Բաքվում խուճապ է. Սպասում են հայերի ծանր հարվածին

Ինչպես գրում է Lragir.am-ը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Եթե թշնամական կողմը հերթական անգամ համարձակվի որեւէ ռազմական գործողություն ձեռնարկել, Ադրբեջանի զինված ուժերի կողմից անհապաղ հասցրած հարվածը կլինի գործուն եւ կործանարար, ինչը կդառնա մեծ կորուստների եւ ավերածությունների պատճառ»: Ըստ ամենայնի, սա պատասխան է հայկական զինված ուժերի ղեկավարության հայտարարություններին: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Ղարաբաղում անցկացված զորավարժությունների ավարտին հայտարարել է, որ հայկական կողմը պատասխան հարված է հասցնելու Ադրբեջանին:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ այդ հարվածը լինելու է քիչ ինչ անհամարժեք: ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանն իր հերթին հայտարարել է, որ «մենք նրան խորտակիչ հարված կհասցնենք այնտեղ, որտեղ նա ամենևին չի սպասում: Դրա համար մեր համապատասխան ծառայությունները մշտապես ուսումնասիրում են հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը, և մենք հարվածելու ենք այնտեղ, որտեղ թշնամու համար լինելու է ավելի ցավագին: Եվ դա չի նշանակում, որ մենք նրա թույլ տեղին ենք հարվածելու: Մենք հարվածելու ենք ամենից ուժեղ ու պաշտպանված տեղին, այնպես, որ միանգամից մեր խնդիրները լուծենք»: Ադրբեջանը հայկական ուղղաթիռը խոցելուց հետո Ղարաբաղի երկինքը հայտարարել է ոչ թռիչքային գոտի: Ի պատասխան, Սերժ Սարգսյանը Ղարաբաղ է մեկնել ուղղաթիռով, իսկ զորավարժությունների ավարտին կրկին օդ են բարձրացել հայկական ԶՈՒ ուղղաթիռները: Ադրբեջանը մինչ այժմ թույլ չի տալիս, որպեսզի հայկական կողմը մոտենա խոցված ուղղաթիռին, որն ընկել է չեզոք գոտում: Հայկական կողմը փորձում է այս խնդիրը լուծել միջնորդների միջոցով:

Հայկական կողմը կարող էր միջադեպից անմիջապես հետո գրոհ ձեռնարկել այդ ուղղությամբ, մանավանդ որ ռազմական տեխնիկան այդ տարածքում բերված էր մարտական պատրաստականության: Սակայն ինչ-ինչ հանգամանքներ հայկական կողմին հետ են պահել այդ գործողությունից, եւ բաց է թողնվել «օպերատիվ ժամանակը»: Ներկայում, ինչպես նշում են ռազմական գործիչներն ու փորձագետները, նման գործողությունն արդեն նպատակահարմար չէ եւ հղի է լուրջ հետեւանքներով: Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը վկայում է, որ որ ադրբեջանական կողմը խուճապի մեջ է եւ ձգտում է որքան հնարավոր է երկար թույլ չտալ մոտենալ ուղղաթիռին, հայկական անձնակազմը պահելով որպես պատանդներ, որպեսզի երաշխավորի այդ ուղղությամբ հայկական հարվածների բացառումը:

Մյուս կողմից, Ադրբեջանում հասկանում են, որ հայկական կողմին այդ գործողությունից հետ է պահել ոչ այն, որ «Ադրբեջանի զինված ուժերի կողմից անհապաղ հասցրած հարվածը կլինի գործուն»: Հասկանում են նաեւ, որ այդ ուղղությամբ հայկական բանակի գործողությունը կարող էր իրենց համար չարյաց փոքրագույնը լինել: Բաքվում ունեն անսպասելի հարվածի կանխազգացում, ինչը զգացվում է ադրբեջանական ու թուրքական մամուլի հրապարակումներից: Բանն այն է, որ խնդիրը միայն հայկական բանակի գործողությունը չէ: Ադրբեջանը, խփելով հայկական ուղղաթիռը, իրեն դրել է բավական խոցելի վիճակում, քանի որ, նախ, դեմ է գնացել միջազգային նորմերին ու զինադադարի պայմաններին, եւ երկրորդ՝ դա ենթադրում է դիմակայության լիովին այլ մակարդակ եւ ծանր պատասխանատվություն, երբ հայկական կողմի որեւէ պատասխան, ընդ որում՝ ինչ որ առումով «լոկալ հակամարտության» տրամաբանությունից դուրս, համարվելու է իրավաչափ ու լեգիտիմ: Օդային միջադեպերը համաշխարհային պրակտիկայում փոխում են ռազմա-քաղաքական գործընթացների ընթացքն ու մակարդակը: Այս տեսակետից, հայկական կողմը հայտնվել է գերադասելի դիրքերում եւ ստացել առավելություն, որը մնում է իրացնել: Իսկ մինչ այդ, գլխավոր խնդիրը հայկական խոցված ուղղաթիռի անձնակազմը վերադարձնելն է:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *