Ամանորին կվաճառվի «հայկական» կիվի

Արեւադարձային մրգերից ու տարբեր հատապտուղներ, արքայախնձոր, կիվի սովորաբար սպառողը նախընտրում է գնել ներկրածը, քանի որ հայաստանյան շուկան այս առումով ոչ միայն ինքնաբավ չէ, այլ առհասարակ բնակլիմայական պայմանները թույլ չեն տալիս Հայաստանում աճեցնել արեւադարձայն մրգեր։
Սակայն պարզվում է, որ բարձրարժեք այս մշակաբույսի աճեցման համար Հայաստանը, հատկապես Տավուշի մարզը բարերար գոտի է, ուր կարելի է կիվի աճեցնել՝ արտադրության համար նվազագույն պայմաններ ապահովելով։
Տավուշի մարզի Դիտավան համայնքի ղեկավար Հակոբ Սարիբեկյանը «ՀՀ»—ի հետ զրույցում հաստատեց, որ բարձրարժեք մշակաբույսերի առումով իրենց կլիման բարերար է, որտեղ կարելի է տարբեր արեւադարձային մրգեր աճեցնել։ Ի դեպ, նմանօրինակ հաջողության փորձ արդեն ունեն։ Համայնքը տարբեր դրամաշնորհային ծրագրերով աջակցում է գյուղաբնակին նոր մշակաբույսերի աճեցման հարցում, քանի որ վստահ է՝ կիվիի տեղական արտադրանքը եկամտաբեր բիզնես է, կարող է քիչ ռեսուրսներով արտադրանքն ընդլայնել, ընդ որում՝ ստեղծել նաեւ նոր աշխատատեղեր, իսկ շուկան դարձնել մրցունակ՝ տեղականը ներկրվածով փոխարինելով։
Կիվիի արտադրության հիմքը դրվեց դեռեւս տարիներ առաջ։ 2010—ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ մայր այգի հիմնելու ծրագրի արդյունքում շահառու ճանաչվեց Աշոտ Սարիբեկյանը, որն արդեն փորձ ուներ մշակաբույսերի աճեցման ոլորտում։ Սորտը ներմուծվել է Նոր Զելանդիայից։ Սկզբնական շրջանում տնկել են կիվիի մի քանի ծառ, քանի որ վստահ չէին, որ ծառը Հայաստանի կլիմային կհարմարվի։ Սակայն Սարիբեկյանների ընտանիքին հրաշքը երկար սպասեցնել չտվեց։ Աշոտ Սարիբեկյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ այս մշակաբույսը բավական ցրտադիմացկուն է, նույնիսկ գյուղացուն սպառնացող մշտական կարկուտները չեն կարող վնասել աճին։ Այն նաեւ քիչ ծախս ու խնամք պահանջող մշակաբույս է։ Առաջին բերքը հավաքել են 2013թ., այս տարի արդեն ծառի հասունացած ճյուղերը կրկնապատկել են բերքի ծավալները։ Սարիբեկյանների ընտանիքը 150 կգ բերքը հասցրել է հավաքել ու պահեստավորել։ Շուրջ 1 ամսից տեղական շուկայում կիրացվի նաեւ հայկական կիվի։ Արտահանման մասին դեռ չեն մտածում, քանի որ ծավալները այնքան չեն, որ տեղական շուկայում ինքնաբավ լինեն։ Մոտ 7 տարի հետո հնարավոր կլինի արդեն կիվիի ողջ բերքը հավաքել, քանի որ տարեցտարի այդ ընդլայնվում է, ավելի շատ բերք տալիս։
Ինչ վերաբերում է տեղական շուկայում կիվիի սպառման գներին, ապա այն միանշանակ կլինի մատչելի ներկրվածի համեմատ։ 1 կգ—ն կվաճառվի 700—800 դրամով, մեկ հատը 80—100 դրամի սահմաններում։
Սարիբեկյանն ասում է, որ տեղական արտադրանքն ունի մի քանի առավելություն, նախ շատ համեղ է, մատչելի ու ամենակարեւորը՝ թարմ։ Իսկ ներկրված կիվին կամ բանանը, նրա խոսքով, սովորաբար քաղում են ամբողջովին խակ, որը մինչ վաճառքը հասունանում է ոչ բարենպաստ պայմաններում։ Իսկ իրենք կիվին քաղելու, պահպանելու բոլոր տեխնոլոգիաները հստակ գիտեն։
Ծրագրի շրջանակում այգում տնկվել են նաեւ մանգո, ինչպես նաեւ արքայանարնջի եւ թզի՝ տարածաշրջանի համար նոր տեսակներ, գերմանական ու ճապոնական զկեռներ, կեռաս, հնդկական նուռ եւ այլն, թեպետ այս մրգերի առումով առատ բերքահավաք չի եղել։ Այն, որ կիվին ինքնին հեշտ է աճեցնել, ցրտադիմացկուն է եւ խնամք չի պահանջում, մեծացնում է այն բիզնեսի վերածելու գաղափարը։
Կիվին աճեցնելու համար նույնիսկ պարարտանյութ հարկավոր չէ, կարկուտից էլ պաշտպանել են խոշոր տերեւները։ Ըստ Ա. Սարիբեկյանի, հայկականը ներկրվածից ավելի քաղցր ու հյութալի է։
Ծրագրի հենց սկզբից 25 ծառ է տնկվել։ Այս տարի երբ բերքն իրացնեն, նոր միայն պարզ կդառնա բիզնեսի եկամտաբերությունը։ Նպատակ ունեն այգիները շատացնել, կիվիի նոր սորտեր տնկել, մի խոսքով՝ կիվին մրցունակ ու պահանջված դարձնել հայ սպառողի շրջանում։ Բացի այդ, այգում նաեւ կիվիի տնկիներ են աճեցնում ու վաճառում, որովհետեւ պահանջարկ արդեն կա։ Մի քանի տասնյակ տնկի են մայրաքաղաք տարել։
Հայաստանի տարածքում կիվի աճում է Տավուշի մարզի Արճիս համայնքում, Նոյեմբերյանում, բերք է տալիս նաեւ Արցախում։
Որպես մշակաբույս այն ներմուծվել է 20—րդ դարի սկզբին։ Էկզոտիկ մրգերի արտահանման ծավալով կիվին զբաղեցնում է 2—րդ տեղը՝ արքայախնձորից հետո։ Մեծ քանակությամբ արտահանվել է 1931թ. տնտեսական ճգնաժամի ժամանակահատվածում։
Արտահանողները կիվին անվանում էին «առողջության պտուղ», քանի որ ըստ որոշ հիմնավորումների՝ կիվիի 100 գրամ պտղամսի մեջ մոտ 75 մգ ասկորբինաթթու է պարունակվում, որն ավելի շատ է, քան նարնջի մեջ (65 մգ), անանասի մեջ (40 մգ), կիտրոնի մեջ (30 մգ), սակայն մոտ 5 անգամ զիջում է սեւ հաղարջին։ Հայտնի է, որ վիտամին C—ն ամրացնում է դիմադրողական համակարգը, թեթեւացնում է սթրեսային վիճակը, լավացնում է ախորժակը, կանխում է արյունահոսությունը։
Կիվին նաեւ մեծ քանակությամբ մագնիում է պարունակում, որը վիտամին C—ի հետ միասին օգտակար է սրտի աշխատանքին։ Ըստ սրտաբանների՝ ասպիրինը կարելի է փոխարինել կիվիով (օրական ուտելով 2—3 պտուղ)։
Այն իրավամբ համարվում է վիտամինային ռումբ, քանի որ պարունակում է մրգերի եւ բանջարեղենի համար ռեկորդային քանակության վիտամիններ։

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *