Արցախում «Արմատներ» խորագրով ֆիլմ է նկարահանվել

Ուկրաինայի Նիկոլաևա քաղաքում բնակվող երիտասարդ ռեժիսոր Իլոնա Քոչարյանն Արցախում «Արմատներ» խորագրով կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել:

Ինչպես «Արցախպրես»-ի հետ բացառիկ զրույցում ասաց ուկրաինահայ ռեժիսորը, ֆիլմի անունը պատահական չի ընտրվել: «Ես արմատներով Լեռնային Ղարաբաղից եմ: Իմ ընտանիքը 1990-ականների սկզբին բռնագաղթել է Մարտակերտի շրջանից, երբ ադրբեջանական բանակն օկուպացիայի էր ենթարկում Ղարաբաղը: Իմ նպատակն էր այս փոքրիկ ֆիլմի միջոցով մեկ անգամ ևս արժևորել այն ձեռքբերումները, այն հերոսական հաղթանակը, որ ունեցել է մեր ժողովուրդը: Մեկ այլ նպատակ էր խրախուսել դիտողներին հավատարիմ մնալ իրենց արմատներին, քանի որ եթե մարդը կտրվում է արմատներից հատկապես օտարության մեջ, նա կորցնում է իր տեսակը: Թե ինչքանով է հաջողվել մեզ ֆիլմում արտացոլել այդ նպատակները, կարծում եմ՝ գնահատականներ տալու կամ ստանալու առիթներ դեռ շատ կունենամ»,- ասաց Իլոնա Քոչարյանը՝ հավելելով, որ ֆիլմը կոմերցիոն չէ, և առաջիկայում պատրաստվում է ներկայացնել այն տարբեր անվանի կինոփառատոնների:

Ֆիլմի նկարահանման հիմնական աշխատանքները կատարվել են Շուշի քաղաքում, իսկ որոշ դրվագներ՝ Արցախի տեսարժան այլ վայրերում: Գլխավոր հերոսը ծերունի պապն է, ով պատերազմի ժամանակ կորցրել է ավագ որդուն և կնոջը: Կրտսեր որդին ընտանիքով ապրում է Ուկրաինայում, ով երեխաների հետ գալիս է հայրենիք՝ հորը համոզելու, որպեսզի իրենց հետ մեկնի: Ծերունին մերժում է հեռանալ հայրենիքից՝ փորձելով իր մոտ պահել նաև արմատներով հետաքրքրված թոռանը: Դեպքերի արագ ու հետաքրքիր զարգացումը թողնում ենք ընթերցողի դիտմանը…

Դերասանների կազմը 22 րոպեանոց ֆիլմի համար ընտրվել է Երևանից և Ստեփանակերտից: Հատկանշական է, որ ֆիլմը նկարահանվել է արցախյան մասնագետների կողմից, մասնավորապես՝ բեմադրող օպերատորներն են Արեգ Բալայանը և Արսեն Բեգլարյանը:
Իլոնա Քոչարյանի խոսքով՝ Ռուսաստանում արդեն սկսվել են ֆիլմի փակ ցուցադրությունները, սակայն նա դժվարացավ հստակ նշել, թե այն երբ կցուցադրվի հայրենիքում: «Համոզված եմ՝ շուտով»,- ի պատասխան մեր հարցին՝ ասաց ռեժիսորը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *