«Արի գրքախառնվենք» «Բուկինիստ» գրախանութում

Նոյեմբերի 25-ին Երևանի «Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ «Գրքի գիշեր 2016. արի գրքախառնվենք» միջոցառումը, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: «Ոգևորիչ անուն ունի այս ծրագիրը, որովհետև գիրքը մարդկանց՝ ոչ միայն միմյանց, նաև կյանքի երևույթների հանդեպ մերձեցման, ճանաչման լավագույն միջոցներից մեկն է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյան:

15209080_1307441179319363_859102492_n

Նա նշեց, որ նման ծրագրերի միջոցով ցանկանում են բարձրացնել գրքի դերը մարդկանց կենցաղում. «Այս միջոցառումն իր տեսակով առաջինն է ու ներքին մեծ պոտենցիալ ունի»: Միջոցառումը կազմակերում են «Բուկինիստ» ընկերությունը և «Արևիկ» հրատարակչությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

15226453_1307441162652698_668251220_n

«Բուկինիստ» ընկերության տնօրեն, «Գիրք տարածողների ազգային ասոցիացիայի» նախագահ Խաչիկ Վարդանյանն ասաց, որ իրենք ղեկավարվում են այն սկզբունքով, որ գիրքը եղել է, կա, կմնա գիտելիքի ձեռքբերման հիմնական, եթե ոչ ամենահիմնական, աղբյուրներից մեկը: Նա նշեց, որ տարեցտարի ավելանում է գրքի հանդեպ հետաքրքրությունը, ընթերցողներն ավելանում են ոչ թե տնտեսության նման երկու տոկոսով, այլ երկնիշ թվերով: Խ. Վարդանյանի խոսքով՝ բարձրացել են հրատարակված գրքերի որակը, նույնիսկ կան գրքեր, որոնք բնագրերից թարգմանվել են հայերեն, որոնց ռուսերեն թարգմանությունը դեռ չկա:

«Այս ֆոնի վրա մտածեցինք՝ կա թանգարանային գիշեր, գրադարանային գիշեր: Շատ լավ, իսկ ինչո՞ւ չանենք նաև գրքի գիշեր, որի նպատակն է գրքերով փոխանակվելը, գրքի և գրականության հանդեպ հետաքրքրություն առաջացնելը»,- ասաց նա՝ հավելելով, որ այս տարի լրանում է նաև Հայաստանի ամենամեծ գրախանութի՝ «Բուկինիստի» 84-ամյակը և առաջին մանկական հրատարակչության՝ «Արևիկ»-ի 30-ամյակը: Խ.Վարդանյանն ասաց, որ նախատեսում են հաջորդ տարվանից «Գրքի գիշեր» միջոցառմանը ներգրավել Հայաստանի բոլոր գրախանութներին՝ այդ օրը դարձնելով ընտանեկան տոն:

«Արևիկ» հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանն ասաց, որ իրենց խնդիրն է անընդհատ ուշադրության կենտրոնում պահել գիրքը, այդ իսկ պատճառով ինչքան շատ լինեն գրքին նվիրված տոները, միջոցառումները, այնքան լավ: Միջոցառման ժամանակ գրախանութի ամբողջ տեսականու համար գործելու է 30 տոկոս զեղչ, լինելու է գրքախաղ, թեյախմություն, ընթերցողները հնարավորություն կունենա ձեռք բերել գրքեր հեղինակային ինքնագրերով: Նշենք, որ այս յուրօրինակ նախաձեռնությանը առավոտյան միացել էր նաև Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *