ԿԱՐԵՎՈՐ
Search
main20151226_14

Ամանորի օրերին ճանապարհային ոստիկանությունը խիստ է լինելու.

Առջեւում Ամանորն է՝ տարվա ընթացքում ամենաերկար նշվող տոնը, որի ընթացքում, որպես կանոն, կտրուկ մեծանում է ալկոհոլի գործածմամբ ավտոմեքենա վարելու դեպքերի թիվը, հետեւաբար եւ շատանում ծանրագույն հետեւանքները։

ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը հերթական անգամ հավաստիացրեց, որ այդ արատավոր երեւույթի դեմ իրենց ծառայությունը եղել եւ լինելու է անհանդուրժող։ Ճիշտ է, հանդիպման նպատակը Ամանորի օրերին կատարվելիք աշխատանքի մասին խոսելն էր, սակայն ներկայացրեց նաեւ անցնող տարվա տասնմեկ ամիսների ընթացքում կատարված աշխատանքը եւ հանրապետությունում ճանապարհատրանսպորտային վթարայնության վիճակը։

«Տարվա հենց սկզբից ճանապարհային ոստիկանության առջեւ խնդիր էր դրվել հատուկ աշխատանք կատարել ճանապարհային երթեւեկության կանոնների այնպիսի խախտումների հայտնաբերման ուղղությամբ, ինչպիսիք են ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելը, փոխարինված, կեղծված, գողացված համարանիշներով տրանսպորտային միջոցներով երթեւեկելը եւ հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների հայտնաբերումը»,-ասաց նա։ Ճանապարհապարեկային ծառայության ուժերով հայտնաբերվել է ՃԵԿ-ի խախտման 398560 դեպք, որոնցից 5941-ը տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու վերաբերյալ են, 246-ը՝ կեղծված կամ փոխարինված համարանիշներով երթեւեկելու, 389-ը՝ հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների։

Նախորդ տարվա համեմատ ընդհանուր խախտումների թիվն ավելացել է 50205-ով (խոսքը միայն ՃՊԾ տեսուչների կողմից կազմված արձանագրությունների մասին է), 2882-ով աճել են անսթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու դեպքերը։ Բանախոսի տեղեկացմամբ, 2014 թվականի համեմատ գրեթե կրկնակի աճել է անսթափ վիճակում վարողների թիվը։ Փոխարինված կամ կեղծված համարանիշներով ավտոմեքենաներով երթեւեկողների հայտնաբերումն ավելացել է 43-ով։ Հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների հայտնաբերումն ավելացել է 312-ով կամ հինգ անգամ ավելի, քան 2014 թվականին է եղել. «Այս վերջին ցուցանիշը կապված է հիմնականում այն փաստի հետ, որ 2015թ. ձեռք ենք բերել հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման հատուկ սարքավորումներ, որոնք տեղադրվել են նաեւ ՃՈ անշարժ պահակետերում»։

Ըստ Նորիկ Սարգսյանի, անցած տասնմեկ ամիսների ընթացքում հաշվառման է վերցվել 3104 տրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 308 եւ մարմնական վնասվածքներ ստացել 4304 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ պատահարների թիվն ավելացել է 207–ով, զոհերի թիվը՝ 90—ով, վիրավորների թիվը՝ 184—ով։

«Ունենք պատահարների քանակի եւ դրանց հետեւանքով տուժած մարդկանց թվի աճ։ Սակայն տարվա ընթացքում նվազել է 2011 թվականից սկսված ՃՏՊ–ների քանակի եւ դրանց հետեւանքով տուժած մարդկանց թվի աճի տոկոսը։ Եթե մինչեւ 2014թ. դրությամբ այդ թիվը կազմել է 12,5 տոկոս, ապա այս տարի կազմում է 7,1 տոկոս։ Կարողացել ենք մեղմել աճի տոկոսը,–նշեց Նորիկ Սարգսյանը՝ փորձելով ավելի հասկանալի դարձնել ասածը.–2011 թվականից ԱՊՊԱ համակարգի ներդրումից հետո հանրապետությունում նկատվեց ՃՏՊ–ների շեշտակի աճ (երբ բոլոր պատահարները գրանցվեցին, եւ ոչ մի պատահար հաշվառումից դուրս չմնաց)։ Ամեն տարի մենք ունեցել ենք մինչեւ 12,5 տոկոս աճ։ Կոնկրետ 2014–ին 2011–ի համեմատությամբ ունեցել ենք 11,5 տոկոս։ Բայց այս տարի արդեն նվազման տոկոսը զգալի է՝ 7,1 տոկոս։ Այսինքն՝ կարող ենք ասել, որ ՀՀ–ում վթարայնության վիճակն ընդհանուր առմամբ կայուն է»։ ՃՊԾ պետի տեղեկացմամբ, 2011—2015թթ. ՀՀ է ներկրվել ավելի քան 150 հազար միավոր փոխադրամիջոց՝ ժամանակակից արագընթաց։

«Այս համալրումը չէր կարող չանդրադառնալ ՃՏՊ–ների քանակի բացարձակ աճի վրա։ Այդ աճը բացատրում ենք միայն ու միայն տրանսպորտային միջոցների աճով»,–ասաց նա։ Անդրադառնալով Ամանորի օրերին ՃՈ–ի կատարելիք անելիքներին՝ Նորիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 22—ից ճանապարհային ոստիկանությունն անցել է ուժեղացված տարբերակով ծառայության։ ՃՈ բոլոր ուժերը, հատկապես մայրաքաղաքում, կենտրոնացվել են շուկաների եւ առեւտրի մյուս կենտրոններին հարակից փողոցներում, որպեսզի կարգավորեն խաչմերուկներում երթեւեկությունը։ Միջոցառումը կշարունակվի տոնական օրերին։ «Արվելու է ամեն ինչ մեր քաղաքացիների տոնական տրամադրությունը տրանսպորտային խցանումներով եւ պատահարներով չփչացնելու համար»,–ասաց բաժնի պետը՝ նշելով, որ ուժեղացված ծառայության ընթացքում «ներողամտություն չի դրսեւորվելու ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների նկատմամբ։ Կարգախախտը հեռացվելու է ղեկից… Մեքենան տեղափոխվելու է ՃՈ հատուկ պահպանվող տարածք»։

ՃՈ պաշտոնյայի «ներողամտություն չի դրսեւորվելու» արտահայտությունն ըստ էության այն տրամաբանության մասին է, որ Ամանորի օրերին կարելի է նաեւ ալկոհոլ գործածած վիճակում նստել ղեկին, ոստիկանությունն այդ օրերին «թեթեւ է նայում» այդ երեւույթին։ Երբ անսթափ վիճակում վարելը մարդկային կյանքեր է արժենալու, ներողամտությունը հանցակցություն է։ «Ավելի լավ է՝ տոնական օրը խաթարվի ՃՈ–ի կազմած արձանագրությունով, քան թե ավարտվի ՃՏ պատահարով։ Կոչ եմ անում բոլոր վարորդներին՝ ղեկին գտնվել միայն սթափ վիճակում… Բոլորս պիտի գիտակցենք, որ մեր թույլ տված խախտումը հնարավոր է, որ չարիք դառնա երթեւեկության մյուս մասնակիցների համար»,–ասաց Նորիկ Սարգսյանը։

ՀՀ ոստիկանության տարածած հայտարարության մեջ վարորդներին կոչ է արվում՝ տոն օրերին գիտակցաբար վերաբերվել ՃԵԿ–ի կանոններին, չմոռանալ, որ գրված օրենքներից բացի, կան նաեւ չգրված օրենքներ՝ համակեցության կանոններ, որոնք պահպանելը բոլորիս բարոյական պարտականությունն է։

Ոստիկանությունը կոչ է անում. պահպանել տոնի լուսավոր խորհուրդը…

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *