Արգենտինահայ համայնքն իր շնորհակալությունն է հայտնում Հռոմի Ֆրանցիսկոս պապին

Հունիսի 24-ին Բուենոս Այրեսի Մայր տաճարում Արգենտինայի հայ համայնքի կողմից երախտագիտության միջոցառում կիրականացվի` Հռոմի Ֆրանցիսկոս պապի պատվին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը նրա վճռորոշ աջակցության համար:

Prensa Centro Armenio-ի տեղեկացմամբ՝ արարողությունը կանցկացնեն արգենտինահայ համայնքի կրոնական առաջնորդները` Արգենտինայի հոգևոր առաջնորդ և Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս, կարդինալ Մարիո Պոլիի գլխավորությամբ:

Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջազգային ոգեկոչման շրջանակում` ապրիլի 12-ին Ֆրանցիսկոս պապը Հռոմի Սուրբ Պետրոս տաճարում պատարագ մատուցեց` ի հիշատակ զոհերի, որի ժամանակ հայ ժողովրդի տառապանքները բնութագրեց որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:
Իր ելույթում Պապն ասաց. «Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքը արնահոսի», և այս խոսքով հաստատեց Թուրքիայի ժխտողական քաղաքականության առկայությունը:

Հռոմի Ֆրանցիսկոս պապին ուղղված արգենտինահայ համայնքի նամակում ասվում է.

«Նորին Սրբություն Ֆրանցիսկոսին,

Վատիկան

Հարգարժան Հայր Սուրբ,

Պատիվ ունենք դիմելու Նորին Սրբությանը` Արգենտինայում բնակվող հայ համայնքի անունից, 20-րդ դարում տեղի ունեցած առաջին ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի այս հուզումնառատ և հայրենասիրական եռանդով լի տարում:

Հայր Սուրբ, մեր շնորհակալությունն ենք հայտնում մեր կողքին լինելու և այս ցավալի տարելիցին մեր սրտերն ուրախացնելու համար: Շնորհակալություն Ձեր ձայնը բարձրացնելու համար` ի աջակցություն այս փոքր, սակայն արժեքավոր ժողովրդի, որը հավատարիմ է մնացել իր հավատքին դարերի ընթացքում, խոշտանգվել և հալածվել է, սակայն վերածնվել է մոխրից»: hayernaysor.am

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *