ԲԱՅՐՈՆԻ ԴԵՐԸ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Այն ժամանակ, երբ ֆրանսիացի գիտնականները և լեզվաբանները սկսել էին զբաղվել հայոց լեզվի և պատմության ուսումնասիրությամբ, Անգլիայում այդ ուղղությամբ գրեթե ոչ մի աշխատանք չէր կատարվում:

Վիստոնյան եղբայրների Մովսես Խորենացու Հայոց Պատմության լատիներեն թարգմանությունը, որ հրատարակվել էր Լոնդոնում, շատ ավելի ուշադրության էր արժանացել այլազգի գիտնականների կողմից, քան անգլիացիների:
Շրումպֆի ու Զարբհանալյանի հավաստումով Անգլիայում Վիստոնյան եղբայրներից հետո, Բայրոնը առաջին մարդն է եղել, որ զբաղվել է հայ լեզվի ուսումնասիրության գործով:
«Անգղիական ազգի և մատենագրության մեջ մեծահամբավ անձ և քերթող մը` անուանին լորտ Պայրըն, առաջին կըլլա նույն ազգին մեջ, որ Վիստոնեան եղբայրցմէ ետքը կը պարապի հայկական լեզվի ուսումնասիրությամբ»:[1]
Դեռևս Լոնդոնում եղած ժամանակ Բայրոնին հայտնի է եղել Վիստոնյան եղբայրների Խորենացու Պատմության թարգմանությունը: 1817 թվականի հունվարին 2-ին գրած նամակում Բայրոնը այդ առթիվ հարցում է անում Ջոն Մըրրեին.
«Ուզում ենք իմանալ Անգլիայում կա՞ն արդյոք հայերեն տառեր և մամուլ. Օքսֆորդում, Քեմբրիջում կամ որևէ այլ տեղ: Կարծում եմ դու գիտես, որ շատ տարիներ առաջ երկու Վիստոնները Անգլիայում հրատարակեցին Հայոց Պատմության բնագիրը իրենց կատարած լատիներեն թարգմանությամբ: Գոյություն ունե՞ն արդյոք այդ տառերը և որտե՞ղ: Խնդրում եմ հարցուփորձ անես քո գրագետ ծանոթների շրջանում: Երբ Քերականությունը (ես նկատի ունեմ այն մեկը, որն այժմ տպագրվում է) լույս տեսնի, արդյոք դու չե՞ս առարկի վերցնելու 40 կամ 50 օրինակ դրանցից, որ քեզ պիտի արժենա ոչ ավելի, քան հինգ կամ տաս գինե և դրանց վաճառումով փորձի գնես գիտնականների հետաքրքրությունը: Ասա այո, կամ ոչ, ինչպես կամիս: Կարող եմ քեզ վստահեցնել, որ հայերն այստեղ ունեն մի շարք շատ հետաքրքիր գրքեր և ձեռագրեր, գլխավորապես թարգմանություններ հունական բնագրերից, որ այժմ կորած են: Բացի այդ, նրանք այստեղ ներկայացնում են մի չափազանց հարգելի և ուսումնասեր հասարակություն և Բոնապարտի որով Ֆրանսիայի զանազան գիտնականներ մեծ եռանդով ձեռնարկել են նրանց լեզվի ուսումնասիրությունը»:
… Բայրոնը իր նամակներում հաճախակի հիշատակվող այսպիսի տողեր ունի. «Եվսեբիոսի բնագրի վաղուց կորած և վերջերս գտնված կտորների հայերենից կատարված թարգմանություն»: «Կարող եմ քեզ վստահեցնել, որ հայերն այստեղ ունեն մի շարք հետաքրքիր գրքեր և ձեռագրեր, գլխավորապես թարգմանություններ հունական բնագրերից, որ այժմ կորած են» և այլն:
Երբ Բայրոնը ս. Ղազար եկավ, այնտեղ տպագրության էր պատրաստվում հույն մատենագիր Եվսեբիոս Կեսարացու «Ժամանականք երկմասնեա» կամ «Քրոնիկոն» կոչվող նշանավոր աշխատությունը լատիներեն լեզվով:
«Քրոնիկոն»-ը գրվել է դրանից 1600 տարի առաջ և 5-րդ դարում թարգմանվել է հայերեն: Հետագայում հունարեն բնագիրը անհետ կորել էր: Կորած էր համարվում նաև հայերեն թարգմանությունը:
1787 թվականին մի հայ բանասեր և ճանապարհորդ, որ գրականության մեջ հայտնի է Պալատեցի Գևորգ Դպիր անունով, շամախեցի մի հայ ընտանիքում հյուրընկալվելիս, գիշերը, ջուր խմելու ժամանակ, այդ տանը բոլորովին պատահաբար հայտնաբերում է մի մագաղաթյա հաստ ձեռագիր, որ օգտագործվել է իբրև ջրամանի խուփ: Պարզվել է, որ դա եղել է Եվսեբիոս Կեսարացու վերոհիշյալ անհետ կորած «Քրոնիկոն»-ի հայերեն թարգմանությունը:
Հետևյալ օրը Գևորգ Դպիրը այդ թանկագին գանձը վերցնելով, անմիջապես ուղևորվում է իր ծննդավայրը` Կոստանդնուպոլիս:
Վանքի միաբան վարդապետ Մկրտիչ Ավգերյանը, որ Հարություն Ավգերյանի ավագ եղբայրն էր, իմանալով այդ մասին, Վենետիկից նամակով դիմում է Գևորգ Դպիրին «Քրոնիկոն»-ը ս. Ղազար ուղարկելու, որ ինքը թարգմանի լատիներենի:
Դպիրը բնագրի փոխարեն Վենետիկ է ուղարկում դրա ընդօրինակությունը: Մկրտիչ Ավգերյանը ստանալով այն, հայերեն թարգմանության միջոցով ստեղծում է լատիներեն տեքստը` վերականգնելով անհետ կորած բնագիրը:
Այս թարգմանությունը լույս է տեսնում ս. Ղազարի տպարանում 1818 թվականին, 407 մեծածավալ էջերի վրա, մատենագրական աշխարհի կողմից ընդունվելով որպես մի աննախադեպ խոշոր հայտնագործություն:
Այնուհետև Մկրտիչ Ավգերյանի լատիներեն թարգմանությունից «Քրոնիկոն»-ը թարգմանվում է եվրոպական զանազան լեզուներով: Այսպիսով, հայ լեզվի և գրի շնորհիվ կորստից փրկվելով, գիտական աշխարհի սեփականությունն է դառնում Եվսեբիոս Կեսարացու նշանավոր աշխատությունը:
«Քրոնիկոն»-ի այս հայտնագործությունը այնքան է ուրախացնում Բայրոնին, որ նա 1818 թվականի հունվարի 27-ին դրա հայտագրի ֆրանսերեն թարգմանությունից վեց օրինակ շտապ ուղարկում է Լոնդոն իր հրատարակիչ Ջոն Մըրրեին, որպեսզի նա դրանց համար բաժանորդներ գտնի «Երկու համալսարանների միջև, ինչպես նաև գիտունների և իրենց տգիտությունը թոթափել կամեցող տգետների միջև»:
Պատասխան չստանալով Լոնդոնից, նա նույն թվականի ապրիլի 11-ին զայրացած գրում է Մըրրեին.
«Ինչո՞ւ չուղարկեցիր նամակիս պատասխանը և բաժանորդների ցուցակը հայկական Եվսեբիոսի թարգմանության, որի ֆրանսերեն լեզվով տպված հայտագրի օրինակները քեզ ուղարկեցի երկու ամիս առաջ: Ստացե՞լ ես իմ նամակը. ուղարկում եմ մեկ ուրիշը: Չպետք է լքես իմ հայերին»:
Թե ինչպիսի եռանդուն ջատագով է եղել Բայրոնը հայ մշակույթի համար, այդ երևում է նաև հետևյալ փոքրիկ օրինակից:
Բայրոնի կենսագիրը բանաստեղծի հետ 1823 թվականի մայիսի 17-ին կապված այսպիսի մի դեպք է նկարագրում.
«Բայրոնը իր զրույցից առաջ ներկա եղողներից յուրաքանչյուրին ընծայեց հրաժեշտի մի փոքրիկ հուշանվեր. մեկին` մի գիրք, մյուսին` իր կիսարձանի մի տպագիր օրինակը, ըստ Լորենսո Բարդոլինիի իսկ տիկին Բ-ին` Հայ քերականության օրինակներից մեկը, որի թերթերի վրա նշված էին ձեռագիր դիտողությունները»:
… Հայ-անգլերեն քերականության դասագիրքը կազմելիս Բայրոնը այնտեղ զետեղել էր բազմաթիվ նմուշներ մեր հին և միջնադարյան գրականությունից, որպեսզի օտարազգի ուսանողը հնարավորություն ունենար ծանոթանալու մեր մշակույթի նմուշների հետ:
Այս բոլոր օրինակները վկայում են, որ Բայրոնի վերաբերմունքը խիստ ջերմ և բարեկամական է եղել հայերի և հայ գրքի հանդեպ:
Նախաբայրոնյան շրջանի եվրոպացի գիտնականները հայ լեզվի ուսումնասիրությամբ զբաղվում էին գերազանցապես կրոնական նպատակներով: Նրանք նախ և առաջ ուզում էին աստվածաշնչի հայերեն նշանավոր թարգմանությունը օգտագործել ս. Գրքի բնագիրը ստուգելու համար:
Բայրոնը նույնպես զբաղվել է այդ հարցով, թարգմանելով առաքելական թղթերից երկու հատ, սակայն նա ամենևին նպատակ չի ունեցել հայերենը սովորել կրոնական տեքստեր ստուգաբանելու համար: Բայրոնը հայ լեզվի ուսումնասիրությամբ զբաղվելով նպատակ է ունեցել Եվրոպայում ժողովրդականացնել հայ լեզուն և գրականությունը իբրև հին քաղաքակիրթ մի ազգի լեզու և գրականություն, և իր քաղաքական տրամադրություններով հակվել դեպի հայ ժողովրդի ազատագրությունը:
Բայրոնի օրինակը քաջալերիչ է եղել շատ եվրոպացիների համար: Հ. Տյուզյանը հիշատակում է այսպիսի մի դեպք կապված ականավոր բանասեր և լեզվագետ Մեծծոֆանդեի (1774-1849) հետ:
«Երեքշաբթի օրը Ֆեռռառան թողնելով եկա Պոլոնիա: Ես անմիջապես գնացի այցելության պրոֆեսոր Մեծծոֆանդեին, որը հենց որ ինձ տեսավ, սկսեց թուրքերեն խոսել և ինձ հարցնել մեր միաբանության մասին: Իմ երկրորդ և երրորդ այցելությունների ժամանակ նա ստեպ հարցաներ, թե մենք ունե՞նք արդյոք արդի հայերենով տպագրված գրքեր և նոր քերականություն: Իմ հաստատական պատասխանի վրա նա մեծ ցանկություն հայտնեց ունենալ այդ գրքերից մի քանիսը հայերեն սովորելու համար, մի լեզու, որ իրեն շատ էր սիրելի: Նա ինձնից հարցրեց նաև Բայրոնի մասին, թե ինչպես է նա հայերեն սովորել. և ես նրան պատմեցի Բայրոնի և մյուս աշակերտի մասին և անգլերեն Քերականությունների և անգլերեն Բառարանի վերաբերյալ, որ նոր էր լույս տեսել: Այս տեղեկության համար նա շատ գոհ մնաց և նշումներ արավ իր ծոցատետրում: Երբ ես նրան ասացի, որ ինքս կգրեմ մենաստանին գրքեր ուղարկելու,-ոչ,-ասաց նա, -ես ինքս կգրեմ Վանքին: Գրիր, որ ինձ ուղարկեն միայն արդի հայերեն գրքեր և ես կվճարեմ արժեքը»:
Բայրոնը, անշուշտ, որպես բանաստեղծ, ավելի պակաս է զբաղվել հայ լեզվով, նպատակ չունենալով մասնագիտորեն խորանալ այդ լեզվի մեջ: Սակայն նա իր հեղինակավոր և եռանդուն պրոպագանդայով մեծ զարկ է տվել հայագիտության տարածմանը և զարգացմանը: Այս հանգամանքը շեշտում է Բայրոնի դրական դերը հայագիտության պատմության մեջ Արևմտյան Եվրոպայում և նրան վեր է դասում բոլորից:
Այդ է պատճառը, որ Միքայել Նալբանդյանը` իր «Հայոց լեզվի ուսումնասիրությունը Եվրոպայում և հայ գրականության գիտական նշանակությունը» չափազանց հետաքրքիր աշխատության մեջ, միանգամայն իրավացի կերպով 19-րդ դարի նշանավոր հայագետների շարքում հիշատակում է նախ և առաջ լորդ Բայրոնի անունը, շեշտելով նրա կազմած Հայերեն-անգլերեն քերականության դասագիրքը:
Բայրոնի մեծ առավելությունը նաև այն է, որ նա իր օրինակով ոչ միայն հակադրվեց հետադիմական, կրոնական միստիկայով տարված արևմտա-եվրոպական հայագետներին` զարգացման նոր հունի մեջ դնելով հայագիտությունը Արևմտյան Եվրոպայում, այլև մատնանշեց, որ արևելյան մի փոքր ժողովուրդ կարող է իր ստեղծած մշակույթով օրինակ հանդիսանալ Արևմուտքի մեծ ժողովուրդների համար: Նա ցույց տվեց, որ միշտ չէ, որ Արևմուտքը հանդես պետք է գա սովորեցնողի և ուսուցչի դերում, այլ նրան անհրաժեշտ է երբեմն շատ ուսանելի բաներ սովորել Արևելքից:

Խաչիկ Դաշտենց, Բայրոնը և հայերը, Հայպետհրատ, Երևան 1959թ., 161-169:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *