Բանկերի խոշորացումը՝ ֆինանսական կայունության երաշխիք. Ի՞նչ դրական արդյունքներ կարելի է սպասել այս գործընթացից

Նախորդ տարեվերջին ՀՀ կենտրոնական բանկը որոշում ընդունեց բանկերի կանոնադրական կապիտալի ավելացման վերաբերյալ, համաձայն որի՝ բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը 2017 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է 5 մլրդ դրամից, դարձնել 30 մլրդ դրամ: Վերոնշյալ նորմատիվի ընդունումը վերջին շրջանում բավական լայնորեն քննարկվեց, թե տնտեսագետների, թե հանրության շրջանակներում:

Որոշումը փորձագետների կողմից եւս տարբեր գնահատականների արժանացավ եւ ոմանք հանդես եկան ֆինանսական շուկայում այս փոփոխության արդյունքում ակնկալվող դրական կամ բացասական կանխատեսումներով: Նշենք, որ մինչ որոշման ընդունումը, արդեն ի հայտ էին եկել գործող բանկեր, որոնք այսպես թե այնպես առաջիկայում ծրագրել էին ավելացնել իրենց կանոնադրական կապիտալը: Եթե հետեւենք տրամաբանությանը, ապա բանկի կապիտալն աճելու պարագայում տնտեսությունը ֆինանսավորելու հնարավորությունները եւս կարող են կտրուկ աճել, ինչը ենթադրաբար կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել ֆինանսական կայունության տեսանկյունից՝ հանգեցնելով տրամադրվող վարկերի չափի ավելացմանը եւ տոկոսադրույքների իջեցմանը: Խոշոր բանկերը սովորաբար մասնագետների գնահատմամբ, ավելի կայուն են եւ ավելի արդյունավետ՝ շոկերն ընկալելու տեսանկյունից:

Կա նաեւ կարծիք, որ բանկային հատվածում հնարավոր փոփոխությունները դրական կանդրադառնան նաեւ ՓՄՁ-ների ֆինանսավորման վրա: Որոշ մասնագետներ չեն բացառում, որ մինչեւ 2017 թ. նվազ կապիտալ ունեցող բանկերը միաձուլվեն, որպեսզի կարողանան համատեղ ապահովել 30 մլրդ դրամն ու շարունակեն գործել:

Ի՞նչ է այս պարագայում սպասվում փոքր բանկերին: 2014թ. դեկտեմբերի 30-ի ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ բարձրացվեց ոչ թե բանկերի կանոնադրական կապիտալի, այլ նորմատիվային ընդհանուր կապիտալի նվազագույն պահանջը: Կանոնադրական կապիտալից բացի՝ վերջինս ներառում է բանկի չբաշխված շահույթը, գլխավոր պահուստը, երկարաժամկետ ստորադաս փոխառությունները եւ այլն: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը՝ հավելելով, որ կապիտալի պահանջի այս նոր որոշման նպատակը բանկային համակարգի ֆինանսական միջնորդության խորացումն ու երկարաժամկետ հատվածում կայունության երաշխիքների ապահովումն է: Այս որոշմամբ, ՀՀ կենտրոնական բանկը նպաստում է ինչպես բանկային համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ առավել արդյունավետ եւ մատչելի բանկային ծառայությունների մատուցմանը:

Մինչեւ նշված ժամանակահատվածը նոր առեւտրային բանկերի ստեղծման պարագայում, ինչպիսի± պայմաններ են գործելու: Այս հարցին ի պատասխան, Անդրանիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ մինչև 2017 թվականի հունվարի 1-ը նոր ստեղծվող բանկերի համար ընդհանուր կապիտալի նվազագույն մակարդակը սահմանվել է երեսուն միլիարդ դրամը: «ՙԿանոնադրական կապիտալի նվազագույն մակարդակի փոփոխություններ տեղի չեն ունեցել, այսինքն` կանոնադրական կապիտալի նվազագույն չափը մնացել է հիսուն միլիոն ՀՀ դրամ: Ներկայումս գործող 21 առեւտրային բանկերից 5 բանկ ունեն ավելի քան 30 մլրդ դրամ նորմատիվային ընդհանուր կապիտալ: 30 մլրդ դրամից փոքր նորմատիվային ընդհանուր կապիտալ ունեցող բանկերի բաժնետերերը հիմնականում հակված են մինչև 2017թ. հունվարի 1-ը ընդհանուր կապիտալի մինչև 30 մլրդ դրամ ավելացման միջոցով շարունակել իրենց գործունեությունը, եւ արդեն իսկ մի շարք բանկերի բաժնետերեր սկսել են կապիտալի աստիճանական համալրման աշխատանքներ»:

Նշենք, որ կապիտալի սահմանված վերոնշյալ պահանջը բավարարելու համար բանկերը ունեն 2 տարի ժամանակ: Սակայն այն բանկերը, որոնք, այնուամենայնիվ չեն կարողանա կամ չեն ցանկանա համալրել ընդհանուր կապիտալը, ապա ունեն բավականաչափ ժամանակ դիտարկելու այլ բանկերի հետ միացման տարբերակը: Հաճախ հնչող այն կարծիքները, թե բոլորովին էլ չի բացառվում, որ շատերը պարզապես դադարեցնեն գործունեությունը, աստիճանաբար դուրս գան շուկայից` վերադարձնելով ակտիվներն ու կատարելով պարտավորությունները, ԿԲ-ի ներկայացուցիչը այլ տեսակետ է առաջ քաշում: «Նշված դեպքերը ոչ մի կերպ չեն ենթադրում սնանկացում կամ անվճարունակություն. վերոնշյալ տարբերակներից ոչ մեկի դեպքում չեն ոտնահարվելու բանկի հաճախորդների շահերը: Այս տեսանկյունից բանկային համակարգը կշարունակի գործել բնականոն ընթացքով, ինչպես գգործում էր նախկինում:» 

Նախ փորձենք հասկանալ՝ ի՞նչ է իրենից ենթադրում բանկերի խոշորացումը, կամ ինչքանո՞վ է հայաստանյան ֆինանսական շուկային այն անհրաժեշտ: Բանկերի խոշորացումը ենթադրում է բանկի կապիտալի մակարդակի բարձրացում, որը կարող է տեղի ունենալ կապիտալի համալրման կամ բանկերի միաձուլման միջոցով: Բանկերի խոշորացումը եւ դրանց միաձուլումը մասնագետի բնորոշմամբ, կնպաստեն ծառայությունների գնի էժանացմանը եւ բանկերի կողմից տոկոսադրույքների նվազմանը, քանի որ նշված փոփոխությունը թույլ կտա բանկերին, օգտվելով մասշտաբի էֆեկտից (կոնսոլիդացիաների կամ պարզապես կապիտալի համալրման արդյունքում), կրճատել գործառնական ծախսերը եւ նվազեցնել վարկավորման տոկոսադրույքները՝ նպաստելով ֆինանսական ծառայությունների մատչելիության աճին:

Իրավիճակի փոփոխությունը կխթանի նաեւ բանկային համակարգում նորարար, առավել լայն շրջանակի ծառայությունների մատուցումը, քանի որ կընդլայնվեն հնարավորությունները, ներդրումները եւ կհամատեղվեն միացող բանկերի ունեցած մրցակցային հնարավորությունները: Բանկերի խոշորացումները, կամ միացումները ենթադրում են նաև կառավարման արդյունավետության բարձրացում, որը նշանակալի դրական ազդեցություն կունենա բանկերի գործունեության անընդհատության եւ երկարաժամկետ կայունության վրա: Բանկերի խոշորացումները նաև կնպաստեն ՀՀ ներդրումների գրավչության բարձրացմանը, քանի որ պարտավորությունների ներգրավման տեսանկյունից նույնպես մեծ բանկերն ունեն առավելություններ, թե պարտատոմսերի թողարկման հետ կապված ֆիքսված ծախսերի մատչելիության, թե վարկանշման հնարավորության և թե միջազգային շուկա դուրս գալու հնարավորությունների տեսանկյունից:

«ՙԲացի այդ՝ ինստիտուցիոնալ ներդրողների մեծամասնությունը նոր շուկա մուտք գործելու համար ունի ներդրումների նվազագույն սահման` իր ռազմավարությամբ ընդունված ծառայությունները նույն մակարդակով իրականացնելու նպատակով: Կապիտալի պահանջի ավելացումը կստեղծի հնարավորություն ինստիտուցիոնալ ներդրողների մուտքի համար: Կապիտալի բարձր մակարդակի դեպքում բանկերը կարող են կապիտալին համարժեք ռիսկեր ստանձնել, այսինքն` կապիտալի մակարդակի ավելացումը ենթադրում է բանկի կողմից վարկավորման և, հատկապես, երկարաժամկետ վարկերի ծավալների աճի հնարավորություն՚», – Ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:

Նշենք, որ առեւտրային բանկերը կարող են կապիտալ համալրել միայն բաժնետերերի սեփական միջոցների եւ շահույթի հաշվին, այսինքն` բանկը չի կարող կապիտալի համալրումը իրականացնել ներգրավված միջոցների հաշվին: Կապիտալի համալրումը չի ենթադրում համալրված միջոցների կուտակում. բանկերը կապիտալի մակարդակի համալրման դեպքում համալրված միջոցները կարող են օգտագործել վարկավորման նպատակով, այսինքն` այս միջոցներով առեւտրային բանկերը մեծացնելու են վարկավորման ծավալները: Ակնհայտ է, որ խոշորացման արդյունքում ավելի մասնագիտացված ֆինանսական ինստիտուտների միջև մրցակցությունը էլ ավելի է սրվում, ինչի արդյունքում, ինչպես վստահեցնում է զրուցակիցս, եւ ծառայություններն են որակապես բարելավում եւ մատչելիությունն է բարձրանում:

Նշենք, որ բանկերի միացման պայմանագրի կնքման նախնական համաձայնություն ստանալու համար բանկերը պարտավոր են Կենտրոնական բանկ ներկայացնել գործարքի էական պայմանները, անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները, որոնք ներառում են նաև հիմնավորում (կոնկրետ հաշվարկներով), որ նախատեսվող գործարքը կնպաստի ֆինանսական շուկայում տվյալ բանկի գործունեության զարգացմանը, եւ հաճախորդների շահերի ոտնահարում տեղի չի ունենա:

Շրջանառվող այն մտավախությանը, թե այս պարագայում կփոփոխվեն եւ վարկերի տրամադրման պայմանները եւ տոկոսադրույքները, ԿԲ մասնագետը հակառակ պատկերն է կանխատեսում: «Բանկերի միացման պարագայում հաճախորդների շահերը չեն վտանգվի: Կենտրոնական բանկը կարող է հավանություն չտալ միացման պայմանագրի կնքմանը, այն դեպքում, երբ պարզվի, որ բանկերի միացման գործարքի արդյունքում կողմերից որևէ մեկի ավանդատուների, այլ պարտատերերի շահերը վտանգվելու ռիսկի առջեւ են եւ գործարքը չի նպաստելու ֆինանսական շուկայում տվյալ բանկի գործունեության զարգացմանը: ԿԲ կողմից բանկերի միացմանը համաձայնություն տալը ենթադրում է ԿԲ կողմից բանկերի միացման` բանկային համակարգում մրցակցությունը սահմանափակող հնարավոր ազդեցության գնահատում և գնահատման արդյունքների հիման վրա համապատասխան որոշման կայացում»՚:

Բանկերի խոշորացման պրակտիկան, սովորաբար կարող է տեղի ունենալ միացումների կամ կապիտալի համալրման միջոցով, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում: Ելնելով բանկի ֆինանսական վիճակից, շուկայում տիրող իրավիճակից, ինչպես նաև մրցակցային միջավայրում ավելի մրցունակ լինելու ցանկությունից՝ բանկերը, որպես կանոն, գնում են խոշորացման իրենց իսկ նախաձեռնությամբ: «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ մրցակցային բարձր մակարդակ ունեցող բանկային համակարգի առկայության դեպքում բանկերը առավել հակված են ապահովել կապիտալի ավելի բարձր մակարդակ: Սա բացատրվում է նրանով, որ ուժեղ մրցակցային միջավայրում գործող բանկերը մրցակցությանը դիմակայելու նպատակով, որպես կանոն, ստանձնում են վարկավորման ավելի մեծ ռիսկ, որին համապատասխան ապահովում են կապիտալի ավելի բարձր մակարդակ, որն իր հերթին նվազեցնում է բանկի ռիսկեր», – վստահեցնում է Անդրանիկ Գրիգորյանը:

Նշենք, որ նախորդ տարի 2014թ. ՀՀ տարածքում գործող 22 բանկերի տարեկան զուտ շահույթը (շահույթ հարկումից հետո), հաշվարկված ՀՀ ԿԲ ներկայացվող վերահսկողական հաշվետվությունների համաձայն, կազմել է 21.2 մլրդ դրամ:

Լ.Ղազարյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *