images

Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան Ադրբեջանը, դա մերժելով, իրական բանակցություններից խուսափում է

«Արցախյան հակամարտությունը եղել եւ մնում է Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը»,—Երեւանում Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12—րդ նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը։
«Ի՞նչ է փոխվել այս 30 տարիներին։ Պետք է հասկանալ, որ աշխարհը փոխվում է։ Երբ 88—ի փետրվարին Արցախյան շարժումն աշխարհում դիտվում էր որպես դեմոկրատական, արդարացի շարժում՝ ընդդեմ կոմունիստական ռեժիմի, ապա այժմ աշխարհը փոխվել է, սերունդներ են փոխվել։ Այդ արդարությունը պետք է պարբերաբար ապացուցել եւ հիմնավորել։ Չի կարելի մտածել, որ աշխարհը մեր խնդրի մասին գիտի ամբողջությամբ։ Աշխարհն ունի իր սեփական բազմաթիվ գլխացավերը, աշխարհում փոխվում են «հարց լուծողների» սերունդները, աշխարհը դարձել է նաեւ ավելի ցինիկ։ Հետեւաբար խորհրդարանական դիվանագիտությունն այս առումով պետք է ավելի նախաձեռնողական լինի»,–նշել է նա։
Աշոտյանի խոսքով՝ թիվ մեկ խնդիրը միաժամանակ արցախցի գործընկերների ձայնը դրսում ապահովելն է։ Պատգամավորը կարեւոր է համարում Արցախի միջազգային ճանաչումը տարբերակել միջազգայնացումից. «Արցախի ճանաչման հարցը մեր ամենագլխավոր նպատակն է։ Ինչպե՞ս հասնել դրան։ Դրան հասնելու ամենալավ ճանապարհը կլիներ այն, որ բոլոր երկրները ճանաչեին Արցախը։ Սակայն ստեղծված բանակցային ձեւաչափն այդ գործընթացը դեռ չի հասունացրել։ Ի՞նչ անել այս պահին. միջազգայնացնե՞լ Արցախն ըստ ճյուղերի, ինստիտուտների, Արցախը ներառե՞լ տարաբնույթ միջազգային պետական—կառավարական կազմակերպությունների եւ ծրագրերի մեջ։ Միջազգայնացնելով Արցախը՝ մենք հեշտացնում ենք նրա հետագա ճանաչումը։ Մենք պետք է կարողանանք սեկտորալության միջոցով Արցախը ներառել համաշխարհային նախագծերի ու գործընթացների մեջ»։
Աշոտյանը կարեւորել է նաեւ այն հանգամանքը, որ 2014 թ. ռուս—ուկրաինական հակամարտության համատեքստում հայկական կողմին հաջողվեց հաղթահարել Արցախի հետ կապված միջազգային ճգնաժամը, որը կար Ղրիմի շուրջ. «Այժմ առերեսվում ենք նոր խնդիրների հետ՝ ի դեմս Կատալոնիայի հանրաքվեի եւ դրա հետեւանքների։ Ցավոք, արցախյան խնդիրը միջազգային քաղաքականության մեջ ունիկալ խնդիր չի դիտվում»։ Շատերը նույնացնում են խնդիրները։ «Մեզ համար շատ կարեւոր է ցույց տալ, որ Արցախի խնդիրը նման չէ որեւէ այլ խնդրի։ Այն աշխարհաքաղաքական կամ կրոնական խնդիր չէ։ Այդ խնդրի տերը ղարաբաղցին է, խնդիրն ուրիշ տեր չունի»,–ընդգծել է Արմեն Աշոտյանը։
Լրագրողներն Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին խնդրել են անդրադառնալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե «Արցախի հարցի լուծման հետ կապված ցավոտ լուծումներ» եւ փոխզիջումներ են լինելու։
«Երեւի կոռեկտ չէ, որ ես մեկնաբանեմ Հայաստանի Հանարապետության նախագահի խոսքերը, որովհետեւ վստահ եմ, որ այդ խոսքերը եղել են շատ ավելի երկար խոսքից հետո։ Մենք փոխզիջումների մասով մի քիչ առաջ ենք ընկնում։ Իմ խորին համոզմամբ մենք շատ հեռու ենք այդ փուլից։ Այսօր պարզ է, որ Ադրբեջանը ցանկություն չունի գնալ կոնկրետ լուծումների։ Պետք է շարունակել բանակցային գործընթացը։ 2016 թվականի ապրիլից հետո մենք շատ ավելի ճիշտ ենք պատկերացնում մեր անվտանգության համակարգի բաղադրիչները։ Մենք այսօր չենք կարող մեր պաշարները թուլացնել, որպեսզի չասված բաների փոխարեն ինչ—որ բաներ տանք»,–ասել է Ղուլյանը։
Անդրադառնալով Սարգսյան—Ալիեւ ժնեւյան վերջին հանդիպմանը՝ Արցախի խորհրդարանի նախագահը համոզմունք է հայտնել, որ հայկական կողմը իր դիրքորոշումը չի թուլացրել. «Մենք Ժնեւի հանդիպումից առաջ եւ հետո մեր դիրքորոշումը չենք թուլացրել։ Մենք ցանկացած առիթ պետք է օգտագործենք բանակցային գործընթացը վերսկսելու համար։ Այն, որ 2016 թվականի ապրիլից հետո մեր դիրքորոշումը կոշտացել է, միանշանակ, է եւ չկան հիմքեր, որ մեր դիրքորոշումը մեղմանալու է»։
Ղուլյանը կարեւորել է բանակցությունների սեղանի շուրջ պաշտոնական Ստեփանակերտի ներկայությունը, սակայն միեւնույն ժամանակ նշել, որ դա բացարձակապես ձեռնտու չէ ադրբեջանական կողմին։ Պաշտոնական Բաքուն, ըստ նրա, չի ցանկանում իրական բանակցություններ սկսել. «Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին ոչ ոք չի հերքում, բացի Ադրբեջանից։ Եթե Ադրբեջանը համաձայնվի կամ միջավայր ստեղծվի, որ Արցախը մասնակցի բանակցություններին, դա կվկայի, որ կա ցանկություն՝ հիմնախնդիրը լուծելու։ Այն բոլոր հարցերը, որոնք կան բանակցությունների սեղանին եւ կարող են ծագել բանակցությունների ժամանակ, դրա մեծ մասի պատասխան տվողը Արցախի Հանրապետությունն է։ Քանի որ Ադրբեջանը ցույց չի տալիս, որ կամք ունի Արցախին տեսնել բանակցությունների սեղանի շուրջ, դա վկայում է այն մասին, որ այդ երկիրը փորձում է հեռու պահել իրական բանակցային գործընթացը»։
Ադրբեջանի կեցվածքը հուշո՞ւմ է, որ նոր պատերազմ կունենանք։ Աշոտ Ղուլյանն ասել է, որ կյանքը ցույց է տվել՝ Ադրբեջանի պահվածքը շատ անկանխատեսելի է, եւ ոչինչ չի խոսում դրական գործընթացների մասին. «Պարզապես, վստահ եմ, որ 2016 թվականի ապրիլի պատերազմից հետո Ադրբեջանն ինչ—որ հետեւություններ արել է, եւ այսօր, հաշվի առնելով նաեւ մեր հակառակորդի պահվածքը, մենք ավելի պատրաստ ենք»։
Արցախի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը եւս կարեւորել է բանակցություններին Արցախի մասնակցության հարցը։ Նրան չի գոհացնում, որ պաշտոնական Ստեփանակերտը դուրս է մնացել Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացից. «Ընդունելի չէ, որ Արցախի քաղաքական խնդրի լուծումը իրականացվում է առանց Արցախի մասնակցության։ Արցախցիների համար թիվ մեկ հիմնախնդիրն այն է, որ Արցախի խնդրի լուծման ձեւաչափում վերականգնվեն Արցախի իրավունքները, եւ մենք եւս կարողանանք մասնակից լինել մեր ճակատագրի լուծմանը։ Մենք չենք կասկածում, որ հայկական պատվիրակությունները խորհրդարանական դիվանագիտության մակարդակում իրոք պաշտպանում են Արցախի խաղաղ կարգավորման հարցը, սակայն փորձել լուծել մի ժողովրդի խնդիր, որին մասնակից չես, սա նորմալ երեւույթ չէ»։
Հարցին՝ ինչպե՞ս կարող է Արցախը կրկին վերադառնալ բանակցությունների սեղանին, եւ դիտարկմանը, որ իր գործընկերներից մեկը նկատել էր, թե դա հնարավոր է միայն պատերազմի ճանապարհով, Մխիթարյանը պատասխանել է, որ արցախցիները միշտ էլ պատրաստ են պատերազմի։ Այդ ընկալումն ունեն 1988—ից, երբ իրենց խաղաղ պահանջներին հակադրվեց սումգայիթյան ոճրագործությունը. «Նաեւ ակնհայտ է՝ Ադրբեջանը քաղաքական լուծումների չի գնում։ Նա չունի այն կեցվածքը, որ կարող է քաղաքական լուծումներ առաջարկել։ Այս պատճառով, գուցե ինչ—որ առումով ճշմարի՞տ է այդ քաղաքական գործիչը, որ մեր՝ բանակցություններին վերադառնալու միակ տարբերակը պատերազմն է։ Բայց ես կարծում եմ, որ գոյություն ունի քաղաքական մշակույթ, որին պետք է հետեւի ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը։ Կարծում եմ, որ խորհրդարանական դիվանագիտության մակարդակում պետք է հասնել նրան, որ Արցախն այս ձեւաչափում ունենա իր դերակատարությունը»։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *