«Արի տուն» ճամբարում վառվեց առաջին խարույկը. Այս փուլում ընդգրկված էին 38 սիրիահայ երեխա

Հունիսի 26-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 2015թ. առաջին փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը և Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը:

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը մասնավորապես նշեց .«Սիրելի´ երիտասարդներ, հուսով եմ, որ անմոռանալի օրեր ունեցաք Հայաստանում՝ առավել լավ ճանաչելով Ձեր Հայրենիքը, կապվելով նրա բազմադարյան մշակույթին և պատմությանը: Ցանկանում եմ, որ այսուհետ ձեր կապը Հայրենիքի հետ լինի ավելի ամուր»:

Ֆ. Զաքարյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցների ծնողներին և հյուրընկալ ընտանիքներին վստահության և համագործակցության համար:

Երեխաները ներկայացրին ծրագրի շրջանակներում սովորած ազգային երգեր ու պարեր, ներկաներին պատմեցին Հայրենիքում անցկացրած անմոռանալի տպավորությունների մասին: Երեխաներին հաճելի անակնկալ մատուցեց 2013 թվականի «Արի տուն» ծրագրի մասնակից, «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող, երգչուհի Աննա Խանչալյանը:

Մասնակիցները 9 օրվա ընթացքում ծանոթացան Հայաստանի պատմամշակութային վայրերին, ունեցան բազմաթիվ հանդիպումներ պետական, հասարակական և մշակութային գործիչների հետ, ստացան հայրենագիտության անմոռանալի դասեր: Ծրագրի վերջին 5 օրերը մասնակիցներն անցկացրին Ծաղկաձորյան ճամբարում:

«Արի տուն» ծրագրի առաջին փուլը ավարտվեց հրաժեշտի ավանդական խարույկով:

Հիշեցնենք, որ «Արի տուն» ծրագրի առաջին փուլին մասնակցում էին շուրջ 58 պատանիներ և աղջիկներ 4 տարբեր երկրներից: Այս փուլում ընդգրկված էին 38 սիրիահայ երեխա:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *