Արցախում կկայանա համաժողովրդական հանրաքվե

Փետրվարի 20—ը, որ ճակատագրական եղավ հայ ժողովրդի համար, Արցախի նորագույն պատմության մեջ է մտել որպես ազգային վերածննդի օր։ Այդ օրը նշանավորվելու է եւս մի ուշագրավ քաղաքական իրադարձությամբ։ Փետրվարի 20–ին Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը երկրում կդրվի համաժողովրդական հանրաքվեի։
Շարունակվում է քարոզարշավը, եւ այդ շրջանակում, քաղաքական ուժերի պատասխանատուներն ամենատարբեր ձեւաչափերով հանդիպումներ են ունենում հանրաքվեի մասնակիցների հետ, պարզաբանում Սահմանադրության նախագծի առանձնահատկությունները, պատասխանում նրանց հուզող հարցերին։ Ակտիվ քննարկումներ են ծավալվում հիմնարկ—ձեռնարկություններում, շրջկենտրոններում, գյուղական համայնքներում։
Հատկանշական է, որ խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցություններն իրենց հստակ դիրքորոշումն են արտահայտել փաստաթղթի վերաբերյալ։ Քաղաքական ուժերից «Հայրենիք» եւ «Ժողովրդավարություն» խմբակցությունները կողմ են քվեարկել նախագծին, ու ձայների ճնշող մեծամասնությամբ այն արժանացել է Ազգային ժողովի հավանությանը։ Միեւնույն ժամանակ դաշնակցությունը, «Վերածնունդ» եւ «Շարժում—88» խմբակցությունները բացասական դիրքորոշում ունեն։ «Ազատ հայրենիք» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունները հանդես են եկել Սահմանադրության նախագծի պաշտպանությամբ եւ ակտիվ քարոզչություն են իրականացնում։ Նրանց են միացել նաեւ Արցախի կոմունիստներն ու «Արմենական» կուսակցությունը։

Տարբեր տեսակետներ եւ խոսակցություններ են շրջանառվում հանրապետությունում։ Ոմանց կարծիքով, Սահմանադրության նախագիծը եզակի է իր տեսակի մեջ, ոմանք էլ գտնում են, որ այն «պարտադրված է»։ Ի վերջո, ինչպիսի՞ օրենք են ունենալու Արցախում, եթե նախագիծը դրվի համաժողովդական քվեարկության եւ ընդունվի։ Մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ղեկավար եւ Արցախի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Աշոտ Ղուլյանի համոզմամբ, Սահմանադրության նախագծի հետ կապված խոսակցությունները չեն դադարելու նույնիսկ փաստաթղթի ընդունումից հետո։ Եվ քաղաքական գործիչը դա բնական է համարում։ «Մեր ժողովրդին չեն կարող չմտահոգել այն հարցերը, թե ինչպիսի պետություն ենք ուզում կառուցել, ինչ նպատակներ ենք դնում մեր առջեւ եւ ինչ զարգացումներ են մեզ սպասվում,–կարծում է Ա. Ղուլյանը։
–Սահմանադրական բարեփոխումների հարցում, ինչ էլ որ անենք, չեն կարող այսօրվա իրավիճակն անտեսել։ Դրանք առաջին հերթին արտաքին մարտահրավերներն են, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից մշտական ռազմական ագրեսիայի վտանգը, մեր երկրի չճանաչվածության, ղարաբաղյան հիմնախնդրի չկարգավորված լինելը։ Դրա հետ մեկտեղ՝ մեր պետական հաստատությունների հետագա կատարելագործման հրամայականը ու ժողովրդից մեզ հասնող պահանջները»։
Պարոն Ղուլյանի հավաստմամբ, ընդհանուր առմամբ, հաջողվել է «այդ պահանջների միջակայքում» օպտիմալ լուծումներ գտնել։ «Սահմանադրության նախագծում դրվել են պառլամենտական կառավարման այնպիսի բաղադրիչներ, որոնք բացակայում են որեւէ երկրի Սահմանադրության մեջ։
Այնպես է արվել, որ առաջարկվող մոդելը նաեւ պառլամենտական կառավարման տարրեր պարունակի, որպեսզի քաղաքական մյուս ուժերի մոտ ինչ—որ չափով «բավարարվածության զգացում լինի»։ Քաղաքական նպատակահարմարության հարց ընդհանրապես գոյություն չունի»,–ասում է ԱԺ նախագահը՝ հավելելով, թե Արցախի նոր Սահմանադրությունը (նախագիծն) իր լուծումներով ինքնատիպ է։ Փորձ է արվել նախագահական կառավարման մոդելին առավելագույն չափով համադրել պառլամենտական կառավարման բաղադրիչները։ Ա. Ղուլյանի համոզմամբ, «դա այսօրվա իրողություններին համահունչ է», քանի որ մի կողմից բավարարվել է կենտրոնաձիգ իշխանություն ունենալու պահանջը, մյուս կողմից՝ կառավարման առաջարկվող մոդելն առավելագույն չափով դրվել է խորհրադարանական վերահսկողության տակ։ «Այս ամենի հիմքում դրված է մեր ժողովրդի անվտանգության խնդիրը»,–պարզաբանում է ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահը։
Հանդիպումների ժամանակ «այո» ճակատից փաստաթուղթը բնակչության դատին ներկայացնելով՝ «Ազատ հայրենիք» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցության առաջնորդներն իրենց դիտարկումներն են շարադրում նախագծի սկզբունքային նշանակության հոդվածների վերաբերյալ, կարեւորում հանրաքվեին ակտիվորեն մասնակցելու անհրաժեշտությունը, համոզմունք հայտնելով, որ ինչպես նախորդ համաժողովրդական հանրաքվեի ժամանակ, այս անգամ եւս ժողովուրդը վճռական որոշում կկայացնի եւ կհայտնի իր դիրքորոշումը։
Եթե Աշոտ Ղուլյանի հերթական հանդիպումը տեղի է ունեցել Հադրութում, ապա «Ազատ հայրենիքի» ղեկավար Արայիկ Հարությունյանը հյուրընկալվել է Մարտունի քաղաքում եւ շրջանի Գիշի, Սոս, Պառավաթումբ գյուղական համայնքներում։ Ինչպես իրենք են խոստովանում, քարոզիչների գլխավոր նպատակն է հնարավորության սահմաններում հանրությանն իրազեկել նախագահական կառավարման կարգի առավելություններին, որի դեպքում լիարժեք գործելու են իշխանության թեւերի զսպման եւ հակակշռման մեխանիզմները, այնպես կատարել պարզաբանումները, «որպեսզի մտահոգիչ հարցեր չլինեն»։
Եթե մեկ տարի առաջ «Ազատ հայրենիք» կուսակցությունը պառլամենտական կառավարման կողմնակից էր, ապա այսօր միանշանակ նախապատվությունը տալիս է նախագահական կառավարման մոդելին։ Ըստ որում, Ա. Հարությունյանը միանգամայն հիմնավորված եւ արդարացված է համարում «Արցախի Հանրապետության Սահմանադրություն» ձեւակերպումը՝ Լեռնային Ղարաբաղի փոխարեն։ Անցած երկուսուկես տասնամյակի ընթացքում Բաքուն փորձել է ամեն ինչ անել տարբեր ոլորտներում՝ Ղարաբաղ անունն Ադրբեջանի հետ կապելու համար, նրա կարծիքով, «գործածելով Արցախի Հանրապետություն անվանումը, Բաքվի կողմից տարվող 25 տարիների քարոզչությունը վերածվում է 0–ի»։
Վարչապետը չի բացառում, որ հետագայում նաեւ շրջանների պատմական անվանումները վերականգնելու անհրաժեշտություն կլինի։
Թե ինչու առաջնությունը պիտի տրվի կառավարման նախագահական մոդելին, վարչապետ Ա. Հարությունյանը գտնում է, որ պատերազմող այնպիսի երկրի համար, ինչպիսին Արցախն է, ուր տակավին չլուծված է մնում հակամարտության կարգավորումը, երկրի գլուխ կանգնած պիտի լինի նախագահը, ով, ի դեպ, պատասխանատվություն է կրելու նաեւ կառավարության գործունեության համար։ «Հատկապես ապրիլյան պատերազմից հետո ուժեղ եւ կենտրոնաձիգ իշխանություն ունենալու խնդիրն առաջին պլան մղվեց,–կարծում է «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդը։–Հետեւաբար, կառավարման համակարգը մեր երկրում պիտի գործի այնպիսի ճկունությամբ, որպեսզի նախագահի կողմից ձեռնարկվող քայլերը վճռորոշ նշանակություն ունենան երկրի, նրա ճակատագրի համար։ Ասել է թե՝ արտակարգ իրավիճակներում ղեկավարելու համար «ուժեղ ձեռք» է անհրաժեշտ եւ սկզբունքային դիրքորոշում»։

Հադրութում հանրության հետ կայացած հանդիպմանն Աշոտ Ղուլյանը ներկաներին հետաքրքրող բազում հարցերի թվում անդրադարձել է նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտում ակնկալվող բարեփոխումներին։ Ոմանք համայնքների խոշորացում կապակցությունը ճիշտ չեն ընկալել, եւ խորհրդային տարիների օրինակով հակված չեն, որպեսզի «փոքր գյուղերը միավորվեն»։ Եվ ԱԺ նախագահը պարզաբանելով միտքը՝ մանրամասնում է, որ դա ամենեւին էլ չի նշանակում բնակավայրերն իրար միացնել. «Այստեղ երկու գյուղերն իրար միացնելու խնդիր չկա։ Ժամանակն է, որպեսզի շրջանը դառնա մեկ համայնք, եւ ավագանու կողմից ընտրվի շրջանի ղեկավարությունը։ Իսկ մնացած բնակավայրերում (գյուղերում), ըստ թվաքանակի, համայնքի ղեկավարը կարող է լինել եւ ընտրովի, եւ նշանակովի։ Ըստ որում, դա պիտի արվի համայնքի ղեկավարի պատասխանատվությունը բարձրացնելու, աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նկատառումով»։

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *