահական և բնապահապանական խնդիրները լուծելու համար, ոչինչ չի ասվում»,-հավելում է Դուլգարյանը:

Հայաստանում այսօր կա 450 շահագործվող հանք, որից 23-ը մետաղական են, իսկ 80-ի շահագործման համար տրված է ուսումնասիրություն անցկացնելու իրավունք: 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *