08-12-2-1-216x300

ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ

Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ: Նախկինում դրանք հեթանոսական տոնախմբությունների օրեր էին, կատարվում էին փետրվարին կամ մարտի սկզբին: Տոնը հավանաբար կապ ուներ գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Մարդիկ մաղթում էին միմյանց բարի կենդանություն: Հետագայում քրիստոնեությունը հարմարեցրեց իրեն և դարձրեց Մեծ Պահքի նախորդող շաբաթվա տոն, որը նշվում էր կերուխումով, մասսայական խաղերով, մրցումներով, թատերախաղերով, պարերով և այլն: Այն տևում էր երկու շաբաթ, անմիջականորեն հաջորդելով Ս. Սարգսին և ավարտվելով Մեծ պասով: Մեծ պահքին նախորդող կիրակին Բուն Բարեկենդանի օրն էր: Պահքի կարևոր լինելը մարդկանց ցույց է տվել Քրիստոսը: Նա անապատում 40 օր է անցկացրել: Մարդիկ Հիսուս Քրիստոսի օրինակով են պահում Մեծ պահքը: Մեծ պահքի 40 օրերին գումարվել է նաև Զատիկին նախորդող 9 օրերը, և այն տևում է 49 օր: Մեծ պահքն ավարտվում է Զատիկի` Քրիստոսի Հարության տոնով:
Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ազգի կողմից այն ընկալվում էր որպես ամենաազգային («հայոց ազգի օրեր»), ինչպես նաևամենաերջանկաբեր, խրախճանք, ճոխ ու առատ ուտելիքներ վայելելու տոն, պարերի,խաղերի, զվարճահանդեսների, թատերախաղերի, այցելությունների և ուրախության երկու շաբաթ: Այդ օրերին թույլատրվում էր առատ ուտելիք, կերուխում: Նախապատվությունը տրվում էր մսեղենի, կաթնեղենի, յուղի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու: Պատրաստում էին փաթիլա, սըռոն, բխբխիկ: Որոշ տեղերում նախապատվությունը տրվում էր փորը ձավարով ու զանազան համեմունքներով լցոնած և թոնիրում ամբողջովին խորոված ոչխարին կամ տվյալ վայրում առավել սիրված կերակրատեսակներին: Պարտադիր ճաշատեսակը խաշիլն էր, որով սկսվում էր տոնը և երկու շաբաթ պատրաստվում բոլոր տներում: Տանտիկիններն իրենց պահած մթերքներով շռայլորեն հյուրասիրում էինընտանիքի անդամներին և հյուրերին: վերջին օրը, երեկոյան, կաթնապուր ու մածում էին ուտում, վրայից` խաշած ձու, ասելով. «բերաններս փակում ենք սպիտակ ձվով: Աստված արժանացնի կարմիր ձվով բաց անելու»,- ակնարկելով, որ ահա սկսվում է Մեծ պասը, որի 49 օրերի ընթացքում այլևս ձու չպիտի ուտեն մինչև Զատիկ: Որոշ տեղերում ձուն խաշելու փոխարեն ձվածեղ էին պատրաստում: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Չնայած ամենուր դեռ ձյունէր, ցուրտ, սակայն դա չէր խանգարում, որ մարդիկ անձնատուր լինեն զվարճություններին: Երկու-երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել, զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Ծերունիները, առանց քաշվելու միանում էին այս կամ այն խմբին` «թոփ» խաղալու: Երիտասարդները «սուրմագիլի» կամ «կունդի» էին խաղում:
Շատ տարածված էր ճլորթին կամ ճոճախաղը: Թաղի երիտասարդությունը սովորաբար խաղատեղ էր ընտրում բարձր ու դիմացկուն գերաններ ունեցող գոմ: Որանի սայլի ճոպանըկախում էին հեծանից և նրա երկու օղակների վրա դնում 2 մետրանոց տախտակ: Գետնից մի մետր բարձր այդ տախտակի ծայրին հաճախ աղջիկ ու տղա էր կանգնում: Ճոճախաղերը հաճախ վեր էին ածվում մրցախաղերի` ով ավելի մեծ կորագծով կճոճվի: Լոռիում, փոքրերի մի փոքր ճոճվելուց հետո, տան նանեին բերում, նստեցնում էին ճլորթուն, որ «եղ աներ»: Նանի նստելուց հետո հարսները նրա գոգը մի քար էին դնում և, փոխանակ ճոճելու, պտտեցնում էին, թոկը ոլորում, որ հետո բաց թողնելիս հակառակ կողմի վրա էր պտույտ գալիս: Այդ միջոցին պառավը քարը գոգից վայր էր գցում` ասելով. «Էսքան եղ ինձ»: Հարսներից մեկը քարն իսկույն վերցնում և կրկին դնում էր նանեի գիրկը, որ պառավը, վերստին պտույտ գործելուց
հետո, քարը նորից գցելով` ասեր. «Էսքան եղ էս հարսիս», և այսպես շարունակ, բոլոր հարսների համար, որպեսզի շատ յուղ ունենային: Տարոնում բարեկենդանյան խաղերից վերջինը «կշռեցուկ»-ն էր: Առաստաղի գերաններից կապված մի երկթաթանի ճոճանակի մեջ նստելով` կշռվում էին ընկերներն ու ընկերուհիները`  մյուս տարվա Բարեկենդանին իմանալու համար, թե «արդյոք իրենց կյանքից անցնող տարին, որ պատված էր ամբողջ հոգսերով, ո՞րքան հալել ու մաշել, ծյուրել ու ցամաքացրել է իրենց անձը»: Բարեկենդանի օրը մինչև իսկ չքավորներն ու աղքատներն էին վայելում տոնական սեղանը: Այդ օրը հիշում էին նաև պանդխտության մեջ գտնվողներին ու երգում էին հատուկ տաղեր: Այդ օրվա խնջույքը շատ տեղերում ջնջում էր բոլոր տարբերությունները. «Իրար հետ սեղան էին նստած ծերունի սկեսրարը ու մանկամարդ հարսը, տղամարդ, կնիկմարդ, բոլորը միասին վայելում են գաթա, հալվա, լոխում, հավկիթ, հասութա, սեր, կարագ, մատակի մածուն, նոր ծնած կովի դալ, հավ, սագ, գառ, ոչխարի կամ կովի ղավուրմա, քյուֆթա, տոլմա,  փլավ, յախնի…»,- այսպես էր ավարտվում Բարեկենդանը Ջավախքի պահպանողական հայերի մոտ:

Հարսանիքներն ու նշանդրեքները Բարեկենդանի անբաժան ուղեկիցներն էին: Դրանք, իրենց հերթին, նոր թափ էին հաղորդում տոնի ուրախությանը: Ուրախ պարերը Բարեկենդանի խնջույքների անբաժան ուղեկիցներն էին: Պարերը սկսվում էին առաջին օրը և օրեցօր
աշխուժանում, բազմամարդ դառնում ինչպես կատարողներով, այնպես էլ հանդիսատեսներով, խրախուսողներով:

Բարեկենդանի գլխավոր զվարճությունը, սակայն, դիմակավոր խաղերն ու թատերական ժողովրդական ներկայացումներն էին (առհասարակ, դեռ հնագույն ժամանակներում, տոնախմբությունների, թատերական ներկայացումների կամ որսորդության ընթացքում հայերը դիմակ հագնելու սովորություն ունեին): Ներկայացումների ժամանակ ծիծաղախառն կատակներով քննադատության էին ենթարկվում մեծավորներն ու իշխանավորները: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ
եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը: Նույնիսկ եկեղեցին է այդ օրը խստակենցաղ հոգևորականների համար սահմանել որոշ ազատություն:
Փաստորեն, Բուն Բարեկենդանը, բացի խրախճանքից, կեր ու խումից, նաև ազատության օր էր: Երեկոյան, երբ խնջույքներից հոգնած մեծերը հավաքվում էին տանը, դուռը թափով բացվում էր և աղմուկով, երգով, թմբուկով ներս էր ընկնում դիմակավորված երեխաների խումբը: Տղաները հագած էին լինում աղջիկների հագուստ, փոքրերը` մեծի, երբեմն`
ծաղրածուի: Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե («Բեկ ու գզիր», «Պարոնգզիր», «Գող և փաշա» և այլն):

Բուն Բարեկենդանի նախորդ օրը, շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է եւ խորանը փակ է մնում   քառասունօրյա պասի ընթացքում: Պասի ժամանակ մատուցվում է փակ պատարագ. ամուսնություններ տեղի չեն ունենում, արգելվում է մատաղ անել, մինչ թույլատրվում է մկրտություն և նշանդրեք կատարել:Մեծ Պահքի (պաս) ամեն կիրակին ուներ իր առանձին տոնատերը: Առաջին կիրակին նվիրված էր Արտաքսմանը, երկրորդը` Անառակին, երրորդը` Տնտեսին, չորրորդը` Դատավորին, հինգերորդը` Գալստյան, վեցերորդը` Ծաղկազարդին և յոթերորդը` Քրիստոսիհարությանը: Պասի ընթացքում կենդանական ծագում ունեցող սնունդ չէին ուտում, այլ միայն բուսական:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *