artagaxt-n

Բայց երբ հանում ես վարդագույն ակնոցները…Հասարակության մեջ կա մի շերտ որ բարեկեցությունը դրսերում է փնտրում,

Հասարակության մեջ կա մի շերտ, որ բարեկեցությունը միշտ դրսերում է փնտրում, ինչպես սիրում ենք ասել՝ «արտասահմաններում»։ Քնում ու արթնանում է այդ «արտասահմանների» մասին մտածելով, իսկ իրար հանդիպելիս էլ հարցնում. «Ի՞նչ կա՝ մնացել եք»։ Այս խոսքերը շատերդ լսած կլինեք։ Կդժվարանամ ասել՝ ինչ եք պատասխանում։ Բայց ցավալին դա չէ, այլ այն, որ որոշում են կայացնում գնալ «լավ ապրելու», հիմնվելով ընդամենը մասնավոր խոսակցությունների, չհիմնավորված փաստերի վրա՝ «մեր «այսինչն» այնտեղ այսպես է ապրում», «մեր «այնինչն» այնտեղ այնպես է ապրում»…

Նման բովանդակությամբ պատմություններ ինքս էլ լսել եմ, բայց երբ Հայաստան ժամանեց այդ «այնինչը», պարզվեց, որ փողոցներում թերմոսներով թեյ ու խինկալի է վաճառում։ Ինքն էլ սնվում է տարեցների համար գործող ինտերնատներում։ Իսկ այն հագուստը՝ «պասիլկան», որը ժամանակ առ ժամանակ ստանում է հայաստանցի «դրախտ» նկարագրողը, աղբանոցում արկղով դրված իր է։ Մի՞թե Հայաստանում որեւէ մեկը փողոցում ինչ—որ բան վաճառելը կհամարի լավ ապրուստ, կամ՝ ի՞նչ եք կարծում, այդ գնացողներն այստեղ նման աշխատանք կկատարե՞ն։

Մեր ազգային բացասական կողմն աշխատանքից ամաչելն է։ «Ամոթ» է, երբ երիտասարդը, ով ժամանակին չի մտածել կրթության մասին, ասենք, օրինակ՝ բանվոր աշխատի։ Մինչդեռ «ամոթ չէ», որ նա ժամանակն անցկացնում է բակային զրուցարաններում, ապրում ծնողների փողերով։ «Ամոթ չէ» նաեւ, որ ամուսնանում, գնում ու հանձնվում է այս կամ այն պետությանը։ Մեր ազգային բարդույթը խանգարում է մեզ աշխատել, անել այն, ինչ անում ենք մեր սահմաններից դուրս։ Բայց եթե անգամ դա հաղթահարում ենք, մեկ այլ բարդույթ է առաջ գալիս՝ ետ դառնալուն խանգարող՝ «բա որ ասեն՝ տուն-տեղ ծախեց, գնաց ու չկարողացավ ապրել…»։ Այսօր ամբողջ աշխարհում շուրջ 240 մլն անձ ապրում է իր քաղաքացիության երկրի սահմաններից դուրս։ Իսկ միգրանտները դասվում են հասարակության ամենախոցելի ու անպաշտպան խավերի շարքին։ Այսինքն՝ մեր հայրենակիցների մի մասը խոցելի չլինելու համար ավելի խոցելի է դառնում։ Բնականաբար, խոսքը ոչ բոլորի մասին է։

Պետք է խոստովանել, որ մեկնածների խմբերում կան նաեւ հաջող գործունեություն ծավալողներ։ Բայց մյուսները պարզապես կոչվում են Ֆրանսիայում, Գերմանիայում, Ամերիկայում ապրողներ։ Եվ առանց որպիսությամբ հետաքրքրվելու, դրանով ամեն ինչ ասված է մեզ համար՝ հիանալի է։ Զավեշտալի է, բայց դրսում շատ հարազատներ ունեցողներն ամենացանկալի փեսացուներն ու հարսնացուներն են համարվում։

Հարցազրույցներից մեկում ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշել է, որ Հայաստանից մեկնողների շուրջ 70 տոկոսը գնում է Ռուսաստան, 5-6 տոկոսը՝ ԱՊՀ այլ երկրներ, մինչեւ 10 տոկոսը՝ եվրոպական ուղղվածության երկրներ, 10 տոկոսը՝ Միացյալ Նահանգներ, մյուսները՝ այլ պետություններ։ «90-ականների սկզբից մինչեւ կեսերը Հայաստանի քաղաքացիների մեծ մասն ապաստան էր հայցում Գերմանիայից, 90-ականների վերջերին վեկտորի ուղղությունը փոխվեց դեպի հյուսիսարեւմտյան երկրներ, այնուհետեւ 2000-ական թթ. սկզբներին՝ դեպի Հարավային եւ Արեւելյան Եվրոպայի երկրներ՝ Չեխիա, Ավստրիա։ 2000–ական թթ. կեսերից ի վեր հայերը հիմնականում ապաստան են հայցում Ֆրանսիայից։ Սա խոսում է այն մասին, որ տարվում է ուղղորդվող ու շահ հետապնդող գործունեություն, որի արդյունքում այդ մարդկանց այս կամ այն երկիր ուղղորդող խմբավորումները գումարներ են վաստակում»,—ասել է նա՝ նշելով, որ օտարերկրյա պետություններում օրինական բնակություն հաստատելու սահմանափակ հնարավորություններ կան։ Կացության կարգավիճակները տրվում են սահմանափակ հիմքերի դեպքում։

Դրանցից են բարձր որակավորում ունենալը, ուսումը, ապաստանի իրավունքի հայցը։ Վերջինը տրվում է այն դեպքում, երբ անձն իր երկրում հալածվում է քաղաքական համոզմունքների, սոցիալական որեւէ խմբին պատկանելու, քաղաքացիության, ազգային պատկանելության պատճառով։ «Քանի որ ապաստան հայցելու տարբերակը հասանելի է շատերի համար, նրանք գնում են այս ճանապարհով։ Ապաստանի հայց ստացած պետությունները պարզում են, թե արդյո՞ք անձանց ներկայացրած փաստարկները համապատասխանում են իրականությանը։ Այս գործընթացը կարող է տեւել տարիներ։

Անգամ գրանցվել են դեպքեր, երբ 9 տարի անց մարդկանց վերադարձրել են ծագման երկիր, քանի որ հայցը մերժվել է»,-տեղեկացնում է Եգանյանը։ «Տունդարձ» տեղեկատվական ինտերնետային համակարգը օտարերկրյա պետություններից Հայաստանի Հանրապետություն վերադարձի մտադրություններ ունեցող քաղաքացիների համար է։ Ինտերնետային համակարգում, համապատասխան նյութերից զատ, կան նաեւ առանձին անձանց, ընտանիքների պատմություններ։ «Մի գնացեք Եվրոպա հանձնվելու» վերնագրի ներքո ընտանիքի ներկայացուցիչը պատմում է. «Բոլոր բարեկամներս մեզ երանի էին տալիս, որ հաջողացրել էինք հասնել Ավստրիա։ Մենք վաճառել էինք մեր բնակարանը, կահույքը։ Այն ամենը, ինչ կարողացել էին ամուսնուս ծնողները ձեռք բերել երկար տարիների ընթացքում, մենք վաճառեցինք շատ հեշտությամբ՝ մեկ ամսում։ Շատ ոգեւորված էինք, գնալու էինք երանելի Եվրոպա։ Ամեն ինչ անում էինք Ավստրիա հասնելու համար։ Ամուսինս նկարիչ է։ Լսել էինք, որ դրսում տաղանդավոր մարդկանց բարձր են վարձատրում։ Ամուսինս համոզված էր, որ Եվրոպայում լայն հորիզոններ կբացվեին իր առջեւ։ Ես էլ երկրորդ կուրսի ուսանող էի։ Սպասում էի, որ կավարտեմ, լավ մասնագետ կդառնամ ու աշխատանք կգտնեմ։ Սակայն այն մարդիկ, որոնք ամուսնուս պատմել էին Ավստրիայի մասին, ինձ համար էլ էին բարձր վարձատրվող աշխատանք կանխատեսել»։ Ընտանիքը գնացել է «դասական» խոստումով՝ հարազատներին էլ պետք է կանչեին։ Իսկ Վիեննայի ծանոթը բացատրել է, որ փողոցում պետք է մոտենան պատահական ոստիկանի եւ ասեն, որ փախստականներ են ու չգիտեն ուր գնալ։ Արդյունքում նրանց ուղարկել են Քենթոն։ Այնտեղ եւս հայտնել են, որ փախստականներ են եւ ապաստանի կարիք ունեն։ Անմիջապես սկսվել է զննումը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ «Հանձնեցինք մեր բոլոր իրերը եւ ձեռքներս վեր պարզած անցանք զննումը։ Այդ պահին ես ինձ հանցագործ էի զգում, այնքան խեղճ եւ նվաստացած… Ներսումս ամեն ինչ խառնվել էր իրար։

Մի՞թե թողեցի կրթությունս, որ Ավստրիայում հայտնվեմ այս վիճակում։ Ես հենց այդ պահին արդեն մտափոխվել էի։ Հենց այդ պահին ուզում էի շրջվել ու հետ դառնալ։ Հարցազրույցների եւ զննության մի ամբողջ շղթա անցնելուց հետո ճամբարում մեզ սենյակ եւ հիգիենայի պարագաներ տրամադրեցին։ Ես ու ամուսինս լուռ նստել էինք, բառեր չէինք գտնում։ Ի վերջո, ամուսինս խախտեց լռությունը եւ փորձեց ինձ հուսադրել՝ «հետո լավ է լինելու, դիմացիր»։ Առավոտյան, երբ դուրս եկանք սենյակից, բազմազան ազգերի ու կրոնների պատկանող մարդկանց հանդիպեցինք, այդ թվում նաեւ մեր հայրենակիցների։ Նրանց հետ զրույցում պարզեցինք, որ մեր այս կեցությունը դեռ երկար է տեւելու, որ ամուսնուս ասած այդ «հետո»-ին դեռ շատ երկար էինք սպասելու»,–շարունակել է կինը։ Սպասել են շուրջ երկու տարի՝ անցնելով դժվարությունների եւ փորձությունների միջով, տեղից տեղ տեղափոխվելով։ Ինչպես կինն է նշում, տեսել են խնամված, կարգ ու կանոնով Ավստրիան, բախվել օրենքների, որոնք իրոք գործում էին եւ շրջանցել հնարավոր չէր. «Եվ այդ օրենքները մեզ ասում էին՝ սա ձեր երկիրը չէ եւ չի կարող դառնալ, եւ դուք չեք կարող նրա մաս կազմել։ Թեեւ այդ ընթացքում մեզ շատ լավ էին վերաբերում։ Փորձում էին ամեն ինչ անել, որ ոչ մի բանի կարիք չունենանք, բայց դատարանից մեկը մյուսի հետեւից մերժում էինք ստանում։ Պետք էր որոշում կայացնել՝ շարունակե՞լ տարբեր դատական ատյաններ դիմել, թե՞ վերադառնալ Հայաստան»։

Վերադարձն էլ շատ ծանր է եղել։ Ամեն ինչ փշրված է եղել. «Ճիշտ է, կարոտը խեղդում էր, բայց այն զգացումն էր, որ տուն ենք դառնում պարտված։ Եվ այդ պարտության արդյունքում կորցրել ենք տուն, ապրուստի միջոցներ, կրթությունս շարունակելու հնարավորությունը, երկու տարի՝ մեր երիտասարդ տարիներից»։ Վերադառնալուց հետո ընտանիքն օգտվել է մի ծրագրի օժանդակությունից։ Կովեր են գնել։ Դա էլ դարձել է նրանց ապրուստի եւ գոյատեւման միջոցը։ Հիմա էլ լի են լավատեսությամբ։ Անասնապահական բիզնեսն ընդլայնելու ծրագրեր են մշակում։ Ուզում են տուն կառուցել։ Հերոսուհին խոստովանում է, որ դժվարություններ շատ կան, բայց կարոտն ու անորոշությունն այլեւս չեն խեղդում։ Իսկ դեպի Եվրոպա «հանձնվելու» գնացողներին կոչ է անում հետ կանգնել այդ մտքից՝ «հանձնվողների» համար Եվրոպան երանելի չէ եւ երբեք էլ չի լինի։

Այս պատմությունը միակը չէ։ Սին հույսերով մեկնած ու կոտրված ծրագրերով վերադարձած ամեն մի ընտանիք վերնագրված իր պատմությունն ու խորհուրդն ունի՝ ուղղված ճամպրուկներ հավաքողներին։ Հարկավոր է միայն մուտք գործել տեղեկատվության աղբյուր՝ «tundarc.am» ու ծանոթանալ։

HHpress.am

Արմինե Հայրապետյան 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *