Արկածային տուրիզմը զարգացման ներուժ ունի

«Հայկական աշխարհագրական» նախագիծը փորձում է տուրիզմի միջոցով բացահայտել Հայաստանի աշխարհագրական տեղերը, անհայտ վայրերն ավելի գովազդել, որպեսզի ավելի շատ տուրիստական հոսքեր ապահովեն նաեւ այդ ուղղություններով։
Լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախագծի ղեկավար Տիգրան Շահբազյանը։
Նրա խոսքով, Հայաստանում տուրիզմով զբաղվողները հիմնականում այցելուներին տանում են եկեղեցիներ, մշակութային այլ հուշարձաններ, իսկ իրենց նպատակն է ներկայացնել շատերին անհայտ լեռները, ձորերը, որտեղ նույնպես շատ են հուշարձանները։
«Մարդկանց հետաքրքրում է նոր վայրեր գնալը։ Հիմնականում աշխատում ենք հայ զբոսաշրջիկների հետ, չնայած դրսից հետաքրքրվողներ էլ կան։ Որոշ տուրօպերատորների հետ համագործակցում ենք, բայց քանի որ Հայաստան զբոսաշրջիկը սովորաբար մեկ անգամ է գալիս, այդ մեկ անգամն ուզում է լինել ամենահայտնի վայրերում՝ Տաթեւ, Նորավանք, Հաղպատ, Հաղարծին եւ այլն։ Բայց արդեն երկրորդ անգամ գալու դեպքում մենք նրանց առաջարկելու ուղղություններ ունենք»,–ասաց Տ. Շահբազյանը։

Ասուլիսին ներկա «Տրանսկովկասյան արահետ զբոսաշրջության աջակցման» ՀԿ նախագահ Վահագն Վարդումյանն ասաց, որ իրենց ՀԿ—ն ստեղծվել է 2016—ի դեկտեմբերին, բայց նախապատմությունը սկսվում է 2015—ից, երբ տարբեր երկրներից մի խումբ մարդիկ իրենց տեղերում նստած հղացել են գաղափար՝ այս տարածաշրջանում ստեղծել մի քանի երկիր իրար միացնող քայլարշավային արահետ։
«Ծրագիրը հիմնականում Հայաստան—Վրաստան—Ադրբեջան եռյակ տարբերակով է, այս պահին ակտիվ է Հայաստան—Վրաստան գիծը։ Մի քանի ամերիկացի ընկերներ ադրբեջանական կողմի հետ ունեցել են թեթեւ նամակագրություն, բայց արդյունքի չեն հասել»,–նշեց նա։
Վահագն Վարդումյանն ասաց, որ իրենց հիմնական նպատակն է Հայաստանում ստեղծել արահետներ. «Կազմակերպությունը պետք է մի բան անի, որ Հայաստանում կազմակերպված ձեւով չի արվել՝ արահետի կառուցում։ Պետք է հարդարենք, տեսքի բերենք արահետները, բարեկարգենք վտանգավոր հանգույցները, բայց այնպես, որ բնությունն ընդհանրապես չվնասվի։ Տուրիստը մեր արած աշխատանքը չպետք է նկատի։
Բավական ծախսատար աշխատանք է, փորձում ենք հնարավորինս ներառել տեղի բնակչությանը, ունենք աջակիցներ»։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *