Արցախ-2-300x185 (1)

Արցախը զանազանություն է մտցնում զբոսաշրջության ոլորտում

Արցախում կրոնական ուղղությունը զարգացնելուց բացի, զարկ է տրվում զբոսաշրջության ոլորտում պատմամշակութային վայրերը որպես զբոսաշրջային արդյունք ներկայացնելու գործընթացին: Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Տուրիզմի վարչության ծրագրերի կառավարիչ Իննա Սիմոնյանը նշել է, որ վերջին տարիներին այդ ուղղությամբ կատարված աշխատանքը տալիս է իր արդյունքը: Այսօր համապատասխան ենթակառուցվածքներ ունեցող բազմաթիվ պատմամշակութային վայրեր զբոսաշրջային մեծ հոսք են ունենում:

«Ցանկացած հայտնի պատմաշակութային վայր` լինի Գանձասարը, Տիգրանակերտը, Ամարասը, տարվա ընթացքում բավական մեծ զբոսաշրջիկների հոսք է ընդունում: Եթե հինգ տարի առաջ ունեինք հիմնականում կրոնական ուղվածության հուշարձաններ, որտեղ զբոսաշրջիկներ էին այցելում, այն է եկեղեցիներ, վանքեր, ապա այսօր Արցախում զբոսաշրջային արդյունքը բավական դիվերսիֆիկացված է:

Տիգրանակերտի պետական պատմամշակութային արգելոցում, Տողի մելիքական ապարանքում, Հունոտի կիրճում և այլ վայրերում ստեղծված են բարենպաստ պայմաններ, կան համապտասխան ենթակառուցվածքներ, իրականցվում են բարեկարգման աշխատանքներ, ինչն էլ նպաստում է զբոսաշրջիկների այցին»,-ասաց նա: Պատմամշակութային վայրերը զբոսաշրջության ոլորտում որպես առանձին արդյունք ներկայացնելու համար այս տարի զգալի աշխատանք է նախատեսված: Արցախի մի շարք պատմամշակութային վայրերում ենթակառուցվածքների զարգացման համար նախատեսված են ծրարգեր, որոնք արդեն Արցախի կառավարությունը հաստատել է:

2017 թվականին կառավարության հաստատած ծրագրի շրջանակներում կիրականացվեն Տող գյուղի պալատական համալիրի և շրջակա տարածքի վերականգման ու բարեկարգման աշխատանքներ: Ուշադրության կենտրոնում են լինելու նաև Տումի գյուղի Սբ Հովհաննես եկեղեցու վերականգնման, ինչպես նաև Ասկերանի բերդի կոնսերվացման աշխատանքները:

Միաժամանակ կկատարվեն հուշարձանների մաքրման, դրանց տարածքների բարեկարգման և կազմակերպման աշխատանքներ: Իննա Սիմոնյանը տեղեկացրեց, որ Ասկերանի բերդի կոնսերվացման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Վերը նշվածը վերջնական ցանկ չէ, սրանք պետական ծրագրեր են, դրանցից բացի, զգալի աշատանքներ են կատարվելու մասնավոր հատվածի հետ:

Դեռ 2016 թվականին հուշարձանների վերականգնման ոլորտում աշխատանքներ են տարվել Տող գյուղում՝ «Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցի տարածքում և Ասկերանի բերդում: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի միջնորդությամբ և բարերարների միջոցներով վերականգնվել են Շահումյանի շրջանի Դադիվանքի շրջակայքում գտնվող 4 մատուռներից 2-ը, իսկ մյուս մատուռների ու Դադիվանքի գլխավոր մուտքի վերականգնման աշխատանքները շարունակվում են և ավարտին կհասցվեն 2017 թվականին:

Իննա Սիմոնյանը նշեց, որ իրենց ուշադրության կենտրոնում է նաև էկոտուրիզմի զարգացման հարցը: Այդ նպատակով կշարունակվի համագործակցությունը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ»հիմնադրամի հետ: Խնդիր է դրված բարենպաստ պայմաններ ապահովել ներդրողների համար:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *