image_011

Գիտական ներուժն օգտագործվում է ռազմական ոլորտում

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը համաձայն չէ այն տեսակետին, թե գիտական ներուժը չի օգտագործվում ռազմական ոլորտում։ «Տարբեր կազմակերպություններ, որոնք կարող են մշակումներ ունենալ, որոնք կարող են կիրառվել պաշտպանական խնդիրներում, ամեն տարի այդպիսի ծրագիր կա, որը հաստատվում է կառավարության կողմից, եւ հիմնարկներն այդ աշխատանքները կատարում են»,–կառավարության երեկվա նիստից հետո ասաց նա լրագրողների հետ զրույցում։
ԳԱԱ նախագահը երբ ասաց, որ բանակը գործածում է նորագույն տեխնոլոգիաներ, որոնք մեր գիտական մտքի արդյունքն են, լրագրողները խնդրեցին օրինակ մեջբերել։ «Օրինակ՝ սարքը, որը 2, 3, 4 կմ վրա ցանկացած շարժում կարող է գրանցել»,—ասաց Ռադիկ Մարտիրոսյանը՝ միաժամանակ շեշտելով. «Մեր հնարավորությունների սահմաններում մեր գիտական մշակումները, որոնք որ կարող են կիրառվել, կիրառվում են»։
Ակադեմիկոսը հայտնեց, որ կառավարությունը համագործակցում է նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ։ Ըստ այդմ, կա կառավարության որոշում՝ ստեղծել ռազմարդյունաբերական համալիր։ Ստեղծված է խորհուրդ, որը պետք է ղեկավարի վարչապետը, հետո խորհուրդին կից գիտատեխնիկական ենթահանձնաժողովներ են լինելու։ Դրանք ձեւավորման փուլում են։ Խոսքը խորհուրդների մասին է, որոնք ավելի կենտրոնացված, պետական պատվեր ձեւակերպելու տեսքով են աշխատելու։
Ռադիկ Մարտիրոսյանը լրագրողներին խնդրեց ուշադրություն դարձնել հետեւյալ հանգամանքին. ընդհանուր տնտեսությունում արդյունաբերության զարգացում պետք է լինի, որի հենքի վրա կարող է զարգանալ ռազմական արդյունաբերությունը. «Այնպես չէ, որ մենք մի անապատում կարող ենք նստել ու սկսել ռազմական արդյունաբերություն ստեղծել»։

Աստղինե ՄԵԼՔՈՆՅԱՆ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *