images (2)

Ապրիլի 2-ին լրանում է Արցախյան ազատամարտի հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի անդամ Հրաչ Մուրադյանի մահվան երկու տարին

Ապրիլի 2-ին լրանում է Արցախյան ազատամարտի հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի անդամ, ՀՅ Դաշնակցության անդամ, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության երկրորդ տարելիցը:

Հրաչ Մուրադյանը ծնվել է 1963 թվականի հուլիսի 1-ին Գամշլիում /Սիրիա/: 1966-ին ընտանիքով տեղափոխվել է Պռոշյան գյուղ:

1989թ-ից Հրաչն ակտիվ մասնակցություն ունեցավ Արցախյան շարժմանը: Մանուկ հասակից ընկերությունը Կարոտի ու Պետոի հետ շարունակվեց նաև ռազմի դաշտում: Հրաչը Պետրոս Ղևոնդյանի հրամանատարությամբ գործող գումարտակի հետ մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քարվաճառի թշնամական հանցակետերի ոչնչացման ռազմագործողություններին՝ բազմիցս ցուցաբերելով խիզախություն:

Հրաչ Մուրադյանը պատերազմի դաշտում պայքարեց մինչև զինադադարը, տուն վերադարձավ ընկերների՝ Պետոյի, Կարոտի եւ այլոց ծանր կորուստով, բայց չդադարեց պայքարել: Նա գտնում էր, որ հերոսներ ծնած ժողովուրդն իրավունք ունի պատվով ապրելու եւ այդ նպատակը նա իրագործում էր հարազատ գյուղում՝ Պռոշյանում, պայքարում նրանց հոգսերը թեթևացնելու, արժանապատիվ կյանք ապահովելու համար:

<<Մեր երկրի կառուցման համար չպետք է խնայել ոչինչ, պետական մտածելակերպ դրսևորենք և լավ հայ լինելու պատվին արժանանաք: Փոքր ազգ լինելու հանգամանքը մեզ ավելի պիտի պարտադրի հայրենասեր, ազգասեր ու միասնական լինել>>,- ասում էր Հրաչ Մուրադյանը:

Հրաչը մինչև կյանքի վերջին վայրկյանը հավատարիմ մնաց իր գաղափարներին ու նպատակներին: Մնաց նույն համեստ, ազնիվ կերպարում:

Լինելով գաղափարի մարտիկ՝ պատերազմի տարիներին քաջ գիտակցում էր, որ ամեն րոպե կարող է հրաժեշտ տալ կյանքին…բայց կյանքից հեռանալ հայի դավադիր գնադակից, երբեք չէր անցել մտքովը… Ինքնուրույն ու հստակ կեցվածքը չընդունվեց համակարգի կողմից ու զոհ գնաց հանցավոր մեքենային, քանի որ անկոտրում էր ու անդավաճան իր էությանը:

Նրա կորուստով մենք կորցրինք ևս մի հերոսի, ևս մի տեսակի: Այդ տեսակների շնորհիվ է, որ այսօր ունենք երկու հանրապետություն, ունենք ազատություն և անկախություն:

Հրաչի տեսակը երբեք չի մոռացվում, Հրաչի տեսակով պիտի դաստիարակվի գալիք սերունդը:

Լուսինե ԹԵՒՈՍՅԱՆ
Aparaj.am

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *