ԿԱՐԵՎՈՐ
Search
images (1)

Բյուրականի աստղադիտարանին անհրաժեշտ է աջակցություն

Բյուրականի աստղադիտարանը տարածաշրջանային կենտրոն հռչակելու ծրագրի նախաձեռնող, ղեկավար եւ Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն Արեգ Միքայելյանը տեղեկացնում է, որ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը հունիսի 3-ին Միջազգային աստղագիտական միության կողմից տարածաշրջանային աստղագիտական կենտրոն հռչակելու որոշումը ավելի շատ քաղաքական իրադարձություն է, քան գիտական։

«Ցավալի է, բայց փաստ. Հայաստանը ոչ մի այլ ասպարեզներում տարածաշրջանային կենտրոն չի հռչակվում տարածաշրջանում մուսուլմանական երկրների առկայությամբ եւ մի շարք այլ պատճառներով պայմանավորված։ Երբ մենք իրականացնում էինք այս հայտի ձեւավորման աշխատանքները, մեզ մեծ դժվարությամբ հաջողվեց ստանալ աջակցող նամակներ մեր հարեւան երկրներ Վրաստանից եւ Իրանից»,–հայտնեց բանախոսը՝ հավելելով, որ իրենց հայտի մեջ նշված 20 պատճառաբանությունները, թե ինչու հենց Հայաստանը պետք է լինի տարածաշրջանային աստղագիտական կենտրոն, շատ ուժեղ փաստարկներ հանդիսացան Միջազգային աստղագիտական միության վերջնական որոշման համար (հայտը քննարկվում էր շուրջ երեք տարի)։ «Մեր հաղթանակում քիչ դեր չխաղաց նաեւ մեր պանծալի, աշխարհահռչակ աստղագետ Վիկտոր Համբարձումյանի միջազգային հեղինակությունը, ինչպես նաեւ Բյուրականի աստղադիտարանի վերջին տարիների գործունեությունը (նշանավոր ձեռքբերում է հատկապես «Հայկական վիրտուալ աստղադիտարանի» ստեղծումը)»,–պարզաբանեց Արեգ Միքայելյանը։

Նա նկատեց, որ ընթացիկ տարվա օգոստոսի կեսերին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Բյուրականի աստղադիտարանի եւ Միջազգային աստղագիտական միության միջեւ կնքվելու է Հայաստանը տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի հռչակումը հավաստող համագործակցության պայմանագիր։ «Այդ պայմանագիրը կնքվելու է հինգ տարի ժամկետով՝ հետագայում այն երկարաձգելու հնարավորությամբ։ Որպես տարածաշրջանային աստղագիտական կենտրոն մենք պետք է համագործակցենք մեր հարեւան երկրների հետ, որոնց ուղարկել ենք համապատասխան հրավեր-նամակներ։ Բացի այդ, մեզ հետ պատրաստ են համագործակցել նաեւ ինչպես միջինասիական տարածաշրջանի, այնպես էլ արաբական երկրները»,–հայտնեց Միքայելյանը՝ շեշտելով, որ Բյուրականի աստղադիտարանում բացվելու է «Աստղագիտությունը զարգացման համար» գրասենյակը, որը կոորդինացնելու է տարածաշրջանում աստղագիտության զարգացումը։ «Ինչպես ժամանակին կանխատեսում էր Վիկտոր Համբարձումյանը՝ աստղագիտությունը հետզհետե դառնում է առաջատար գիտություն, քանի որ բազմաթիվ այլ գիտություններ իրենց ուսումնասիրություններում սկսել են ավելի հաճախակի օգտագործել տիեզերական տվյալները, որոնք ստանալու համար պետք է համագործակցեն աստղագետների հետ»,–ընդգծեց Արեգ Միքայելյանը։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *