ԿԱՐԵՎՈՐ
Search
Dadivank_Monastery

Դադիվանքն առավել պահանջված վայր կդառնա զբոսաշրջիկների համար

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բարեկարգման եւ ասֆալտապատման աշխատանքներն ավարտին հասցնելուց հետո Դադիվանքի Ս. Աստվածածին կաթողիկե եկեղեցին առավել պահանջված վայր կդառնա զբոսաշրջիկների համար, եւ նրանց թիվն առնվազն կկրկնապատկվի։

Այս կարծիքին են ԼՂՀ զբոսաշրջության եւ պատմական հուշարձանների պահպանության վարչությունում, ում հրավերով արդեն երկրորդ տարին է, ինչ համալիրում աստվածահաճո աշխատանքներ են կատարում իտալացի մասնագետները։ Հատկանշական է, որ խորհրդային տարիներին եկեղեցին ազերիների կողմից վերածվել էր անասնագոմի, խաթարվել էին շինության հատակն ու պատերը։ Տաքացնելու նպատակով ներսում խարույկ էր վառվում, ինչի հետեւանքով խիստ մրոտվել էին գմբեթն ու պատերը՝ «սեւ շղարշի» տակ առել քանդակված որմնանկարներն ու մյուս սրբապատկերները։

Վերականգնողական, բարեկարգման աշխատանքներին անմիջապես հետեւել են մաքրմանը, սրբատաշ քարերի հղկմանն ու որմնանկարների վերծանմանն ուղղված քայլերը։ Եվ մասնագետների տքնանքի շնորհիվ այսօր վանական համալիրն այցելողներին ներկայանում է հպարտ եւ արժանապատիվ կեցվածքով, վերածնված եւ նորոգ տեսքով։ «Եթե մենք գործ ունենք արվեստի կամ ճարտարապետական կարեւոր հուշարձանի հետ, ապա, իբրեւ մասնագետ, մեզնից յուրաքանչյուրն իր բաժին ներդրումը պիտի ունենա,-կարծում է իտալացի ճարտարապետ Քրիստին Լամորը։

–Այստեղ հոյակապ միջավայր է ու անհնար է աշխատելու ժամանակ չխանդավառվել եկեղեցու բացառիկ ճարտարապետական լուծումներով։ Սա յուրահատուկ հոգեւոր հուշարձան է, որ կառուցել են հայ շինարարները՝ որպես անփոխարինելի արժեք կտակելով ժողովրդին, որոնք պիտի սրբորեն պահպանվեն ու փոխանցվեն սերունդներին»։ Ապա նա պատմում է, որ մինչեւ Արցախ գալն ուսումնասիրել է հայկական որմնանկարների նմուշներն ու վերականգնելու նպատակով համապատասխան նյութեր հայթայթել։ Եկեղեցու որմնանկարներն ու սրբապատկերներն այնպես էին պատվել մրի հաստ շերտով, որ հազիվ էին նշմարվում։ Եվ մասնագետներից հսկայական ջանքեր պահանջվեցին դրանց մաքրման ու վերականգնման համար։ «Ես անչափ ուրախ եմ, որ հայազգի իմ ընկերոջ՝ ճարտարապետ Արա Նազարյանի հետ ինձ եւս բախտ վիճակվեց այստեղ գալ եւ հաճելի առաքելություն կատարել։ Հոյակապ նկարչական երեւույթի հետ գործ ունենք, որն ինձ համար շատ նորություններ բացահայտեց։

Ես շատ աշխատանքներ եմ կատարել՝ կապված ամենատարբեր երկրներում հայտնի հուշարձանների համալիրների վերականգնման հետ։ Սակայն պիտի խոստովանեմ, որ Դադիվանքի վանական համալիրն, իբրեւ արվեստի գործ, միանգամայն այլ երեւույթ է, եւ անչափ տպավորված եմ պատերին արձանագրված պատկերներով, նկարչական տեխնիկայով եւ գունային յուրահատուկ լուծումներով»,–խոստովանում է իտալացի մասնագետը։ Ըստ ուսումնասիրությունների, եկեղեցու որմնանկարների մեծ մասը ստեղծվել է 1297 թվականին։ Իսկ թե ում ձեռքի աշխատանքներն են արվեստի այդ բացառիկ նմուշները՝ դեռ հայտնի չէ։

«Վերականգնող հիմնանկարներն ամբողջովին մաքրվել, ամրակայվել են եւ հնարավոր վնասումից հետո խուսափելու համար պահպանողական շերտեր են դրվել։ Կարելի է ասել, որ դժվարություններն արդեն հաղթահարվել են, ու մինչեւ նոյեմբեր ավարտին կհասցնենք վերականգնողական աշխատանքները»,–տեղեկացնում է ճարտարապետ Արա Նազարյանը՝ հավաստիացնելով, թե ամեն մի գործ բծախնդրորեն, նվիրումով է կատարվել եւ այսուհետեւ «եկեղեցին ավելի լուսավոր ու պայծառ նկարագրով է ներկայանալու այցելուներին»։

Դավիթ Միքայելյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *