Արամ Ա-ն կոչ է անում զգույշ լինել հալեպահայության մասին կարծիքներ հայտնելիս

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն մայիսի 13-ի երեկոյան ԱՄՆ Նյու Ջերսիի համայնքի շուրջ 100 պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ լայն բացատրություններ է տվել իրեն ուղղված հարցումներին, որոնք առավելապես առնչվել են Հայոց ցեղասպանութեան 100-ամյակին, Սիրիայի հայությանը, Միջին Արեւելքի քաղաքական կացությանը, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության առաքելությանը:

Պատասխանելով Սիրիայի հայության մասին եղած հարցումներին, Վեհափառ Հայրապետն ասել է հետեւյալը. «Սիրիայի տագնապի առաջին իսկ օրից, Սիրիայի հայության պատասխանատուների հետ խորհրդակցելով, մեր Սուրբ Աթոռը հստակ կեցուածք է ճշտեց. «Մենք, որպես հայ համայնք սիրիացի ժողովրդին հետ ենք. վարչակարգերը մնայուն չեն՝ մնայունը Սիրիան է իր ժողովրդով: Մենք որպես Սիրիայի հայություն միշտ երախտապարտ ենք Սիրիայի ժողովրդին, որովհետեւ ցեղասպանությունից հետոայն մեր ժողովրդի զավակներին ընդունեց եւ իր հայրենիքն ու հացը կիսեց մեզ հետ: Տագնապի անցնող տարիներին մեր համայնքը կառչած մնաց նույն քաղաքականությանը՝ հակառակ իր դիմագրաված դժուարություններին: Սիրիայի հայության վերականգնումը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համար դարձավ առաջնահերթ մտահոգություն: Նկատի ունենալով Սիրիայի հայության կարեւորությունը, նրա վերականգնումը մենք համարում ենք համազգային առաջնահերթություն: Այս համոզումով հանգանակություններ կատարվեցին ու շարունակվում են կատարվել մեր գաղութներում:

Կաթողիկոսարանի ստացած գումարները հանգրվանային կերպով փոխանցեցինք Սիրիայի մեր համայնքին, առաջարկելով որ մեր ժողովրդի զավակների օգնության առաջնահերթությունները համայնքի պատասխանատու մարմինները ճշտեն՝ նկատի ունենալով տեղական պայմանները եւ մեր ժողովրդի կարիքները»: Շարունակելով իր խոսքը Նորին Սրբությունը նաեւ անդրադարձել է ներկա կացությանն ու նշել. «Դժբախտաբար չորս տարի տագնապը շարունակվում է, երբեմն մեղմանալով, երբեմն սաստկանալով: Այսօր փաստորեն, անվտանգության իմաստով Սիրիան հետեւյալ պատկերն ունի. «Ջեզիրեի ու հատկապես Ղամիշլիի շրջանը հարաբերականորեն ապահով է. Դամասկոսի շրջանում մերթ ընդ մերթ ռումբեր են ընկնում, Քեսաբի եւ ծովեզրյա շրջանը կարելի է ապահով համարել, մտահոգիչ է մնում Հալեպը:

Հայտնենք, որ Հալեպում քրիստոնեական՝ ներառյալ հայկական շրջանները մոտ լինելով կողմերին իրարից բաժանող սահմանագծերին, հաճախ են ենթարկվում կույր ռմբակոծումների: Այս պայմաններում ի՞նչ պետք է անել. բնականաբար այս հարցմանը հստակ պատասխան տալը դժվար է որեւէ պատասխանատուի կողմից: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը ու Մենք անձնապես մոիտիկից հետեւում ենք հատկապես Հալեպի կացությանը: Այսպես, մնայուն կապի մեջ ենք Առաջնորդ Սրբազանի ու համայնքային պատասխանատուների հետ եւ նրանք մեզ են փոխանցում հստակ տեղեկություններ եւ խորհրդակցության ճամբով դիմում ենք անհրաժեշտ միջոցների: Քաղաքական իմաստով՝ մնայուն կապի մեջ ենք Սիրիայի ճգնաժամի լուծմանն առնչություն ունեցող տարածաշրջանային թե միջազգային ուժերի հետ: Այս մասին չենք կարող ավելին ասել:

Մարդասիրական օժանդակությունները շարունակվում են: Այս ուղղությամբ ուզում ենք Մեր գնահատանքը հայտնել բոլոր նրանց, որոնք օժանդակեցին Սիրիայի հայությանը եւ կոչ ենք ուղղում՝ շարունակելու օժանդակությունը: Այս առիթով ուզում ենք կարեւորությամբ անդրադառնալ հետեւյալ երեւույթին. Գիտենք, որ որոշ անհատներ` Հայաստանում կամ Սփյուռքի զանազան գաղութներում, Սիրիայի հայության գծով երբեմն անհիմն տեղեկություններ են հրապարակում, անիմաստ առաջարկներ են ներկայացնում, որոնք պղտոր մթնոլորտ են ստեղծում ու փաստորեն միայն վնաս կարող են պատճառել Սիրիայի մեր համայնքին: Ճիշտ չէ առանց տեղյակ լինելու Հալեպի ներքին կացությանը եւ նրան առնչվող քաղաքական ու անվտանգության զգայնություններին, հանգիստ պայմաններում ապրող անհատներն անտրամաբանական տեսակետներ հայտնեն ու առաջարկներ ներկայացնեն համացանցում:

Սիրիայի հայության անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է: Ներկա տագնապալից կացության մեջ Մենք իրապաշտ մոտեցումով պիտի շարունակենք փորձել մեր կարելին անել: Բնականաբար ճիշտ չէ այս մասին հրապարակային արտահայտություն ունենալ»: Այս մասին տեղեկանում ենք «Հայերն այսօր» էլեկտրոնայաին պարբերականից:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *