ԿԱՐԵՎՈՐ
Search
7(36)

«Արի տուն» ծրագրի 6-րդ փուլն ավարտվեց

Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:
Այս մասին հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից։

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը փոխանցելով արիտունցներին՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը մասնավորապես ասել է. «Սիրելի՛ երիտասարդներ, համոզված եմ, որ այս 14 օրերը ձեզ համար անցան անչափ հետաքրքիր, հագեցած և բազմաբովանդակ: Այս օրերի ընթացքում դուք հնարավորություն ունեցաք առավել լավ ծանոթանալ Հայաստանի պատմությանը, տեսարժան վայրերին, հայկական մշակույթին ու ավանդույթներին: Հուսով եմ, որ կկարոտեք ձեր հայրենիքը և կրկին կվերադառնաք: Մենք միշտ սպասում ենք ձեզ: Ցանկանում եմ, որ աշխարհի, որ անկյունում էլ լինեք, հայ մնաք, չմոռանաք 100 տարի առաջ տեղի ունեցածը և պահանջատեր լինեք: Բարո՛վ էիք եկել Հայրենիք»:

Արիտունցիները հանդես են եկել ազգային երգի ու պարի գեղեցիկ կատարումներով, որը պատրաստել էին ճամբարային օրերի ընթացքում: Իրենց ելույթներով մասնակիցներին ողջունել են մեներգչուհի Անահիտ Սահակյանը և Գեղարքունիքի մարզի Ալաշկերտ ազգային երգի-պարի համույթը:

«Արի տուն» ծրագրի 6-րդ փուլն ավարտվել է հրաժեշտի ավանդական խարույկով:
Ծրագրի վեցերորդ փուլին մասնակցում էր 197 երիտասարդ 17 երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Թուրքմենստանից, Ղրղզստանից, Մեծ Բրիտանիայից, Պորտուգալիայից, Բելգիայից, Նիդերլանդներից, Իսպանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Սիրիայից, Լիբանանից, Իրանից, Թուրքիայից:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *