AjEOHjW1cMifGAGwtl6kOOXZkK

Գյումրիում ոստիկանի ուղղությամբ քար նետողը միայն դիտողության ու պարսավանքի է արժանի. Սուրեն Սուրենյանց

Հույզերով գյումրեցիների հետ եմ՝ ամբողջությամբ կիսելով նրանց պահանջները, հասկանալով նրանց ցասումը: Մի բան միայն ինձ տխրեցրեց, անկեղծորեն տխրեցրեց: Գյումրիի ողբերգությունը, ոճրագործին Հայաստանում ու մեր օրենքներով պատժելու պահանջը միավորել է բոլորիս՝ անկախ մասնագիտությունից ու քաղաքական հայացքներից, ու տխուր էր հետևել, թե ինչպես են մարդիկ քար նետում ծառայություն իրականցնող ոստիկանի ուղղությամբ: Մարմնական ծանր վնասվածք ստացած ոստիկանը մեր եղբայրն է, մեզանից մեկը, նա կատարում է իր մասնագիտական պարտականությունները, կատարում է զուսպ ու արժանապատվորեն, Գյումրիի սպանդի համար ցավում է գուցե ավելին, քան քար նետողներից շատերը, ոճրագործի արդարացի պատիժը անկասկած ցանկանում է՝ ինչպես մեզանից յուրաքանչյուրը:

Երեկ Գյումրիում ոստիկանությունը չի պաշտպանել որևէ մեկի հատվածական քաղաքական շահը, չի եղել իշխանության կամ որևէ կուսակցության պաշտպանության դիրքերում: Գյումրիում ոստիկանությունը պաշտպանել է կարգ ու կանոնը, հավաքվածների, մյուսների անվատանգությունը: Այդ ոստիկանի ուղղությամբ քար նետողը միայն դիտողության ու պարսավանքի է արժանի: Ցասումը, արդար ու սուր բողոքը պետք չէ շփոթել անարխիայի հետ: Գյումրիում կանգնած ոստիկանի մեջ պետք է տեսնել մեզանից մեկին՝ սգի մեջ հայտնված ու պահանջատեր հային:

Արագ ապաքինում եմ մաղթում այն ոստիկաններին, ովքեր երեկ վնասվածներ են ստացել՝ հանիրավի, բայց անտրտունջ շարունակում են հավատալ իրենց երկրին ու ծառայել հասարակությանը:

Քաղաքագետ Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *