11196353_815716281842276_5461251222169849328_n

Առաջարկություն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ. քաղաքագետի տեսանկյուն

Ես առանձնակի նպատակահարմար չեմ գտնում մտնել սահմանադրական բարեփոխումների շուրջն ընթացող դիսկուրսի մեջ, որովհետև պրոֆեսիոնալիզմի հանդեպ շատ լուրջ հարգանք ունեմ: Այս ոլորտը ամեն դեպքում իրավաբան սահմանադրագետներինն է, որտեղ բավականին լուրջ իրավագիտական գիտելիքներ և փորձ է անհրաժեշտ:
Միաժամանակ գտնում եմ, որ այս քննարկումներում իրենց խոսքը պիտի ասեն քաղաքագետները, որովհետև բարեփոխումները պետք է առաջին հերթին դիտարկել քաղաքական նպատակահարմարության տեսակետից, իհարկե հենվելով ազգային շահերի առավելագույնս պահպանման հրամայականից:
Իսկ ինչ է թելադրում հայկական պետականության պահպանման և ամրապնդման ազգային շահը. շատ հստակ և բավականին պարզ խնդիրներ, որոնց լուծումը մեր ձեռքն է և ըստ իս խանգարող հանգամանքներ էլ չպետք է որ լինեն:

1. Հայաստանի նման փոքր պետություններին անհրաժեշտ է մաքուր կառավարման ձև, կամ դասական նախագահական հանրապետություն, կամ էլ դասական խորհրդարանական հանրապետություն: Առաջինի դեպքում պետք է բացառել վարչապետի գոյությունը, երկրորդի դեպքում նախագահի: Փորձը ցույց տվեց, որ ամեն տիպի խառը-մառը ձևերը մեր համար չեն: Մաքուր կառավարման ձևի առավելությունն այն է, որ կա հաջողությունների և անհաջողությունների հստակ պատասխանատու: Ընտրելով կառավարման ձևը, գործող սահմանադրությունից կարելի է հանել վարչապետին կամ նախագահին վերաբերվող հոդվածները, կատարել որոշակի ճշտումներ և ապագայում ընդհանրապես հրաժարվել սահմանադրական անընդհատ փոփոխությունների անիմաստ պրակտիկայից:

2. Մեզ պետք չեն անընդհատ ընտրություններ, որոնք տանում են նյութական և հոգևոր ռեսուրսների անիմաստ կորուստների: Երկու միլիոնանոց երկիրը հինգ տարվա ընացքում ենթարկվում է չորս ընտրական ցնցումների. նախագահական, խորհրդարանական, Երևանի քաղաքային /չմոռանանք որ քաղաք պետություն ենք դարձել/ և տեղական ինքնակառավարման: Մաքուր կառավարման ձևի դեպքում մեկ ընտրությամբ կարող ենք ձևավորել իշխանության մարմինները /Իսրայելում նույն օրը քվեարկում են և խորհրդարանի և վարչապետի թեկնածուներին/, մեկ ընտրությամբ էլ տեղական ինքնակառավարման մարմինները:

3. Հետխորհրդային երկրների քաղաքական մշակույթն այնպիսինն է, որ կառավարման մեխանիզմները կապված են ոչ թե թղթային փաստաթղթերի, այլ անձերի կարողությունների հետ: Եթե պահպանվեց նախագահի ինստիտուտը, որը ես գտնում եմ անիմաստ խորհրդարանական հանրապետության դեպքում, բացառված չէ փաստացի իշխանության կենտրոնացում նախագահի ձեռքում, եթե վերջինս որպես անհատ ավելի մեծ նյութական ռեսուրսների տիրապետի: Հաստատ այդ ժամանակ նորից կսկսվեն սահմանադրական բարեփոխումները:

Գարիկ Քեռյան
Քաղաքական գիտությունների դոկտոր

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *