10982361_808636772584190_4905895423453767343_n

Այս տանն է 1917-19թթ. ապրել ՀՀ հիմնադիր Արամ Մանուկյանը` կնոջ Կատարինե Զալյանի հետ:

Երևան, Արամի փողոց, շենք 9. Այս տանն է 1917-19թթ. ապրել Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանն` իր կնոջ Կատարինե Զալյանի հետ:

Երբ 1917թ. դեկտեմբերին Արամը եկավ Երևան, նրան` Վանի փառապանց նահանգապետին, իսկ այդ պահին արդեն Արևելյան Հայաստանի փաստացի ղեկավարին՝ դիմավորեցին մեծ ցնծությամբ: Երևանի պատվարժան քաղաքացիներից մեկը` Ֆադեյ Քալանթարյանը, նրան նվիրեց իր համար ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով այն ժամանակ Ցարսկայա կոչվող փողոցում 1910թ. կառուցված երկհարկանի այդ տունը: Իսկ Կատարինե Զալյանի հետ Արամը ծանոթանում է Ղուրդուղուլիում (ներկայումս՝ Արմավիր քաղաք), որտեղ Կատարինեն աշխատում էր որբանոցում որպես բժշկուհի:

Հենց 1917-ին էլ նրանք ամուսնացան: Այդ ամուսնությունից ծնվում է Արամի միակ ժառանգը` Սեդան: 1919-ի հունվարին, երբ դուստրն ընդամենը չորս ամսական էր, Արամ Մանուկյանը վարակվում է բծավոր տիֆով և վախճանվում: «Ծանր տարիներ, դժվար աշխատանք, ամբողջ օրը մայրս մանկատանն էր անցկացնում, հայրս էլ՝ հասարակական, քաղաքական գործունեության մեջ մշտապես թաղված, և այնպիսի ընտանեկան կյանք, ինչպիսին նորմալ ամուսիններն էին ունենում, երևի այդպես էլ չիրականացավ»,- իր հուշերում պատմում էր Սեդա Մանուկյանը:

Երբ 1919թ. հուլիսին կայացան Հայաստանի Հանրապետության առաջին խորհրդարանի ընտրությունները` 80 պատգամավորներից 3-ը կին էին՝ նրանց թվում էր նաև Կատարինե Զալյանը: Դառնալով պատգամավոր, Կատարինեն աշխատում է առողջապահության հանձնաժողովում՝ որպես Հայաստանի ամերիկյան որբանոցների համակարգող: Նա ամբողջությամբ նվիրվել էր գաղթականների ու որբերի օգնությանը՝ զօրուգիշեր պայքար մղելով իրար ետևից երկրում բռնկվող համաճարակների դեմ:

Առաջին հանրապետության անկումից հետո Կատարինեի զրկանքներին գումարվում են բոլշևիկյան իշխանության քաղաքական հետապնդումները: Նրան ազատում են աշխատանքից և վտարում բնակարանից: Երեխան գրկին, Կատարինեն ապաստանում է քրոջ մեկսենյականոց բնակարանում, ապա մեկնում Կրասնոդար՝ ազգականների մոտ: Սակայն 1927-ին, երբ Հայաստանը մասնագետ բժիշկների խիստ կարիք էր զգում, նա նորից վերադառնում է Երեւան: Այստեղ մայր ու աղջիկ բնակարան են վարձում և ապրում ծայրահեղ դժվարին պայմաններում: «Մայրս կրթված, ազնիվ, իր գործին, իր մասնագիտությանը նվիրված անձնավորություն էր: Առավոտյան գնում էր աշխատանքի, ճաշին գալիս, ինձ կերակրում, ապա նորից դուռը ինձ վրա փակում, գնում մի ուրիշ աշխատանքի: Դա էր նրա ամբողջ կյանքը»,- պատմում էր Սեդա Մանուկյանը:

Հիշատակենք քիչ հայտնի մի փաստ ևս: Արամ Մանուկյանը պետության ծախսերով և կաթողիկոսական արարողակարգով հուղարկավորվեց այժմյան Կոմիտասի անվան պանթեոնի տեղում գտնվող Երևանի քաղաքային գերեզմանատանը։ 1920-ականների վերջին, գերեզմանատան վերացման պատճառով, Կատարինեն մեծ դժվարությամբ կարողանում է տեղափոխել Արամի աճյունը Կոզեռնի հին գերեզմանոց (ներկայիս Սիրահարների այգու տեղում): Բայց դա էլ վերջը չէր՝ վերացվում է նաև Կոզեռնի գերեզմանտունը, և մոտավորապես 1932թ. Կատարինեն, նույնպես աներևակայելի դժվարություններով ու գաղտնիության պայմաններում՝ կրկին կարողանում է կազմակերպել Արամ Մանուկյանի աճյունի վերաթաղումը՝ այս անգամ արդեն Թոխմախի գերեզմանոցում, որտեղ էլ մինչ այժմ հանգչում է մեծ հայրենասերը: Իսկ երբ գալիս է 1937թ.՝ Կատարինեին հերթական անգամ ազատում են աշխատանքից՝ որպես արտասահմանի հետ կապ ունեցող կասկածելի անձնավորության: Ճիշտ է, պատերազմի տարիներին նա նորից է աշխատում, սակայն նրա առողջությունը վերջնականապես քայքայվել էր:

Մահացել է 1965-ին, իսկ մահվանից առաջ ասել էր դստերը. «Ես չտեսա, բայց դու վաղ թե ուշ անպայման կտեսնես այն օրը, երբ մարդիկ կհիշեն ու կգնահատեն քո հորը: Չի կարող պատահել, որ հայ ժողովուրդը մոռանա նրան ու նրա ազգանվեր գործերը, ես վստահ եմ»: Այդպես էլ եղավ՝ այսօր Արամ Մանուկյանի կարճատև կյանքն ու հերոսական գործունեությունը՝ հայ ժողովրդի պատմության ամենափառավոր էջերից է համարվում:

Ռուբեն ՇՈԻԽՅԱՆ 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *