04

Բժշկական տուրիզմը կարող է դառնալ գրավիչ.Առողջապահական որոշ ուղղություններ դառնում են պահանջված

Բժշկական կամ առողջապահական զբոսաշրջությունը իրականացվում է որեւէ երկրում բուժում ստանալու նպատակով։ Եթե նախկինում մարդիկ ավանդաբար ճանապարհորդում էին ավելի քիչ զարգացած երկրներից դեպի խոշոր բժշկական կենտրոններ, որոնք գտնվում էին զարգացած երկրներում, ստանալու այն բժշկական օգնությունը, որը անհասանելի է իրենց երկրում, ապա վերջին շրջանում միտում կա զարգացած երկրների բնակչության շրջանակներում ճանապարհորդել երրորդ աշխարհի երկրներ՝ բժշկական նպատակներով, այնտեղ առկա համեմատաբար ցածր գների շնորհիվ։
Որոշ մարդիկ ճանապարհորդում են վիրահատություն կատարելու, կոնսերվատիվ բուժում ստանալու կամ այլ նպատակներով։ Մյուսները մեկնում են ատամնաբուժական կամ ծնելիության հետ կապված գործընթացների համար։
Հազվադեպ հանդիպող գենետիկական խանգարումներ ունեցող մարդիկ կարող են ճանապարհորդել այլ երկիր, որտեղ նման խանգարումների բուժումը ավելի ճանաչված է եւ արդյունավետ։
Բժշկական տուրիզմն այսօր դարձել է համաշխարհային տուրիզմի դինամիկ զարգացող ճյուղերից։ Բժշկական գիտության շարունակական զարգացումը նպաստում է արտասահմանում բուժման մատչելիությանը եւ բուժական տուրիզմի առաջատար երկրների ու քաղաքների ցանկի ավելացմանը։ Բուժումն արտասահմանում աստիճանաբար դառնում է հասանելի հասարակության առավել լայն շերտերին։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բժշկական տուրիզմի արդյունքում հիմնականում ակնկալվում է ստանալ կոսմետիկ վիրաբուժական, ատամնաբուժական, սիրտ–անոթային, օրթոպեդիկ, ուռուցքաբանական, կանանց վերարտադրողական եւ բուժհետազոտման ծառայություններ։
2015թ. բուժման նպատակով շրջագայողների թիվը կազմել է 14 մլն մարդ, որոնք ծախսել են 45.5—70 մլրդ ԱՄՆ դոլար։ Մասնագետները կանխատեսում են այս ոլորտի տարեցտարի զարգացում եւ թվային տվյալների աճ։
Ինչպիսի՞ն է Հայաստանը բժշկական տուրիզմի երկիր դիտարկվելու տեսանկյունից։ Պաշտոնական վիճակագրություն, թերեւս, չկա, սակայն վերջին 2—3 տարվա ոչ պաշտոնական տվյալների համաձայն, սրտաբանական եւ պլաստիկ վիրաբուժական ծառայություններ ստանալու նպատակով Հայաստան են ժամանել հայազգի զբոսաշրջիկներ տարբեր երկրներից, մեծամասամբ Վրաստանից, ՌԴ—ից։

Բժշկական ծառայությունը համալիր փաթեթ է, որն ունի անհրաժեշտ բաղադրիչներ, ինչպիսիք են, օրինակ, առողջապահական ոլորտում իրականացվող մասնավոր եւ պետական ներդրումները, միջազգային չափորոշիչներին հավատարիմ գործունեությունը՝ միտված որակի բարձր մակարդակի եւ թափանցիկության պահպանմանը, բուժծառայությունների մատչելիությունը, բուժանձնակազմի հոգատար վերաբերմունքը, տուրիստական զարգացած ենթակառուցվածքները (մատչելի եւ հարմարավետ հյուրանոցներ, զարգացած քաղաքային եւ միջքաղաքային տրանսպորտային հանգույց եւ այլն), քաղաքական եւ սոցիալական կայունությունը, հիվանդանոցային ծառայությունների բարձր որակը, առողջապահական բնագավառի նորարարությունները եւ այլն։ Առաջին հայացքից վերոնշյալ այս նախադրյալները Հայաստանում կան եւ վերջին տարիներին հատկապես պետական եւ մասնավոր հատված համագործակցության արդյունքում քայլեր են ձեռնարկվում նպաստելու նաեւ առողջապահական տուրիզմի զարգացմանը։
Ինչքանո՞վ է հրապուրիչ Հայաստանը բժշկական տուրիզմի տեսանկյունից։ Հարկ է նշել, որ մեր երկրում բժիշկները մեծամասամբ արհեստավարժ են՝ նեղ մասնագիտական բարձր տեղեկացվածությամբ։ Հայաստանը, իրավամբ, կարող է հպարտանալ բարձր որակավորմամբ անվանի բժիշկներով, բացառիկ վիրահատություններ կատարող վիրաբույժներով, ծննդօգնության որակի տպավորիչ բարձրացմամբ։ Ժամանակ առ ժամանակ տեղեկանում ենք հայ մասնագետների կողմից իրականացվող եզակի վիրահատությունների վերաբերյալ, որոնք իրենց տեսակով նախադեպը չունեին նախկինում։
Վստահորեն կարելի է ասել, որ մասնագիտական պատրաստվածությամբ մեր բժիշկ—մասնագետները չեն զիջում իրենց արտասահմանյան գործընկերներին։

Այնուամենայնիվ, անդրադառնանք այն գործոններին, որոնց շնորհիվ Հայաստանը բժշկական տուրիզմի համար կարող է դիտարկվել գրավիչ երկիր։
Նախ բուժծառայությունների գներն են բավական մատչելի, եթե համեմատենք Արեւմտյան եւ Կենտրոնական Եվրոպայի, Միացյալ Նահանգների հետ, ապա՝ առկա են կրթական բարձր մակարդակ եւ որակավորում ունեցող բժիշկներ։ Բացի այդ, բժշկական զբոսաշրջության շրջանակում Հայաստանում առկա են ծառայությունների ամենատարածված եւ պահանջարկված ուղղությունները, ինչպիսիք են պլաստիկ վիրաբուժությունը, ատամնաբուժությունը, ակնաբուժությունը, սրտաբանությունը եւ այլն։ Բացի այդ, Հայաստանը նաեւ հայտնի է իր առողջարանային քաղաքներով, որոնք հարուստ են բնական հանքանյութերի աղբյուրներով, կանխարգելիչ բուժում առաջարկող առողջարաններով։ Զարգացած է նաեւ անձավաբուժությունը, որի առանձնահատկությունն այն է, որ 235 մետր խորության տակ մարդը շնչում է աղի քարանձավի բուժական օդը։ Բուժման այս տեսակը նախատեսված է շնչառական ուղիների եւ թոքերի ամենատարբեր հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են՝ ասթման, բրոնխիտները, հաճախ կրկնվող շնչական վարակները եւ այլն։ Այն բավական օգտակար է նաեւ տարբեր ծագման ալերգիկ եւ մաշկային հիվանդությունների բուժման ժամանակ։ Բուժման կուրսը, որպես կանոն, տեւում է քսան օր։ Անձավաբուժության մեջ գլխավորն առանձնահատուկ միկրոկլիմայի պայմաններում երկարատեւ գտնվելն է։
Հայաստանում նաեւ հնարավոր է լուծում տալ այնպիսի առողջական խնդիրների, որոնցից է, օրինակ, անպտղությունը. այն համաշխարհային մասշտաբով բավական տարածված է զույգերի շրջանում։
Այսօր բուժման նորագույն եղանակներն ապահովում են մինչեւ 95 տոկոս արդյունք, Երեւանի մասնագիտացված կլինիկաներն առաջարկում են անպտղության երաշխավորված բուժում՝ համեմատաբար ցածր գներով։ Հիվանդներին առաջարկվում է անպտղության բուժման համար անհրաժեշտ ծառայությունների ամբողջ սպեկտրը՝ ներառյալ արտամարմնային բեղմնավորումը, ներարգանդային սերմնավորումը։ Նոր սերնդի առաջատար կլինիկաները մասնագիտանում են կանանց եւ տղամարդկանց մոտ անպտղության բուժման ուղղությամբ։ Կլինիկաները հագեցած են նորագույն սարքերով, աշխատում են փորձառու մասնագետներ, ովքեր յուրաքանչյուր պացիենտին ցուցաբերում են անհատական մոտեցում։
«Բեգլարյան» բժշկական կենտրոնի մանկաբարձ—գինեկոլոգ Գեւորգի Պողոսյանի վստահեցմամբ, անպտղության թիվը ավելանում է ոլորտում ի հայտ եկող նորագույն ախտորոշման եւ գործող նորագույն սարքավորումների արդյունքում, որոնք առկա են հայաստանյան որոշ կլինիկաներում։ Անկախ խնդրի բարդությունից՝ սովորաբար միջինը 2—3 ամսում հնարավոր է լուծել անպտղության խնդիրը, եթե պաշտոնապես կնոջ մոտ հաստատված չէ չբերություն։
Ձեւավորվել է բժշկության նոր ճյուղ, վերարտադրողական բժշկություն եւ բժիշկների նոր մասնագիտացում վերարտադրողաբան՝ ռեպրոդուկտոլոգիա։ Ռեպրոդուկտոլոգ նեղ մասնագիտություն որպես այդպիսին չկա ներառված հետդիպլոմային կթության շրջանակներում. այն գինեկոլոգիայում առկա մի ճյուղ է, որի ուղղությամբ բժիշկները հատուկ վերապատրաստվում են արտերկրում։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Շենգավիթ» ԲԿ սաղմնաբան Մարգարիտա Գրիգորյանը, այդ մասնագիտությունը վերջին տարիներին է ձեւավորվել Հայաստանում, մինչդեռ վերարտադրողական առողջության, մասնավորապես անպտղության խնդիրներով նախկինում զբաղվում էին մանկաբարձ գինեկոլոգները միայն։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *