ԿԱՐԵՎՈՐ
Search
IMG_6241-1 (1)

Այսօր Արևմտյան Հայաստանում ապրում է թուրքացրած հայ երեխաների ստեղծած բոլորովին նոր ազգություն

Ինչու, երբ լսում ես ազգագրական ու ժողովրդական երգերը, նվագարանները, պարն ես դիտում կամ ինքդ էլ մխրճվում այդ տարերքի մեջ` բոցավառվում ես ներսից հորդացող զգացմունքային կրակով: Ազդագիրը ժողովրդական պարի հրավեր է անում: Միտք է գալիս. «ՙԳնամ, պարը նայեմ և լուր տամ նախնիներիս, որ իրենք անընդհատ կան»: Պարելիս առավել, բայց նաև դիտելիս` շղթայի որևէ կետը հանկարծ շիկանում է և դառնում անսահմանությունից արթնացող երջանկության զգացում:

Այդ կետերում երևի հոգևոր կոդն է, շղթայի ամրության անքակտելի մասնիկը: Մեր նախասկիզբ արյունակից հարազատներն են միշտ այնտեղ ներկա: Հայերը հին ազգ են…Գուցե ծերացել են, կամ` հոգնե՞լ: Ես հի՞ն եմ…Ուրեմն` պիտի նորից ծնվեմ: Հիմա ես ինքս պիտի լինեմ իմ հաջորդ ծնողը: Ինքս պիտի լինեմ յուրաքանչյուր օր ինձ կրկին կյանքի կոչողը: Չպիտի հնանաս, ամեն օր նորածին եղիր` ամենահեշտ ուղին հավերժական երիտասարդության: Քեզ վերստեղծիր ինքդ:

Երբեմն ամենաճիշտ լուծումը ուղիղ հակառակն է այն ճանապարհի, որն ընտրվել է որպես առավել նպատակահարմար: Օրինակ, բոլորն իրենց կոտորելով դուրս են մխրճվում` գնան օտար երկրներ, տեսնեն, սովորեն, վերադառնան, ձեռք բերած գիտելիքները շատ սիրելի հայրենիքին տան… Դուրսը ծուղակ է, դուրսը սոսնձապատ ինքնամեծար, բայց հոգնած իրականություն է: Դուրսը դեպի ապագա է գնում, սակայն շարունակ սպառվելով: Քեզ վերցնում է իր գիրկն ու քեզնով ջահելանալ, դեպի մարդկության զուլալ սկիզբը վերադառնալ է ուզում: Չպիտի գնալ ոչ մեկ ուրիշ տեղ:

Հենց այդպես, պիտի ազգովի որոշել ու ոչ մի տեղ չգնալ: Միասին քայլ առ քայլ լուծել խնդիրները, գոհանալ այն ամենով, ինչ սեփական երկրում ձեռք ես բերում: Դուրսը որ ճանապարհով ուզում է թող գնա, դու քո տանը խելքդ ու շնորհդ գործի լծիր: Ամեն ինչ անել հանգիստ, ծրագրավորել յուրաքանչյուր հաջորդ օրվա անելիքը: Աչքը դրսից կտրել: Ներս բերել: Աչքը դուրս մարդը իր տանը նվիրվել չի կարող: Մեր պարտությունների գլխավոր պատճառը մեր այն հպարտությունն է, թե տեսեք, տեսեք` մենք ոչ մի երկրի նկատմամբ նվաճող չենք եղել, մենք միայն պաշտպանվել ենք, բարի ենք եղել անգամ պատերազմներում: Երբ դու քո ամրոցը պիտի ապահով պահես, ու հարևան ամրոցից վրա են տալիս տոհմդ ոչնչացնելու մոլուցքով, ինչո՞ւ ինքդ չպիտի նախահարձակը լինես ինչ որ մի օր:

Մի եղիր նրա նման վայրենի, բայց եղիր ավելի քաջ, քան նա է: Հարձակվիր, խելքը գլուխը հավաքել տուր, սսկվեցրու, որպեսզի անառիկ ու աննվաճ պահես տունդ, ամրոցդ: Պետք է սովորել նվաճող լինել: Նվաճողը և ավերողը, ոչնչացնողը, մարդասպան վայրենին նույնը չեն երբեք: Տունը պաշտպանող նվաճողը կարող է աշխարհը փրկել մարդակեր այդպիսիններից: Իրականում, հայությունից գողացված երեխաները թուրքերի համար ժառանգներ են ծնել, դաստիարակել, մեծացրել, իրենց անուն-ազ•անունը մոռացել վախի ու մահվան սարսափից, բայց ապրելու բնազդի և մեծահոգաբար` ապրելու իրավունք ստանալու շնորհիվ սկիզբ են դրել մի նոր ազգության:

Այսօր Արևմտյան Հայաստանում ապրում է թուրքացրած հայ երեխաների ստեղծած բոլորովին նոր ազգություն: Նա պիտի ինքնագիտակցման հայտնությունն ունենա, փակ կողպեքները ջարդի ու սուզվի իր էության ու ճակատագրի խորքերը, հասկանա, թե չնահատակվելու բախտը նրան մի այլ առաքելությամբ է օժտել: Մահվան սպառնալիքի բռնությամբ է եղել նրա ծնունդը: Արյան հիշողության շերտերում չի՞ դաջվել թշնամու դաժանությունը, որից վրեժխնդիր պիտի լինել` վերածնելով այն չծնվածներին, ովքեր մնացին ջարդի անապատներին ընկած չփրկված հայ երեխաների ծիլ չտված գենում: Նա իր պատմական հայրենիքում նվաստ ու վախեցած վիճակից պիտի դուրս պրծնի ու կենդանի մնալը, շարունակվելը իմաստալից դարձնի, արյան ու մտածողության տարբերությունները ի մի բերելու տքնաջան աշխատանք անի:

Հայրենիքը վերադարձնել կարող են հայրենիքում լլկված, բռնությամբ` տիրոջից նվաճող դարձած այս անմեղ ինքնուրացները ու վերին դատաստանի արժանի մարդկային բոլոր իրավունքներից զրկողից հանգիստ հետ վերցնեն իրենց երկիրը, դառնան հայրենիքի զավակները: Մի քիչ ուրիշ հայեր են նրանք, բայց արյունը միավորելով հայի արյանը` դարերի մեջ կարող են վերադարձի փորձ անել: Տղամարդիկ պիտի գան և Հայաստանում ծնված, մեծացած աղջիկ առնեն կնության: Պիտի գումարվեն, արյան կանչի զարթոնքին օգնական լինեն:

Նրանք մի քիչ ուրիշ են դարձել, բայց մերն են: Նրանք ուրիշի համար են ծնվել, բայց նրանց ծնած կանայք մի թաքուն անկյունում նրանց մեջ մեզ ու իրենց համար տեղ- օազիս են կառուցել: Մահվան շեմին, վերջին շնչում անգամ արված հայ լինելու խոստովանանքը թոռներին ոտքի է կանգնեցնում, դեպի ինքնության ճամփան հրում: Նրանց կողքին պիտի լինել: Ու նրանք կվերադարձնեն տիրոջ ոչ միայն Իրավունքը, այլև Պարտականությունը, որի կարոտով ապրում է կորուսյալ հայրենիքի երկինք, գետին, հող, ջուր, սար, ձոր` բնիկ անուններով ու տիրոջը միանալու անտեսանելի եռքով: Մարդը աշխարհի քաղաքացին է: Կարող ես քեզ այդպիսին համարել ու աշխարհի որ անկյունը ցանկանաս` ընտրես քեզ որպես տուն:

Բայց ուր էլ գնաս, որքան էլ լավ լինես, հոգուդ խորքում վիշտ ես ունենալու, կիսատ ես լինելու, որովհետև հողը ևս գենետիկ հիշողություն ունի ու քոնն է, քեզ նման է, քեզ է սիրում: Քո հողը ուրիշին իր վրա կրելով կարո՞ղ է երջանիկ լինել: Մի մեծ հատված կրում է ուրիշին, քո սիրտն ու հոգին շարունակ այնտեղ է, ինչպես այդ կրողների սիրտն ու հոգին անվերջ զգում է գողոնի ուրիշինը լինելը: Բայց մի փոքր կտոր քոնն է, անուն-ազգանունով վավերական ու հեռուներից եկող հզորությամբ:

Ուշքդ ու միտքդ` կորցրածին, ոտքերդ ու պահանջներդ դեպի օտար հեռուների ճամփին: Ո՞վ է քեզ կախարդել, մարմինդ ու ոգիդ բաժան-բաժան արել: Երկիրդ կամավոր հանձնում ես անտեսանելի Ոգուդ, իսկ քո տեսանելի մարմինդ ու շնորհքներդ շալակում, ուրիշին ես տալիս:

Լուսյա ՄԵՀՐԱԲՅԱՆ 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *