Բելգրադի «Հայկական տունը». Թեհլիրյանը կապրեր Դալմատինսկա փողոցում

Ամիսներ են անցել հարավսլավական իմ ճամփորդությունից, և իմ մեջ բարի հուշ են թողել այնտեղ անցկացրած 55 օրերը։ Թախիծ, ուրախության արցունքներ են շաղախված մեկը մյուսին չկրկնող այդ օրերին։ Հիշում եմ 86-ամյա բելգրադաբնակ Մարի Բարոնյանին, Վրնյաչկա Բանյայում ապրող 88-ամյա Հակոբ Տեր-Պողոսյանին, հիշում մակեդոնահայերին, որոնք մի ողջ կյանք ապրել են Հարավսլավիայում ու լավ ծանոթ են տեղի փոքրաթիվ հայ գաղութին։ Հարավսլավական Հայաստան…

Մի պտղունց հայություն է սփռված այս հրաշագեղ ու հեռավոր երկրի տարբեր անկյուններում՝ Բելգրադում ու Նովի Սադում, Վրնյաչկա Բանյայում ու Վալևոյում, Սկոպլեում ու Սարաևոյում։ Հազիվ 250 հայ՝ 24 միլիոնանոց Հարավսլավիայում։ Արդեն որերորդ անգամ բելգրադաբնակ Բարոնյանների ընտանիքում եմ, ուր տասնամյակներ շարունակ թևածել է հայ ոգին ու շունչը։ Տանտերը՝ 86-ամյա տիկին Մարին պատմում է դարասկզբի բելգրադահայ գաղութի մասին։ Նախնիները՝ Սուրմեյանները, ակնեցիներ էին, որ հետագայում փոխադրվել էին Պոլիս, ուր ծնվել ու մեծացել էր Մարի Բարոնյանը։

1922-ին ամուսնու՝ Վարդան Բարոնյանի հետ գաղթել էր Արևմտյան Հայաստանից, Բուլղարիայից անցել Մակեդոնիա, այնտեղից՝ Սերբիա։ Մինչ այդ Սերբիայում կային հայեր, որոնք գաղթել էին 1915-ի մեծ եղեռնից շատ առաջ։ Բարոնյանները և էլի շատ ընտանիքներ խաղաղ ու ապահով հանգրվան են գտնում այստեղ։ Տեղի հայերը սատար են լինում նրանց, որ գոնե ոտքի կանգնեն, տունուտեղ հիմնեն։

— Սերբերը մեզ և մյուս գաղթականներուն սրտաբաց ընդունեցին, և մենք ալ սիրեցինք հյուրընկալ ու ազնիվ այդ ժողովուրդը,

— երախտագիտությամբ հիշում է տիկին Մարին,

— հարմարվեցինք միջավայրին, շատերը բացին մեծ ու փոքր խանութներ ու սկսեցին սուրճի գործ ընել, քանի որ ատ շահութաբեր գործ մըն էր։ Մեր զավակներին ալ սերբական դպրոց ձգեցինք, քանի որ Բելգրադին մեջ հայկական դարոց չի եղած և հիմա էլ չկա, բայց ընտանիքում հայերեն կխոսեինք, որ զավակներս գոնե լսելով սորվեին իրենց մայր լեզուն։ Տիկին Մարին հուզմունքով ու երախտագիտությամբ է հիշում Դալմատինսկա փողոցի 78 տունը։ Փայտե հնամաշ ցանկապատ, դրանից ներս՝ փոքրիկ բակ ու կղմինդրե տանիքով մեկ հարկանի մի կառույց… 1930–40-ական թվականներ…

Երանելի ժամանակներ էին բելգրադահայերի համար: Նրանք իրենց միջոցներով գնել էին այդ տունը և հայապահպան ու բարեգործական նպատակներով հավաքվում էին այնտեղ, պատմում միմյանց Հայաստանի ու հայրենակիցների մասին՝ երբեք չխզելով կապը մայր հայրենիքի հետ։ «Հայկական տուն» էին կոչել այդ շինությանը, ուր հնչում էին շարականներ, ժողովրդական ու գուսանական երգեր, ուր հայերեն գրել ու կարդալ էր սովորեցնում Հունաստանի Սալոնիկ քաղաքից Բելգրադ եկած նուրբ ու համակրելի Նոյեմի Մանաշյանը, հայոց պատմություն էր դասավանդում Ասատուր Մկրտչյանը։ Նույնիսկ փոքրիկ երգչախումբ ուներ «Հայկական տունը», որը ղեկավարում էր երաժշտության քաջ գիտակ Գրիգոր Մորջիկյանը։

Դեռ 1930–40-ական թվականներին Բելգրադում գործում էր Հարավսլավիայի հայոց միությունը, որը նույնիսկ իր կանոնադրությունն ուներ, ուր հստակ նշված էին միության անդամների անելիքներն ու գործունեության ոլորտները։1990-N5-6

— «Հայկական տունը» մեզ համար ամեն ինչ էր,— թախծոտ ասում է տիկին Մարին։— Ան հայրենիք ըսել էր, երկիր ըսել էր։ Հայ պատմությունը կուսումնասիրեինք, հայտնի երգողներ ու բանախոսողներ ունեինք։ Տոն օրերը և նոր տարիներու գիշերները հոն կանցկացնեինք։ Մեզի համար ան Հայաստան մըն էր… Բելգրադի Դալմատինսկա փողոցում գտնվող այդ տունը մինչև հիմա էլ պահպանվել է այնպես, ինչպես տասնամյակներ աոաջ, բայց չի պահպանել «Հայկական տուն» անվանումը, քանի որ բելգրադահայ գաղութը հետագայում տարրալուծվեց, տեղի հայերից շատերը սփռվեցին աշխարհով մեկ, ոմանք էլ բռնեցին հայրենադարձության ճամփաները, եկան Հայաստան… Մարիի հայրը՝ Աբրահամ Սուրմեյանը, մեծ եղեռնից հետո թողել է տունուտեղը, ամեն ինչ, բայց չի թողել այն հազվագյուտ ու արժեքավոր գրքերը, որոնք նվիրել էին Մխիթարյան միաբանության հրատարակիչները։

Գաղթի ճամփաներով աշխարհից աշխարհ դեգերելով, Սուրմեյանները հասնում են Բելգրադ՝ իրենց հետ տանելով այդ գրքերը։ Տիկին Մարին փոքրածավալ մի գիրք է հանում պահարանից, պայծառ ու թախծոտ հայացքով վերջին անգամ նայում գրքին ու ասում.

— Այս գիրքը քեզ պիտի տամ, որդի՛ս, որ Հայաստան տանես։ Ասոր հայրենիքը Հայաստանն է։ Հոս, Եուկոսլավիոյ մեջ քիչ հայ կա, ատոր համար էլ հայկական

 վարժարան չէ եղած ու հիմա էլ չիկա։ Հոս այս գիրքը պիտի կորչի։ Կցավիմ, որ թոռներս հայերեն չեն խոսեր, բայց գիտեն, որ հայ ծնած են և շատ կհետաքրքրվեն Հայաստանով։ Տարեք այս գիրքը, որ իր հայրենի տան մեջ ըլլա հավերժ։ Բառարանը, որը տվեց ինձ տիկին Մարին, տպագրվել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության տպարանում 1846 թվականին Մկրտիչ Վարդապետ Ավգերյանի խմբագրությամբ։

Վենետիկից հասել է Պոլիս, լուռ վկան դարձել ցեղասպանության ու գաղթի, շարունակել իր դեգերումները, հասել Բալկանյան աշխարհ՝ Բելգրադ, 67 տարի պահվել Մարի Բարոնյանի տանը։ Ու 67 տարիներից հոգնած, հանվել է պահարանից ոչ թե դեգերելու, այլ Հայաստան վերադառնալու համար։ Ես կատարեցի Մարի Բարոնյանի խնդրանքը, գիրքն ինձ հետ Հայաստան բերեցի, որ հայրենի եզերքում իր վերջին հանգրվանը գտնի։ Նա պատմում է Բելգրադում ներկայումս ապրող հայերի մասին, հիշում է նաև իր սերնդակիցներին, որոնցից շատերն այսօր արդեն չկան։

— Հոս, Բելգրադին մեջ, շատ հայտնի մարդ մը կապրեր Սողոմոն Թեհլիրյան անունով, որ 1921-ին Թալեաթ փաշային սպանած է,— ասում է 86-ամյա հայուհին,— լսա՞ծ եք անոր մասին։

Շարունակությունը՝ այս հղմամբ

http://armdiasporamuseum.com/%D5%A2%D5%A5%D5%AC%D5%A3%D6%80%D5%A1%D5%A4%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8/

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *