Արզնին իր ենթակառուցվածքներով եւ ներուժով կարող է դառնալ լավագույն զբոսաշրջավայրերից մեկը

Զբոսաշրջության առողջարանային ուղղվածությունը Հայաստանում դարձել է գրավիչ, եւ առողջարանային բիզնեսը հայկական զբոսաշրջային համակարգի մրցունակության բարձրացման կարեւոր գործոն կարող է լինել։

Այսօր ՀՀ կառավարության կողմից զբոսաշրջության զարգացման ռազմավարական ծրագրեր են մշակվում տարբեր զբոսաշրջային կենտրոնների ուղղությամբ՝ Ջերմուկի, Դիլիջանի, Ծաղկաձորի եւ այլն, սակայն առողջարանային զբոսաշրջության լուրջ ներուժ ունեն նաեւ Արզնու եւ Աղվերանի գոտին։ Առողջարանային զբոսաշրջությունը հատկապես զարգացած էր եւ նույնիսկ մրցունակ ԽՍՀՄ տարիներին։ Ձեւավորվում էին առողջարանային քաղաքներ ու գոտիներ, ինչպես Արզնին ու Ջերմուկը կամ Կիսլովոդսկը, Բորժոմին եւ այլն։

Իրականում առողջապահական զբոսաշրջությունը հազարամյակների պատմություն ունի ու զբոսաշրջության տեսակների մեջ, թերեւս, ամենահինն է։ Սովորաբար առողջարանները հիմնվում են տեղանքում բուժիչ աղբյուրների առկայության պարագայում, սակայն առողջարաններ սկսել են ի հայտ գալ նաեւ ծովափերին կամ լեռնային այնպիսի գոտիներում, որտեղ թեեւ բուժիչ աղբյուրներ չկային, սակայն հանգստացողները կարող էին որոշակի թերապեւտիկ ծառայություններ ստանալ։

gal_outdoor_107-640x400

Այսօր առողջարանային լուրջ ռեսուրս է ներկայացնում Կոտայքի մարզի Արզնի համայնքը, որն ունի բավական մեղմ կլիմա, բարենպաստ աշխարհագրական դիրք, հանքային կենարար ջուր, ինչը բուժիչ է նյարդային ու մի շարք հիվանդությունների դեպքում։ Մարզի հրաշալի բնությունն իր ջրային ռեսուրսներով, իր գեղատեսիլ վայրերով շատ մեծ հնարավորություն է տալիս զարգացնելու ինչպես զբոսաշրջությունը, այնպես էլ առողջարանային բիզնեսը։ Ծաղկաձորը, Աղվերանը, Հանքավանը, Արզնին, Բջնին լավ հնարավորություններ են, որպեսզի Հայաստանում զարկ տրվի նաեւ զբոսաշրջության այս տեսակի զարգացմանը։

12405098_10153898483754015_952977802_o

Վիճակագրությունը փաստում է, որ վերջին տասնամյակների ընթացքում առողջարանային զբոսաշրջության հանդեպ հետաքրքրությունը բավական մեծացել է ողջ աշխարհում, ինչը բավական հեռանկարային է Հայաստանի համար՝ հաշվի առնելով առողջարանային բնական գոտիների առկայությունը, բնակլիմայական բարենպաստ պայմանները, զբոսաշրջային ավանդույթներն ու հանքային ջուրը։ Արզնու բուժական արժանիքները հայտնի են դեռեւս հին ժամանակներից։ Արզնու հանքային աղբյուրների վերաբերյալ առաջին գրավոր հիշատակումները թվագրվում են դեռեւս 15-րդ դարի սկզբից։

maxresdefault

Հատկապես ուշագրավ են Արզնու հանքային աղբյուրները, որոնք իրենց առողջարար ու հրաշագործ հատկություններով դարեր շարունակ մարդկության ուշադրության կենտրոնում են եղել։ Նույնիսկ հյուսվել են լեգենդներ, որոնցից մեկի համաձայն՝ Արզնիի անմահական ջրով բուժվում էին Արա Գեղեցիկի վերքերը, իսկ Տիգրան Մեծի արշավանքների ու պատերազմների փոքր դադարների ժամանակ զինվորների հոգնածությունն ու հիվանդությունները բալասանում էին հենց Արզնիում… Այսօր էլ Արզնին շարունակում է լինել առողջավայր եւ հայտնի է իր հանքային ջրով, որտեղ գալիս են ոչ միայն զովանալու, այլեւ բուժվելու եւ կանխարգելիչ թերապիաներ ստանալու։ Արզնին հայտնի է հատկապես իր առողջարաններով, որոնք կառուցված են նաեւ Հրազդանի կիրճում, գետի երկու ափերին։

5bd0aa4ff6a749779d32d0f7aa9f3812

Առողջարանները հիմնականում մասնագիտացված են սիրտ-անոթային համակարգի, աղեստամոքսային տրակտի քրոնիկ հիվանդությունների, հենաշարժական ապարատի հիվանդութունների, նյութափոխանակության խանգարումների, շաքարային դիաբետի, ճարպային փոխանակության խանգարումների, նեւրոզի եւ մի շարք այլ հիվանդությունների բուժման վրա։ Ինչպես մեզ հետ զրույցում պատմեց «Հայաստանի կուրորտներ» հիմնադրամի եւ Արզնու թիվ 1 առողջարանի գլխավոր տնօրեն Գագիկ Մադոյանը, դեռեւս ԽՍՀՄ տարիներին առողջարանը միութենական նշանակության հանգստավայր էր, ուր բուժման նպատակով այցելում էին ամենատարբեր երկրներից, այցելուների միայն 20 տոկոսն էին կազմում հայաստանաբնակները։

f01f54086a00404c767fdaadcad9f08b

ԽՍՀՄ փլուզումից հետո առողջարանը շարունակեց պահպանել իր գոյությունը՝ մի շարք խնդիրներ ժառանգելով։ Արզնու առողջարանը տարիներ շարունակ հանգստի եւ բուժման նպատակով այցելում են զբոսաշրջիկներ նաեւ Միջին Արեւելքի երկրներից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, ՌԴ—ից եւ այլ վայրերից։ Շուրջ 90 տարվա կենսագրություն ունեցող Արզնի թիվ 1 պոլիկլինիկան որպես ինքնուրույն առողջարան վերակազմավորվել է 2011—ին։ Արզնիում, բացի թիվ 1 առողջարանից, գործում են եւս երկուսը, որոնք հատկապես հանգստի այս թեժ շրջանում գրեթե միշտ մարդաշատ են լինում։

Հանքային ջրի հանքավայրը գտնվում է առողջարանների տարածքում եւ անմիջապես օգտագործվում է բուժական նպատակներով։ Օրինակ, թիվ մեկ առողջարանը միակն է տարածաշրջանում եւ նախկին ԽՍՀՄ—ում սրտի իշեմիկ հիվանդության (ՍԻՀ) բուժման, հետինֆարկտային եւ հետինսուլտային վերականգնման տեսանկյունից։ Բացի այդ, Արզնին բարենպաստ վայր է հանգստի համար նաեւ իր մեղմ կլիմայով։ Իսկ «Արզնի» առողջարանը վերակառուցվել է ՀՀ կառավարության որոշմամբ՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն աջակցելու նպատակով ստեղծված «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից տրամադրված միջոցների հաշվին։

94cb543917b27731b0c1a576917de5cf

Այստեղ վարկային միջոցների հաշվին կատարվել են ներդրումներ եւ շինարարական աշխատանքներ։ Առողջարանային հանգստի ոլորտի զարգացմանը նոր շունչ է հաղորդել նաեւ կառավարության նախաձեռնություններից մեկը՝ սոցիալական փաթեթի ներդրումը, որի ներդրման օրվանից սկսած Արզնի առողջարանում բուժվել եւ հանգստացել է տարեկան շուրջ 300 սոցիալական փաթեթի շահառու ինչպես Հայաստանից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից։ Բացի այդ, պետպատվերի շրջանակում առողջարանում իրենց բուժումն են կազմակերպում Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիներ։

Ինչ վերաբերում է առկա ռեսուրսների ընդլայնմանը եւ առողջարանային զբոսաշրջության զարգացմանը, ապա նախորդ տարի ՀՀ նախագահի կողմից Կոտայքի մարզպետին հանձնարարվել էր ՀՀ առողջապահության նախարարի հետ համատեղ ուսումնասիրել մարզի առողջապահական համակարգի արդիականացման ներկա փուլի արդյունքները՝ մարզային առողջապահական համակարգի հետագա բարելավման, այդ թվում՝ մարզային բժշկական կադրերի վերապատրաստման եւ առանձին մասնագետներով ապահովման շարունակական միջոցառումներ ձեռնարկելով։

e74badd0b8db9b2b070b7c0309fcec0c

 

Քանի որ Կոտայքի մարզում տեղակայված են բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ եւ կարեւոր գործոն են զբոսաշրջիկների ներգրավման տեսանկյունից ՀՀ կառավարությունն առաջնահերթություն է համարել լուծելու առնվազն երեք խնդիր. առաջինը ենթակառուցվածքների խնդիրն է, այդ թվում՝ լավ ճանապարհների, երկրորդը՝ ժամանակակից ձեւով կառավարելու աղբահանությունը եւ աղբավայրերը։ Եվ երրորդը՝ որակյալ սպասարկող անձնակազմ ունենալը։

Բացի առողջարանային նշանակությունից, Արզնին նաեւ զով հանգստավայր է, ուր հովեկները գալիս են կտրվելու քաղաքի առօրյա տապից։ Արզնու գյուղապետ Վենիամին Վենիամինովի տեղեկացմամբ՝ ներկա պահին գյուղում 4 հանգստյան գոտի կա, որոնք հատկապես այս սեզոնին հյուրընկալում ու ճանապարհում են բազմաթիվ այցելուների։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *