Արցախում զբոսաշրջային խոշոր ծրագիր է սկսվում. կներդրվի շուրջ 50 մլն դոլար

Այսօր ԼՂՀ կառավարության նիստերի դահլիճում «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDеA) կողմից կայացել է Արցախի Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի տարածքում էկո գյուղի կառուցման ծրագրի շնորհանդեսը, որին մասնակցում էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը և պաշտոնատար այլ անձինք:  «Արցախպրեսի» հաղորդմամբ, ներկայացնելով ծրագրի մանրամասներն ու իրականացման փուլերը՝ Հիմնադրամի կողմից հրավիրված միջազգային փորձագետները նշել են, որ այն լուրջ խթան է հանդիսանալու Արցախի զբոսաշրջության զարգացման համար՝ այս առումով ներմուծելով նաև նոր մշակույթ: Ըստ ներկայացվածի՝ ծրագրի էությունը կայանում է այն բանում, որ էկոլոգիական առումով մեծ ներուժ ունեցող Արցախում ստեղծվելու են էկոլոգիապես մաքուր սկզբունքներով աշխատող ժամանակակից ենթակառուցվածքներ՝ զբոսաշրջիկների մեծ հոսք ներգրավելու համար:

Ծրագրի պատասխանատուների խոսքով, արդեն 2015թ.-ին կսկսվեն շինարարական աշխատանքները, որոնք, ըստ փուլերի, նախատեսվում է ավարտել մի քանի տարվա ընթացքում: Նախագիծը կյանքի կոչելու համար անհրաժեշտ կլինեն համապատասխան որակյալ մասնագետներ, որոնց ընտրության և կրթության համար Հիմնադրամի ներկայացուցիչները գալիք տարեսկզբին կհանդիպեն հասարակության լայն շրջանակների հետ:

Ողջունելով նախաձեռնության հեղինակներին՝ նախագահ Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ռուբեն Վարդանյանին` Արցախում զբոսաշրջության զարգացման գործում արտասահմանյան առաջատար մասնագետների ներգրավման եւ ժամանակակից փորձի կիրառմանը նպաստելու համար: Նախագահը նշել է, որ ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ամեն կերպ աջակցելու ծրագրի իրականացման և հաջողության համար: Նշենք, որ մեր ունեցած հավաստի տվյալներով՝ նախագծի արժեքը կազմում է շուրջ հիսուն միլիոն ամերիկյան դոլլար:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *