Ամենակարևորը հաշվեկշիռը պահելն է

Երբեմն կարող է որևէ դիպվածի շնորհիվ մարդու կյանքն ընթանալ մի ճանապարհով, որի մասին չի էլ երազել: Եթե Աննա Չիտչյանը մի օր չորոշեր մասնակցել Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի կազմակերպած դասընթացներին, գուցե նրա մասնագիտական ուղին մի փոքր այլ լիներ: Ասոցիացիայի տնօրենի հետ կարճ զրույցից հետո Աննան անսպասելի առաջարկ ստացավ՝ աշխատանքի անցնել իրենց մոտ: Երրորդ կուրսի ուսանողուհու համար այդ առաջարկը կարող էր որոշել նրա ողջ կյանքի ուղին: Իր կրթությունը թեև առնչվում էր հաշվապահության հետ, սակայն ոչ անմիջականորեն. Աննան մենեջմենթ էր սովորում Ռուս-Հայական սլավոնական համալսարանում:

Բայց ընտանիքում գրեթե բոլորն այդ ոլորտում են աշխատում, տնտեսագետ են կամ աուդիտոր: «Մեկ տարի աշխատելուց հետո տնօրենը խորհուրդ տվեց որակավորման ծրագիր սովորել, ինչի համար ես նրան շատ շնորհակալ եմ,- պատմում է Աննան:-Որակավորվելուց հետո հասկացա, որ լավհաշվապահ լինելու համար միայն հաշվապահությունը քիչ է, պետք է նաև լավֆինանսիստ լինել, լավ մենեջեր, լավ տնտեսագետ: Նաև հասկացա, որ հաշվապահությունը հենց այն է, ինչով ես ցանկանում եմ զբաղվել թերևս ողջ կյանքում: Այն իմ արյան մեջ է»:

Գուցե հենց արյան մղումով էլ Աննա Չիտչյանը 2011 թվականին որոշեց ստեղծել «Պլյուս-մինուս» հաշվապահական կենտրոնը, որը ութ տարվա գործունեության արդյունքում ճանաչում է ձեռք բերել իր բանիմաց ու բարեխիղճ աշխատողների շնորհիվ: Ինքը՝ Աննան, ունի Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի և առանձին աուդիտորի որակավորում, Կենտրոնական բանկի գլխավոր հաշվապահի ներքին աուդիտորի որակավորում, Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի լիիրավ անդամ է: Ասել է թե՝ կայացման լուրջ ճանապարհ է անցել: Սակայն թիմում նա միակը չէ, որ հնարավորինս փորձում է բարձրացնել որակավորումը. բոլորն էլ պարբերաբար վերապատրաստման դասընթացների են մասնակցում, որովհետև ոլորտում նորություններն ու փոփոխությունները երբեք չեն դադարում:

Կենտրոնն առաջարկում է հաշվապահական հաշվառման, հարկային հաշվետվությունների կազմման, բիզնես ծրագրերի մշակման, հարկային խորհրդատվության, հաշվապահական ծրագրային ապահովման, հաշվապահական հաշվառման ամբողջ ծավալով խորհրդատվություն, ինչպես նաև աշխատանքային օրենսգրքի հիման վրա աշխատանքային պայմանագրերի և այլ ակտերի կազմում, մշակում, ներկայացում,այսինքն՝ ոլորտում հնարավոր բոլոր ծառայությունները:

«Կենտրոնի հաջողության գրավականը համարում եմ այն, որ այստեղ աշխատում են այնպիսի մարդիկ, որոնք նման են մտածում, ունեն նույն հայացքները, խնդիրների լուծման նույն ճանապարհն են ընտրում: Բացի այդ՝ հաջողություն են ապահովում նաև համբերատարությունը, կայուն գիտելիքները, հմտությունները, մարդկանց հետ շփվելու ունակությունը, իսկ ամենակարևորը՝ և՛ աշխատանքում, և՛ կյանքում հաշվեկշիռը՝ բալանսը, պահել կարողանալը»,- անկեղծանում է «Պլյուս-մինուսի» տնօրենը:

Այն հանգամանքը, որ դաշտում բավական մեծ թվով մասնագետներ և հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերություններ կան, Աննա Չիտչյանին ոչ միայն չի անհանգստացնում, այլ, ընդհակառակը, ոգևորում է: Նրանց վերաբերում է ոչ թե որպես մրցակիցների, այլ որպես գործընկերների:Ի վերջո, գոյություն ունեն պրոֆեսիոնալ հաշվապահի էթիկայի վարքականոններ, որոնք պետք է պահպանել: Իսկ թե հաճախորդ

ը իրենցից որին կնախընտրի, դա էլ պայմանավորված է ոչ միայն ծառայությունների մատուցման որակով, այլև հաճախորդի հանդեպ վերաբերմունքով: Ի վերջո, հաճախորդն է որոշում, թե ինչպիսի մասնագետ ես դու: Իսկ նրանց գրավելու համար «Պլյուս-մինուսը» գովազդային արշավների կարիք չի ունենում: Գործատուներն իրենք են գտնում իրենց, և միայն փոխադարձ համաձայնության գալու դեպքում է ստացվում համատեղ աշխատանքը:

Այսօր Աննա Չիտչյանը՝ արդեն իսկ կայացած հաշվապահական կենտրոնի տնօրենը, ցանկանում է իր կենտրոնի միջոցով ճանապարհ հարթել սկսնակ հաշվապահների համար: «Գործատուն աշխատանքի ընդունվելու համար աշխատանքային փորձ ունեցող մասնագետներ է ուզում: Ես փորձում եմ մարդկանց այլ տեսնակյունից գնահատել: Ինձ համար ավելի կարևոր է, թե հաշվապահի աշխատանք ընտրած երիտասարդը արդյոք բավարար չափով սիրո՞ւմ է իր մասնագիտությունը, որ կարողանա ամբողջովին նվիրվել նրան՝երբեմն գիշերները չքնել, իրեն զրկել շատ հաճույքներից:

Ահա թե ինչու ես ցանկանում եմ ստեղծել հաշվապահի դպրոց, որտեղ սկսնակները ոչ միայն հաշվապահության նրբություններին կարող են տիրապետել, այլև հասկանալ, թե ինչի պետք է պատրաստ լինեն այդ աշխատանքը ստանձնելիս: Ես համոզված եմ, որ տաշած քարը գետնին չի մնա»:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *