«Այլևս չեմ պայքարում հայ մնալու համար». արգենտինահայ հայրենադարձ Արի Հաճյան

Արի Հաճյանը Հայաստան է տեղափոխվել 2010 թվականին՝ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսից:

Մասնագիտությամբ ճարտարապետ է, աշխատում է «Զվարթնոց» օդանավակայանում: Շատ է սիրում Հայաստանը, իրեն շրջապատող մարդկանց, աշխատանքը:

«Հայերն այսօր»-ի հետ զրույցում Արին ասաց, որ հայրենադարձության ամենամեծ նվաճումներից է համարում ընտանիք կազմելն ու երկվորյակ տղաների ծնունդը, որոնց ապագան տեսնում է իր երազած Հայաստանում:

Որպես սկիզբ

– Հայրական կողմս Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգի Քիլիս գյուղից են եղել: Հայրիկիս պապիկը սպանվել է Համիդյան ջարդերի ժամանակ(1894-1896թթ):

Մայրական կողմից Մարաշից ենք: Տատիկս Հայոց ցեղասպանությունը վերապրողներից է եղել, նրա մայրը և քույրերը սպանվել են:

Ծնողներս Հալեպում են ծնվել: Հայրս լրագրող և հայերենի ուսուցիչ էր և 1979 թվականին նրան Արգենտինա են հրավիրել՝ Բուենոս Այրեսի հայկական դպրոցը տնօրինելու, հայերեն դասավանդելու և «Արմենիա» թերթի խմբագիրը դառնալու: Նրանք եղբորս ու քրոջս հետ տեղափոխվել են Արգենտինա, իսկ ես և մյուս երեք երեխաները ծնվել ենք Բուենոս Այրեսում (երեք եղբայր, երեք քույր են):

Կարոտում եմ արգենտինյան գարունը…

– Ամենահեռավոր համայնքներից մեկը լինելով, որտեղ չորրորդ սերնդի հայեր են ապրում, հայապահպանությունն առաջնային հարց է, այնտեղ ապրող հայերը հայկական ոգին պահպանում են: Եթե նույնիսկ հայերեն չեն խոսում, իսպաներեն հպարտորեն ասում են՝ հայ են, այլ ոչ թե արգենտինահայ:

Հայկական միջավայրում եմ մեծացել, սերտ կապի մեջ եմ եղել համայնքի հետ, հաճախել եմ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական դպրոց, «Մասիս» պարախումբ և Հայ մարմնակրթական ընդհանուր միություն (ՀՄԸՄ): Ընտանիքս ինձ հայեցի կրթություն և դաստիարակություն է տվել և միշտ հորդորել չմոռանալ հայ լինելու մասին:

Միայն համալսարանում սովորելու տարիներին շփվեցի օտարազգի մարդկանց հետ, սակայն այդ հանգամանքը, բնավ, չխանգարեց, որ հեռանամ իմ արմատներից:

Արգենտինան, իհարկե, իմ ծննդավայրն է. այնտեղ եմ կայացել, բարձրագույն կրթություն ստացել, հիմա շատ եմ կարոտում Բուենոս Այրեսում անցկացրած օրերս, հարազատներիս ու ընկերներիս, հատկապես կարոտում եմ արգենտինյան գարունը:

Հայրենիքս աղքատության մեջ տեսնելով՝ հուսահատվեցի…

– Հայրենիք տեղափոխվելու մասին երազել եմ դեռևս տասներկու տարեկանից. Հայաստանում սովորող ինձ հասակակից աշակերտի մի նամակ էի գրել՝ տեղեկացնելով նրան, որ ցանկանում եմ Հայաստան վերադառնալ և ՀՀ նախագահ դառնալ:

Առաջին անգամ 1995 թվականին եկա. Բուենոս Այրեսում դպրոցն ավարտելուց հետո հատուկ ծրագրով աշակերտներին Հայաստան ճանաչողական այցելության էին բերում: Սև ու մութ տարիներն էին, երբ դեռ պատերազմի արհավիրքը մոլեգնում էր երկրում: Դպրոցում մեզ միշտ երազային Հայաստանի մասին էին պատմում, որտեղ ամեն ինչ կատարյալ էր: Բայց հայրենիքս աղքատության մեջ, իսկ ժողովրդին տխուր աչքերով տեսնելով՝ հոգեպես շատ ճնշվեցի և հուսահատվեցի: Տասնհինգ օր մնալուց և մարդկանց ջերմ վերաբերմունքը տեսնելուց հետո, հուսահատությունս փարատվեց: Հասկացա, որ ճակատագիրն ինձ մի օր Հայաստան է բերելու:

Այդպես, 2010 թվականին միայնակ Հայաստան եկա:

Հայրիկիս չիրականացված երազանքը ես կատարեցի…

– Ծնողներս չընդդիմացան որոշմանս դեմ: Միայն մայրս էր փոքր-ինչ տարակուսում, հորդորում էր միջավայրին հարմարվելուց հետո միայն հայրենադարձվել: Իսկ հայրս շատ ուրախ էր. իր չիրականացված երազանքը ես կատարեցի. նա չէր ընտելանում օտար երկրում ապրելուն: Մեծ հայրենադարձության տարիներին նա դիմել էր Հայաստան գալու համար, սակայն չէր ստացվել:

Հայաստանն իր զավակներին գիրկն առնող մի մեծ ընտանիք է…

– Հայաստանում մտածելակերպի և մշակութային տարբերության խնդրին բախվեցի, սովորույթներ կային, որոնք անծանոթ էին ինձ և հակառակը. մարդիկ սանրվածքիս կամ պատռված ջինս հագնելուն «խորթ» աչքով էին նայում: Սկզբում նյարդայնանում էի, բայց ժամանակի ընթացքում ընտելացա:

Սակայն առաջին օրից ինձ հարազատ միջավայրում եմ զգացել. կարծես իմ տանը գտնվեի: Մարդիկ գրկաբաց են ընդունել ինձ և անհրաժեշտության դեպքում՝ օգնության ձեռք մեկնել:

Միշտ ասում եմ, որ Հայաստանն իր զավակներին գիրկն առնող մի մեծ ընտանիք է: Իսկ հայերը խելացի, տաղանդավոր և աշխատասեր մարդիկ են: Երբ փոքր էի, մտածում էի, որ Հիսուս Քրիստոսը հայ է, քանի որ նա ինձ համար հայ ժողովրդի պես անչափ բարի էր թվում: (ծիծաղում է-հեղ.)

Նախընտրում եմ հանգիստս Հայաստանում անցկացնել…

– Երևանում փոփոխություններն ակներև են. քաղաքը եվրոպական շունչ է ստացել՝ չկորցնելով հայկական դիմագիծը: Մեր մայրաքաղաքը Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում է գտնվում, որն ինձ դուր է գալիս:

Կիսում եմ Ալեքսանդր Թամանյանի քաղաքաշինական գաղափարները: Բայց հիմա երբ փորձում են նորարարական տեխնոլոգիաներով 1930-ականների կամ թամանյանական շունչն ընդօրինակել՝ ինձ համար անընդունելի է:

Իմ ամենասիրելի շենքերից է «Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոնը. այն հոյակապ ճարտարապետական նմուշ է, հոգեհարազատ է նաև Սիրահարների այգու շրջակայքը, որտեղ նաև մեր բնակարանն է գտնվում: Մինչև երեխաների ծնվելը կնոջս հետ ամեն շաբաթ շրջում էինք Հայաստանի գյուղերով, բացահայտում նոր տեսարժան, պատմամշակութային վայրեր: Նախընտրում եմ հանգիստս Հայաստանում անցկացնել, քան օտար երկրներ գնալ: Առհասարակ, համոզված եմ, որ Հայաստանը կարելի է զարգացնել զբոսաշրջությունը խթանելու միջոցով:

Մեր հանդիպումներն ամուսնությամբ ավարտվեցին…

–Մինչ հայրենադարձվելս 2007 թվականին եկել էի Հայաստան և ծանոթացել ապագա կնոջս՝ իրանահայ Նաիրիին: Արգենտինա վերադառնալուց հետո նրա հետ ստեղծած հարաբերությունները համացանցային շփումներով պահպանեցի:

2010 թվականին՝ Հայրենիք վերադառնալու առաջին օրը, ճակատագրի բերումով, նրան փողոցում տեսա, որից հետո շարունակեցինք հանդիպումները, որն ավարտվեց երջանիկ ամուսնությամբ: Հիմա երկվորյակ տղաներ ունենք: Ուրախ եմ և հպարտ, որ երեխաներս Հայաստանի լիիրավ քաղաքացիներ են:

Ես նույնպես հույսս Թավշյա հեղափոխության վրա եմ դրել…

-Երբ սփյուռքում ես ապրում, հեռվից Հայաստանի ներքին կյանքը քեզ լավ է թվում, ամեն ինչին նայում ես վարդագույն ակնոցներով:

Հայրենադարձվելուց հետո իրականության մեջ տեսնելով քաղաքական իրավիճակը, քննադատողներից մեկը դարձա ոչ թե Կառավարության, այլև՝ որոշակի գործիչների:

Ես նույնպես, բոլոր մարդկանց պես, հույսս դրել եմ Թավշյա հեղափոխության վրա, որքան հասցրել եմ՝ մասնակցել եմ ցույցերին, կանգնել հայրենակիցներիս կողքին: Մեծ սպասումներ ունեմ, որ հայ ժողովուրդը վերջապես ապրելու է իր երազած Հայաստանում:

Ամենակարևորն ինքնությանս վերադարձա…

-Ի՞նչ տվեց ինձ հայրենադարձությունը. հաճախ այս հարցի շուրջ խորհելիս՝ հասկանում եմ, որ հայրենադարձության շնորհիվ ինքս ինձ գտա և որն ամենակարևորն է, ինքնությանս վերադարձա: Այլևս չեմ պայքարում հայերեն խոսելու և հայ մնալու համար, ինչպես՝ Արգենտինայում ապրելու տարիներին: Այդ մեծ ծանրությունը ուսերիցս թոթափեցի և առաջ ընթացա՝ կառուցելով կյանքս:

-Շատ եմ ուզում՝ հայրենադարձության մեծ ալիք լինի…

-Ամենաբաղձալի երազանքս այն է, որ Հայաստանում և Արցախում պատերազմական իրավիճակի տագնապը վերանա, Արցախյան հիմնախնդրին խաղաղ կարգավորում տրվի, իսկ մեր զինվոր տղաներն էլ անփորձանք ծառայեն և իրենց ընտանիքներ վերադառնան:

Շատ եմ ուզում՝ հայրենադարձության մեծ ալիք լինի, արտագաղթը վերանա, որպեսզի բոլոր հայերն իրենց հողի վրա մնան և առկա ներուժը կենտրոնացնեն Հայաստանի զարգացման համար: Վստահ եմ՝ ազգային համախմբվածության շնորհիվ միայն կկարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած մարտահրավերները:

Թավշյա հեղափոխությունն ապացուցեց, որ, ցանկության դեպքում, մեր կյանքում կարող ենք շատ բան փոխել:

Անդրադարձը՝ Գևորգ Չիչյանի

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *