IMG_2225

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ քննարկվել են սիրիահայերի, իրաքահայերի, ուկրաինահայերի հիմնախնդիրների լուծման ուղիները

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Շնորհավորելով ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ ներկայումս բարձր մակարդակի վրա գտնվող հայ-ամերիկյան հարաբերությունները նրա պաշտոնավարման ժամանակ ավելի կզարգանան: Նախարարը կարևորեց նաև հայ-ամերիկյան տնտեսական կապերի ակտիվացումը, ողջունեց դեսպան Միլսի որդեգրած՝ Հայաստանում ամերիկյան ներդրումները խրախուսելու քաղաքականությունը:

Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց ամերիկահայ համայնքի դերը հայ-ամերիկյան առևտրատնտեսական կապերի աշխուժացման գործում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Ռիչարդ Միլսը կարևորեց տնտեսական հարաբերությունների զարգացումը և համագործակցության հետագա խորացումը և այդ գործընթացում ԱՄՆ հայկական համայնքի ներուժի արդյունավետ օգտագործումը: Դեսպանի խնդրանքով նախարարը հանգամանորեն ներկայացրեց գերատեսչության գործունեությունը, գործառույթները, ամենամյա ծրագրերը, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման միտումները, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հրապարակած համահայկական հռչակագրի քաղաքական, ազգային, բարոյական ասպեկտները:

Նախարարը շեշտեց, որ ակնկալվում է ԱՄՆ-ից բարձր մակարդակի պատվիրակության ժամանում՝ «Մարդկությունն ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին մասնակցելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առանցքային միջոցառումներին ներկա լինելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանում ապաստան գտած սիրիահայերի, իրաքահայերի, ուկրաինահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ իշխանությունների իրականացրած ծրագրերը:

Մասնավորապես անդրադարձ կատարվեց կրթական, առողջապահական, գործարարության ոլորտներում ՀՀ իրավական ակտերում իրականացված փոփոխություններին, ինչպես նաև՝ աշխատանքով և կացարաններով ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքներին:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *