images (4)սղաՍ

Այսօր սիրիահայերի համար, թերևս, ամենաօրհասական վիճակն է

Սիրիայում իրավիճակն օրեցօր սրվում է: Անցած գիշեր կրկին ռմբակոծության է ենթարկվել Հալեպը, զգալի տուժել են նաև հայկական շրջանները, կան նաև հայ զոհեր և վիրավորներ, Հալեպի հետ շատ դժվար է գործում հեռախոսային կապը, ինչպես նաև չկա համացանց, ինչի միջոցով կարելի է ստանալ ավելի մանրամասն տեղեկություններ:

Օրեր առաջ Հալեպում պայթեցվեց հնագույն «Քառասուն Մանուկ» եկեղեցու համալիրի մի մասը, որը, թեև, արդեն երկու տարի չէր գործում, բայց համարվում էր Հալեպի Մայր եկեղեցին և գտնվում է Հալեպի Ազգային առաջնորդարանի հարևանությամբ: Այն սիրիահայերի հոգևոր կենտրոնն է, և եկեղեցու փլուզումը, բնականաբար, չէր կարող խուճապ չառաջացնել այնտեղ մնացած հայերի շրջանում:

Սիրիայում մինչև պատերազմի սկիզբը կար մոտավորապես 60 հազար հայ, այսօր, կրկին մոտավոր հաշվարկներով, մնացել է 20 հազար հայ (Սիրիայի հայության թվի վերաբերյալ ո՛չ նախկինում, ո՛չ հիմա, պաշտոնական տվյալներ չեն եղել): Եթե պատերազմը սկսելուն պես բազմաթիվ ընտանիքներ սեփական միջոցներով դուրս եկան երկրից, ապա այսօր այնտեղ մնացած հայերը, գումար չունենալու պատճառով, չեն կարողանում տեղաշարժվել. պատերազմի երեք տարիների ընթացքում սպառվել են նրանց կենսապահովության բոլոր միջոցները:

Նրանց մեծ մասն օրվա ապրուստի գումար նույնիսկ չունի, ուստի երկրից դուրս գալն անհասանելի է թվում ուղիղ պատերազմի կենտրոնում հայտնված այդ մարդկանց համար: Միջին Արևելյան հարցերով մասնագիտացած «Ազատ Հայ» կայքի խմբագիր Հրաչ Քալսահակյանը 168.am-ին հայտնեց, որ այսօր սիրիահայերի համար, թերևս, ամենաօրհասական վիճակն է. այնտեղ մնացած հայերը կանգնած են ուղղակի ֆիզիկական վտանգի և անելանելիության առջև:

Հալեպի Ազգային առաջնորդարանի խոսնակն օրեր առաջ հայտարարեց, որ առաջնորդարանը գաղութը լուծարելու առումով որևէ քայլ չի կարող ձեռնարկել, քանի որ դրանով կնպաստի գաղութի փլուզմանը: Ստացվում է, որ Հալեպում մնացած հայերը պատանդ են դարձել համայնքային իշխանությունների ձեռքին, և այնտեղ նրանք պահվում են միայն նրա համար, որպեսզի չլուծարվի տասնամյակների պատմություն ունեցող սիրիահայ գաղութը: Մեր տեղեկություններով՝ Ազգային առաջնորդարանի այս որոշումը հետևանք է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի այն կարգադրության, ըստ որի՝ Առաջնորդարանը գործ չունի մարդկանց գաղթը երկրից հավաքականորեն կազմակերպելու հետ, և յուրաքանչյուր ընտանիք ինքը պիտի որոշի` մնա՞լ, թե՞ հեռանալ:

Սիրիահայերը, բնականաբար, երազում են հեռանալ, և նույն Առաջնորդարանը շատ լավ գիտի, որ նրանք չեն հեռանում, քանի որ գումար չունեն, ինչպես նաև՝ ապահովված չէ նրանց անվտանգ տեղաշարժը: Սիրիայում հայերն այսօր ապրում են առանց ջրի, առաց էլեկտրականության և առանց կապի միջոցների: Ըստ մեր զրուցակից Հրաչ Քալսահակյանի՝ երկրից դուրս գալու համար նրանցից յուրաքանչյուրը սկզբնական տեղաշարժի համար գոնե 2000 ԱՄՆ դոլարի կարիք ունի: Առաջին քայլը կատարելու համար սիրիահայը նախևառաջ պետք է դիմի ու ստանա սիրիական անձնագիր, որը ոչ բոլորն ունեն: Անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է գումար և ժամանակ (մեկ ամսից՝ մոտ մի քանի ամիս): Անձնագիրը ստանալուց հետո Սիրիայից դուրս գալու առաջին կանգառներն են` Հայաստանն ու Լիբանանը: Հայաստանի դեպքում անհրաժեշտ է մուտքի արտոնագիր (վիզա), որն այսօր անհնար է ստանալ Հալեպում, քանի որ Հալեպում Հայաստանի հյուպատոսությունը հայտարարել է, թե մինչև հիմա արտոնագրերը ստանում էր համացանցի միջոցով, իսկ Հալեպում այսօր չկա համացանց: Հայաստանյան վիզա ստանալ կարելի է նաև Դամասկոսում, բայց Դամասկոս հասնելն անհնար է` բացահայտ վտանգի պատճառով:

Լիբանան գնալը, ինչպես վստահեցնում է մեր զրուցակիցը, նույնպես խնդիր է` Լիբանան հասնելու համար 100-150 դոլար փոխադրածախս է պահանջվում և 17 ժամ՝ պատերազմական վտանգված շրջաններն անցնելու համար: Ենթադրենք՝ սիրիահայն ինչ-որ ձևով գտնում է փոխադրածախսը և ռիսկի դիմելով՝ անցնում է 17 ժամվա այդ ճանապարհը, սակայն Լիբանանի սահմանին նա պետք է վճարի 300 ԱՄՆ դոլար, որպեսզի երկրում կացության իրավունք ստանա: Այդ կացության իրավունքով սիրիահայը կարող է Լիբանանում Հայաստանի դեսպանատնից ստանալ Հայաստան գալու վիզան, բայց, ինչպես տեղեկացրեց մեր զրուցակիցը, Լիբանան մտնելու համար էլ սիրիահայից ինչ-որ փաստաթղթեր են պահանջվում, ասենք, Լիբանանի որևէ քաղաքացու երաշխավորագիր:

Ըստ Հրաչ Քալսահակյանի՝ տարանցիկ մեկնողները կարող են Լիբանան մտնել՝ առանց 300 դոլար վճարելու, այն պայմանով, որ ունենան ամրագրված օդանավային տոմս, և թռիչքն էլ պետք է տեղի ունենա հաջորդող 48 ժամվա ընթացքում, հակառակ դեպքում պետք է սպասեն լիբանանյան սահմանի վրա: Բեյրութում, ինչպես տեղեկացնում է մեր զրուցակիցը, մեկ սենյականոց բնակարանի ամսական վարձն արժե 500-700 դոլար, իսկ հայկական վիզա ստանալուց հետո սիրիահայը բախվում է տոմս գնելու հարցին. Բեյրութ-Երևան տոմսն արժե 700-800 դոլար, իսկ հիմա արդեն սկսվել է օդանավային տոմսերի բարձր սեզոնը, ուստի սպասվում է տոմսերի թանկացում: Երևան հասնելը դեռևս առաջին քայլն է, այստեղ սիրիահայը կանգնում է վարձով տուն փնտրելու և աշխատանք գտնելու խնդրի առջև: «Թե ինչպե՞ս սիրիահայը կարող է վճարել այս ամենը` Երևան հասնելու համար, և ի՞նչ պետք է անի նա` Երևան հասնելուց հետո, դժվար է երևակայել:

Այս օրերին մեկ ԱՄՆ դոլարը 330 սիրիական լիրա է: Այսինքն՝ միայն լիբանանյան սահմանի վրա վճարելիք 300 դոլարը կազմում է 99.000 սիրիական լիրա, որն այսօր հայկական ազգային վարժարանում աշխատող ուսուցչի 4-6 ամսվա աշխատավարձն է»,- ասում է մեր զրուցակիցը` նշելով, որ վերջին ամիսներին սիրիական լիրան մեծ անկում է ապրել` կորցնելով իր 50% գնարժեքը, և այդ անկումից հետո սիրիահայ ուսուցչի աշխատավարձը կազմում է 50 դոլարին համարժեք գումար:

Մեր այն հարցին, թե ո՞վ կարող է կազմակերպել սիրիահայերի տեղահանումը և Հայաստան փոխադրումը, Հրաչ Քալսահակյանը պատասխանեց. «Նա, ով յուրաքանչյուր սիրիահայի սկզբնական տեղաշարժի համար կվճարի 2000 ԱՄՆ դոլար: Բոլորն ասում են, որ նրանք պետք է դուրս գան, բայց ոչ ոք չգիտի կամ չի ասում, թե ի՞նչ է անհրաժեշտ դուրս գալու համար: Բավական բարդություններ և անսպասելի զարգացումներ կան, որոնցով կարող է զբաղվել միայն այս հարցերով մասնագիտացված գրասենյակը, բայց նման բան ո՛չ Կաթողիկոսարանն ունի, ո՛չ էլ` Հայաստանի կառավարությունը: Ամեն ինչ թողնված է բախտի քմահաճույքին, ով հրաշքով կարողանում՝ ազատվում է մահվան այդ գոտուց: Մեր զրուցակիցը նշեց, որ եթե ազգային միջամտություն չլինի, սիրիահայերը ստիպված են լինելու իրենց կամքին հակառակ՝ մնալ երկրում, իսկ նրանց մի մասն էլ կարող է ենթարկվել ջարդի:

«Հասկանում եմ, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը սկզբունքորեն չի կարող արտագաղթողի հետ լինել և նրա կողքին կանգնել, իսկ Հայաստանի կառավարությունն էլ իրավական առումով չի կարող Հայաստանի սահմաններից դուրս գտնվող ու ներգաղթելու մտադրություն ունեցող մարդուն օգտակար լինել: Փակ գոտու մեջ է հայտնվել սիրիահայը»,- ավելացրեց մեր զրուցակիցը: Հայաստանում բնակվող սիրիահայերը մեզ հետ զրույցում մտահոգություն հայտնեցին Հալեպում մնացած իրենց հայրենակիցների ճակատագրի համար. նրանք գրեթե կապ չունեն այնտեղ բնակվող հարազատների ու հայրենակիցների հետ: Անցնող տարիներին Երևան հասած սիրիահայերը վստահեցնում են, որ այսօր արդեն անհնար է անհատապես տեղափոխվելը, և ակնկալում են կազմակերպված միջամտություն:

Սիրիահայերից մեկը ֆեյսբուք սոցիալական ցանցում մտահոգություն է հայտնել, որ այսօր եկեղեցական իշխանություններն ավելի շատ խոսում են պատմական Սիսը վերադարձնելու, քան` պատերազմի ճիրաններում հայտնված հայերի փրկության մասին: «Հենց Թուրքիայի Սահմանադրական Դատարան Սիսի հարցով դիմում ներկայացնելուց հետո էլ վնաս հասցվեց «Քառասուն Մանուկ» եկեղեցուն: Սա չի կարող պատահական լինել»,- սիրիահայերի «Aleppo Armenians» խմբում նշել է մի սիրիահայ օգտատեր:

168.am

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *