2 (1)

«Արարատի ստորոտին» խորագրով 5-րդ միջազգային համաժողովը լայն արձագանք է գտել այլ երկրների լրատվամիջոցներում, մասնավորապես թուրքաադրբեջանական մամուլում

Այսօր տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի 2015թ. անդրանիկ նիստը, որը վարում էր «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը:

Նիստին մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:

Օրակարգում էին «Մեդիա ֆորում. ակնկալված լուսաբանման աշխարհագրությունը և շեշտադրումները», «Ապրիլի 24-ին ընդառաջ հայատառ և օտարալեզու լրատվամիջոցների կողմից տարածաշրջաններում միջոցառումների լուսաբանման աշխատանքների վերաբերյալ» և «2015 թ. «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների վերապատրաստման դասընթացներին մասնակցություն ապահովելու մասին» հարցերը:

Ներկայացնելով «Արարատի ստորոտին» խորագրով 5-րդ միջազգային լրատվական խորհրդաժողովի ընթացքում քննարկված հարցերը, մասնակիցների կողմից ընդունած հռչակագիրը և ներկայացուցչական կազմը՝ «Հայերն այսօր» էլ. թերթի գլխավոր խմբագիր Նայիրի Մկրտչյանը նշեց, որ ֆորումը լայն արձագանք է գտել այլ երկրների լրատվամիջոցներում, մասնավորապես թուրքաադրբեջանական մամուլում: ՀՀ Նախագահի ելույթը տպագրվել և մեկնաբանվել է թուրքական ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանամետ լրատվամիջոցներում /TRT, CnnTurk, Aksam/: «Ուշագրավ է, որ թուրք իշխանական լրատվամիջոցները, արձանագրելով, որ Նախագահ Սարգսյանը ելույթ է ունեցել միջազգային մեդիա ֆորումին, այնուամենայնիվ չեն նշել խորհրդաժողովի անվանումը՝ Արարատի ստորոտին, – ասաց Ն.Մկրտչյանը՝ հավելելով,- իսկ Ադրբեջանն իր հերթին ֆորումին մասնակցող և Արցախ այցելած 30 լրագրողների անունները ներառել է, այսպես կոչված՝ սև ցուցակում»:

Ն.Մկրտչյանն առանձնացրեց արաբական լրատվամիջոցների աննախադեպ անդրադարձը խորհրդաժողովի աշխատանքներին՝ նշելով, որ տեղեկատվության ձեռքբերման հարցում վերջիններիս աջակցել է «Ազդակ»-ի՝ արաբերենով լույս տեսնող տարբերակը:

«Ֆորումին հնչած ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքից երկար հատվածներ են հրապարակվել արաբական «Ալ Ղատ», «Ալ Մուխթասար նյուզ», «Արաբ ինդեքս», «Ալ Կուռնալ», «Սահմ Միսր», «Շամլ 24», «Գայրո նաու», «Ալ Մուճեզ», «Ալ մասրի Ալեաում», «Էլ Մուպաշըր Մասր» և «Մասրես» պարբերականներում», – ընդգծեց խմբագիրը:

Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանն ընդգծեց, որ մեդիա ֆորումը նշանակալից էր հենց թուրքաադրբեջանական ապատեղեկատվական հոսքը կանխելու, ինչպես նաև ֆորումի՝ «Արարատի ստորոտին» խորհրդանիշը միջազգայնացնելու առումներով:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանն առաջարկեց ամբողջացնել և առանձին գրքով տպագրել մամուլում տեղ գտած ֆորումի բոլոր զեկուցողների ելույթների անդրադարձները, քանի որ Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման մեր պայքարը շարունակական է լինելու:
Ն.Մկրտչյանն առաջարկեց «Ֆեյսբուք» սոց.ցանցում ստեղծել ֆորումի մասնակիցների նոր էջ, որը Հայոց ցեղասպանության թեմային անդրադառնալու հարթակ կդառնա օտար լրագրողների համար:

Նիստի մասնակիցներն արձանագրեցին, որ մեդիա ֆորումի մասին տպագրված հրապարակումները պետք է ուսումնասիրել և ամբողջացնել ոչ միայն արաբական աշխարհի, այլև եվրոպական, ռուսական և ամերիկյան լրատվամիջոցներից:

Ապրիլի 24-ին ընդառաջ հայատառ և օտարալեզու լրատվամիջոցների կողմից տարածաշրջաններում միջոցառումների լուսաբանման աշխատանքներ տանելու ուղղությամբ Շ.Գանտահարյանը նշեց, որ Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նշում են ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհի բոլոր խոշոր քաղաքներում: Մինչդեռ Գալիպոլիի ճակատամարտի տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն միայն Թուրքիայում:

«Ակնհայտ է նաև, որ Թուրքիան ֆորումի հակաքայլը կանի՝ փորձելով այլափոխել մեդիաֆորումի իրական նպատակներն ու խնդիրները: Անհրաժեշտ է ուսումնասիրել հատկապես անգլալեզու մամուլը, ուր հիմնականում տեղ են գտնում թուրքական հակաքայլերին ու մերժողական քաղաքականությանը ծառայող հրապարակումները: Դրանք ավելի մեծ չափերով կտպագրվեն ապրիլ ամսին, իսկ գագաթնակետը կլինի ապրիլ 24-ը», – հավելեց «Ազդակ»-ի գլխավոր խմբագիրը:

Նիստի երրորդ հարցը 2015թ. «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների վերապատրաստման դասընթացներին Սփյուռքի լրագրողների մասնակցությունն ապահովելու հարցն էր:

ՀՀ ՍՆ տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը նշեց, որ պետք է ապահովել մասնակիցների անհրաժեշտ քանակը և ընդլայնել աշխարհագրությունը: Վ.Վարդանյանը հավելեց, որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետին առաջարկություն էր ներկայացվել պատրաստել 2015թ. ծրագիրը՝ հաշվի առնելով նախորդ 5 տարիների փորձը:

Խոսելով 2015թ. «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների վերապատրաստման դասընթացի ծրագրային առանձնահատկությունների մասին՝ ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն ասաց, որ այս տարի ոլորտների լավագույն մասնագետները կկարդան «Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմությունը», «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում», «Արցախի հիմնահարցը արդի փուլում», «Հայ սփյուռք» և «Հայոց պատմության հիմնահարցեր» և այլ թեմաներով դասախոսություններ:

Դեկանն առաջարկեց նախորդ տարիների «Սփյուռք» ամառային դպրոցի աշխատանքների ընթացքի և արդյունքների մասին պատմող փոքրիկ տեսաֆիլմ պատրաստել և աշխատանքներ տանել՝ համայնքների կրթական և մշակութային օջախներում ցուցադրելու ուղղությամբ:

ՀՀ ՍՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյանն առաջարկեց Լրագրողների դասընթացին նախատեսել նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև «Հայերն այսօր» էլ.թերթի խմբագրի դասախոսությունները՝ ՀՀ ՍՆ հայեցակարգային դրույթները և ծրագրերը, տեղեկատվական քաղաքականության իրականացումը և Հայաստանի, Սփյուռքի լրատվամիջոցների հետ տարվող աշխատանքները ներկայացնելու նպատակով:

Լրագրողների ամառային դպրոցի ծրագիրը հաստատվելուն պես կառաքվի Սփյուռքի լրատվամիջոցներին՝ տպագրելու և համայնքում մասնակիցների ընդգրկման ուղղությամբ աշխատանքներ տանելու նպատակով:

Նիստի մասնակիցները շեշտեցին տարբեր տարածաշրջաններում ակտիվ լրատվամիջոցների գործուն աջակցության կարևորությունը Լրագրողների ամառային դպրոցին՝ մասնակցել ցանկացողների թիվն ավելացնելու, ինչպես նաև նրանց միջից առավել պրոֆեսիոնալներին ընտրելու հարցում:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *