Արցախում ավելի անվտանգ է, քան Եվրոպայում

«Ես այստեղ եմ ոչ թե ինչ–որ բան պատմելու, այլ Արցախն ավելի լավ ճանաչելու, մարդկանց հետ շփվելու եւ նրանց հասկանալու, ստացածս տպավորություններն իմ հայրենակիցներրի հետ կիսելու համար։ Եկել եմ իրականում ձեզ լսելու եւ սովորելու համար։ Հայ ժողովուրդը, որ մարդկությանը բազմաթիվ հայտնի անհատներ է տվել, արժանի է մեծ ուշադրության եւ հարգանքի, նրա փորձը պետք է իմաստավորվի ողջ մարդկության կողմից»,–այսպիսի կարծիք է հայտնել լրագրողների հետ կայացած հանդիպմանը ճանաչողական այցով Արցախում գտնվող իսրայելցի հայտնի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը, ով հյուրընկալվել է ինչպես նախագահականում, այնպես էլ՝ Ազգային ժողովում։
Շարադրելով իր մոտեցումներն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, քաղաքագետն անդրադարձել է հայ—իսրայելական հարաբերությունների զարգացման հիմնախնդիրներին, կարեւորել հրեական հայրենադարձության հաջողված փորձը Հայաստանում եւ Արցախում կիրառելու անհրաժեշտությունը. «Իսրայելում հաճախ ենք լուրեր լսում ձեր երկրի մասին, սակայն դրանք երբեմն այնքան հակասական են ու ժլատ, որ դժվարանում ենք իրական պատկերացում կազմել։ Մարդիկ գիտեն, որ բախումներ են եղել, բայց խնդրին քաջատեղյակ չեն։ Լինելով այստեղ, երկու օրում ինձ հաջողվեց որոշ բացահայտումներ անել Արցախի, նրա մարդկանց վերաբերյալ։ Ու զարմանում եմ, թե ինչպես է ձեզ հաջողվել կառուցել մի երկիր, ուր քրեական խնդիրներ չկան, իսկ կրթամշակութային կյանքն ուղղակի եռում է։ Պապենական արմատներին ամուր կառչելու, սեփական հողի վրա ապրելու եւ արարելու ժողովրդի կամքն այն զորեղ ուժն է, որին ընդդիմանալ անհնար է։ Մարդկանց բարությունն ու աշխատասիրությունը, միջավայրն ու մաքուր օդը օգնում են ստեղծելու մի այնպիսի առողջ հասարակություն, ում իրավունք է վերապահված տնօրինելու իր ճակատագիրը»։
Ճանաչված քաղաքագետն հավաստիացրել է, որ ինքն ու գործընկերները ուշիուշով հետեւում են Արցախում տեղի ունեցող գործընթացներին, եւ կարծում է, որ «ճիշտ ճանապարհով է ընթանում երկիրը, ու Ադրբեջանը վերջիվերջո պիտի ընտրի խաղաղ գոյակցության տարբերակը»։ Նրա համոզմամբ, խաղաղ գոյակցության համար կան հուսալի հիմքեր եւ անհրաժեշտ է ստեղծել փոխվստահության մթնոլորտ. «Այդ տեսանկյունից ես շատ եմ կարեւորում փոխշփումների ձեւաչափի կիրառումը, ինչը հնարավորություն կտար այցելել միմյանց եւ խաղաղ գոյակցության համար եզրեր որոնել։ Ասել է թե՝ ժողովրդական դիվանագիտության ակունքները երբեք չեն ցամաքում։ Որպեսզի ստատուս քվոն փոխվի, երկու երկրների իշխանությունները պիտի նպաստեն երկխոսությանը, ինչը, ցավոք, այսօր բացակայում է»։
Ընդգծելով, որ ինքը միայն բարի առաքելությամբ է այցելել տարածաշրջան եւ խաղաղություն է մաղթում հայերին ու ադբեջանցիներին, Ավիգդոր Էսկինը դատապարտեց սահմանում հրադադարի խախտման եւ իրավիճակի սրման ցանկացած փորձ, որը ջահել կյանքեր է խլում. «Ադրբեջանում ներքին լարվածության ալիք կա։ Ես եղել եմ Բաքվում ու տեսել նախագահի դեմ կազմակերպված ցույցերը։ Գիտեմ, որ մարդիկ դժգոհ են իշխանություններից։ Գիտակից, կիրթ մարդկանց հատկապես դուր չեն գալիս սոցիալական անարդարությունները։ 2016—ի ապրիլին ռազմական գործողություններ սկսելով Արցախի դեմ՝ Ալիեւը փորձում է ժողովրդի ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից՝ ցանկանալով մի փոքր հաղթանակ շահել՝ 100 մետր տարածքի վրա, ջանալով ադրբեջացիներին համոզել, թե ինքն ունակ է հաղթել, ինչն, իմ կարծիքով, շատ վտանգավոր միտում է»։
Ա. Էսկինի խոսքով, շատ կարեւոր է, որ աշխարհն Արցախը ճանաչի ոչ թե միայն որպես հակամարտող կողմ, այլ որպես ծաղկող ու բարգավաճող մի երկիր, հայ ժողովրդի պատմական բնօրրան, տնտեսական, կրթամշակութային, զբոսաշրջային արժեհամակարգ ունեցող մի պետություն, որտեղ մարդիկ պատրաստ են կյանքի գնով պաշտպանելու իրենց ազատությունն ու անկախությունը, ապահովելու սերունդների անվտանգությունը. «Ես այստեղ ավելի անվտանգ եւ ապահով զգացի, քան Եվրոպայում, որտեղ գրեթե ամեն օր բռնություններ եւ ծանր հանցագործություններ են իրականացվում։ Մինչդեռ շուրջս աշխույժ, ստեղծագործ մթնոլորտ է, մարդիկ խաղաղ աշխատանքով են զբաղված, ու չէի կամենա, որ Արցախի հողում դարձյալ ռումբեր պայթեն եւ խախտվի անդորրը»։
Անդրադառնելով այն հարցին, թե արցախցիներն ինչ ունեն սովորելու իսրայելցիներից, Ա. Էսկինը պատասխանել է. «Հայրենադարձության մասով, դուք ընդօրինակելու շատ բան ունեք մեզնից։ Կարծում եմ, այստեղ պետական մակարդակով քայլեր պիտի ձեռնարկվեն արցախցիներին դրսից տուն բերելու համար։ Մի քանի տասնյակ տարում, չնայած դրսեւորած համառությանը, մենք աշխարհի հրեաների կեսից ավելիին բերեցինք Իսրայել եւ հզորացանք՝ օգտագործելով մեր ներուժը։ Արտերկրում ապրող ձեր հարազատները վերադառնելով հայրենիքխ երկիրը կհզորացնեն նաեւ տնտեսապես ու ռազմականապես։ Իսկ ուժեղ պետությունն անպարտելի է»։
«Ես չեմ հասկանում, թե ինչու պետք է չայցելեմ Արցախ։ Ինձ համար հրեշավոր է, որ Արցախ այցելելու համար ես Ադրբեջանում դարձել եմ անցանկալի անձ։ Արցախ այցից հետո Ադրբեջանի ինչ—որ «սեւ ցուցակներում» եմ հայտնվում, ինչո՞ւ։ Այն, որ մարդը բարի կամքով այցելում է Արցախ, խոսում է այնտեղի մշակութային, կրթության բարձր մակարդակի ու լավ ընդունելության մասին։ Ադրբեջանում այդ մարդը «պերսոնա նոն գրատա» է ճանաչվում»,—ասաց Ավիգդոր Էսկինը արդեն Երեւանում հրավիրված մամուլի ասուլիսում։ Նա ընդգծեց, որ չի կարող ընդունել այն սահմանափակումները, ըստ որոնց՝ չի կարող այցելել իր ընկերներին։ Այնինչ՝ Արցախում ինքը ընկերներ ունի։
Իսրայելցի գործչի այցն Արցախ կազմակերպած արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը կարեւոր համարեց այս այցը. «Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ Հայաստանը, Իսրայելը պետք է զարգացնեն հարաբերությունները միմյանց հետ։ Ես կարծում եմ, որ դա ժամանակի հրամայական է։ Այս ընթացքում փոխայցեր եղել են։ Ավիգդոր Էսկինի այցն այդ տրամաբանության շարունակությունն է։ Այսօր մեծ զարգացում է ապրում ժողովրդական դիվանագիտությունը, եւ մենք օգտագործում ենք «փափուկ ուժը», որը կարող է նպաստել երկու երկրների զարգացմանը»։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *