Արենին՝ գյուղական լավագույն համայնք Տարեցտարի ավելանում է զբոսաշրջային այցելությունների թիվը

Վայոց ձորի Արենի գյուղի տարածքը եւ շրջակայքը հարուստ են հնագիտական հուշարձաններով` քարայր-կացարաններով, ամրոցներով, միջնադարյան գյուղատեղիներով, խաչքարերով, գերեզմանոցներով եւ մատուռներներով: Արենիի քարանձավի, Նորավանք համալիրի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու առկայությունը եւ գինու փառատոնի կազմակերպումը հնարավորություն ենստեղծում՝ գյուղում տարեցտարի ավելացնել զբոսաշրջային այցելությունների թիվը:

Գյուղն իր աշխարհագրական դիրքով տարբերվում է մնացած գյուղերից: Համայնքը առավել հատկանշական է Արենիի քարանձավով, որտեղ հայտնաբերվել է 6 հազար տարվա վաղեմությամբ կոշիկ եւ կարասներ, որոնքվկայում են գինու արտադրության կազմակերպման մասին: Այս տարածաշրջանը առավելապես հայտնի է «Արենի» գինու արտադրությամբ:

Խաղողի բերքատվության համար այս մարզն ամենաբարենպաստն է, սակայն բացի խաղողագործությունից համայնքի համար հեռանկարային է նաեւ պտղաբուծությունը. տարեցտարի ավելանում է պտղատու այգիների տարածությունը, մասնավորապես, նախապատվությունը տրվում է դեղձիայգիների ընդարձակմանը:

Երբ համայնքի խնդիրներին հետամուտ է անձամբ՝ գյուղապետը

Արենի գյուղը՝ շուրջ 2000 բնակչությամբ, 1999թ.-ից ղեկավարել եւ որոշ ընդմիջումից հետո՝ 2012թ.-ից, դարձյալ գյուղապետ է վերընտրվել Սերյոժա Սուքիասյանը, ում հետ զրուցեցինք գյուղի՝ վերջին տարիներին ունեցած ձեռքբերումների, ներդրումային ծրագրերի եւ առկա խնդիրների շուրջ:

Նշենք, որ 2015 թ.-ին Վայոց ձորի «Գյուղական լավագույն համայնք» է ճանաչվել Արենի գյուղը՝ համայնքային բյուջեի կատարման, բնակիչների խնդիրներին հետամուտ լինելու եւ այլ գործոնների շնորհիվ: «Համայնքում բնակչությունը շատ աշխատասեր է, իսկ գյուղապետարանը ձգտում է բարձրացնել ծառայությունների որակը, որպեսզի բնակիչները երբեք դժգոհ չլինեն: Գյուղում ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր ներդրումների շնորհիվ՝ արդեն խմելու ջուրն անվճար մատակարարվում է շուրջօրյա, համայնքում պարբերաբար իրականցվում է աղբահանություն, բարեկարգում, նորոգվել է մշակույթի տունը, հուշարձանի ցանկապատը: Համայնքի բյուջեի հաշվին նախորդ տարի ասֆալտապատվել է գյուղի գլխավոր փողոցը, որի ընդհանուր արժեքը կազմում էր 26 մլն դրամ»

IMG_9612

Գինու փառատոնը՝ ամենասիրվածն ու սպասվածը

Արենի գինու փառատոնը համայնքում անցկացվում է 2004թ.-ից, որը, գյուղապետի համոզմամբ, հանրապետությունում ամենակայացած ու սիրված նախաձեռնություններից է: 1995թ.-ից նոր թափ առավ Արենի տեսակի գինու արտադրությունը եւ համայնքում կառուցվեց երեք գինու արտադրամաս, ավելացավ նաեւ անհատ գինեգործների թիվը: Համայնքում այսօր գինեգործությամբ է զբաղվում 105 արտադրող: Ագրոբիզնսի, գյուղի զարգացման կենտրոնի եւ Արենիի գյուղապետարանի միջոցով յուրաքանչյուր տարի, հոկտեմբեր ամսին մեկնարկում է Արենի գինու փառատոնը, որին մասնակցելու համար զբոսաշրջիկներ են գալիս ամենատարբեր երկրներից, մասնավորապես, Չինաստանից, Վրաստանից, Ճապոնիայից եւ այլն:

«Փառատոնին մասնակցում են տարբեր հայտնի գինեգործական ընկերություններ, որոնք արտադրում են հանրապետության գինու արտադրության 80 տոկոսը: Եւ բոլոր մասնակից ընկերություններն ինչ-որ չափով իրենց նեդրումն են ունենում միջոցառման կազմակերպմանը: Միայն նախորդ տարի փառատոնին մասնակցել է ավելի քան 20 հազար մարդ»:

6 մլն դրամ՝ տուրիզմի զարգացմանը

Գյուղի ճանաչելիության մեծացման արդյունքում, Համաշխարհային բանկը ցանկություն է հայտնել համայնքում 6 մլն դրամի ներդրում իրականացնել տուրիզմի զարգացման նպատակով, ինչի արդյունքում նախատեսվում է կառուցել ամֆիթատրոն, բարեկարգել դեպի եկեղեցի տանող ճանապարհը եւ առհասարակ, զարգացնել ենթակառուցվածքները, որպեսզի զբոսաշրջիկի համար այս գյուղը դառնա նախընտրելի զբոսաշրջային վայրերից:Համայնքում այսօր կա 10 հյուրատուն, սակայն գյուղաբնակների կողմից աշխատանքներ են տարվում նոր հյուրատների ավելացման ուղղությամբ: Երկու տարի ընդմիջված «Թուֆենկյան» հյուրանոցի շինարարությանն արդեն ընթացք է տրվել: Գյուղն ունի նաեւ միջնակարգ դպրոց, առողջության սպասարկման կենտրոն, որը ծառայություններ է մատուցում նաեւ շրջակա գյուղերի բնակիչներին:

IMG_9627

Հիմնական զբաղվածությունը գյուղատնտեսությունն է

Գյուղի բնակիչների մեծամասնությունը, ըստ գյուղապետի, ներգրավված է գյուղատնտեսական աշխատանքներում, իսկ մի մասն աշխատում է գինու գործարաններում: Գյուղապետն ասում է, որ գյուղից արտագաղթ, գրեթե, չկա: Գյուղաբնակները ստեղծող, աշխատասեր եւ արարող են եւ կարողանում են իրենց ապրուստը հոգալ արտադրանքի իրացումից ստացվող եկամտի միջոցով:«Հնարավորության սահմաններում փորձում ենք բնակիչների խնդիրներին հետամուտ լինել եւ, որքան էլ այսօր դժգոհում ենք, Արենու բնակչությունը խորհրդային տարիների համեմատ այսօր ավելի բարեկեցիկ է ապրում»,- նշեց գյուղապետը:

Սակայն, դրանով հանդերձ գյուղում որոշ չլուծված խնդիրներ դեռ կան: Առ այսօր գյուղը մանկապարտեզ չունի: Որոշ նախակրթարաններ կան, սակայն մանկապարտեզի առկայությունն անհրաժեշտություն է:

«Մանկապարտեզ գյուղում կառուցվել է ԽՍՀՄ տարիներին, սակայն, կառավարության որոշմամբ, շենքը շահագործվել է որպես գործարան: Սակայն հետո, իմ նախաձեռնությամբ կառուցվել է 140 տեղանոց մանկապարտեզ, որը, սեյսմակայուն չլինելու պատճառով, փլուզվել է: Այսօր արդեն նոր շենք կառուցելու նախագիծը տրված է. կլինի 75 տեղանոց՝ 3 խմբի համար նախատեսված մանկապարտեզ: Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից արդեն 8 մլն դրամի ներդրում է արված: Վստահ ենք, որ գյուղում մանակապարտեզի խնդիրն էլ առաջիկայում կդառնա իրատեսական»: Նշենք նաեւ, որ գյուղապետարանի բարեկարգված շենքում գործում է նաեւ մեծ ու հարմարավետ մարզասրահ, ուր անվճար մարզվելու են գալիս գյուղի բնակիչները:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *