israel

Դաշնակիցների հետ հարաբերվելու հարցում բավական ուսանելի է Իսրայելի օրինակը

Նախօրեին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, կայացել է ԱՄՆ-ի կողմից Իսրայելին, ընդհանուր 38 մլրդ դոլար ծավալով, 10 տարի ժամկետով, ցուցաբերվելիք ռազմական օգնության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը, որը ենթադրում է 2019-2028թթ.Վաշինգտոնի կողմից տարեկան կտրվածքով 3,8մլրդ դոլարի ֆինանսական աջակցություն Իսրայել պետության անվտանգության ոլորտին: Մինչ այս, արդեն մի քանի տասնամյակ նույն նպատակով Հրեական պետությանը տրամադրում էր տարեկան 3,1 մլրդ դոլարի աջակցություն, որի վերաբերյալ համաձայնագրի ժամկետը լրանալու է արդեն 2018թ.: Համաձայնագրի ստորագրման նախօրեին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ դա ռազմական աջակցության ամենամեծ փաթեթն է, որը երբևէ Միացյալ Նահանգները տրամադրել է որևէ երկրի: Ինչ խոսք, նման ծավալի աջակցությունը մեծ ոգևորություն է առաջացրել Իսրայելում, քանի որ հատկապես վերջին տարիներին երկու երկրների ղեկավար շրջանակների միջև հասունացած սկզբունքային խնդիրներն իրենց հետևանքներն էին թողել նաև երկու դաշնակից երկրների հարաբերությունների վրա:

Այն, որ իսրայելական կողմը բավական լուրջ ձեռքբերում է համարում Վաշինգտոնում կայացած համաձայնությունը, պարզորոշ կերպով երևում է նաև իսրայեական կողմից փաստաթուղթը ստորագրած Ազգային անվտանգության խորհուրդի ղեկավարի պաշտոնակատար Յակով Նագելի խոսքերից՝ «Սա պատմական համաձայնություն է, որը նաև աննախադեպ է: Դեռևս 3 տարի առաջ վարչապետն իմ առջև խնդիր էր դրել՝ նախապատրաստելու փաստաթուղթը: Այն ժամանակ Նեթանյահուն ասել էր՝ «Եթե հնարավոր լինի պայմանավորվել տարեկան 3,6 մլրդ-ի վերաբերյալ, Դուք կստանաք ոսկե մեդալ, 3,3-ի դեպքում՝ արծաթե, 3,1-ի դեպքում՝ բրոնզե»: Փաստորեն հաջողվեց արձանագրել նախատեսված լավատեսականից ավելի լավ արդյունքներ՝ շնորհիվ այն իրողության, որ ԱՄՆ-ի տնտեսությունը վերջին 3 տարիների ընթացքում էականորեն կայունացել է»:

Ինչ խոսք, բնականաբար նման ծավալի աջակցության միակ պատճառը ամերիկյան տնտեսության ձեռքբերումները չեն, այլ, առավելապես՝ մի կողմից նախ ԱՄՆ-ի կողմից մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին տարիներին ստեղծված քաոսային իրավիճակում սեփական դաշնակցի դերի առավել կարևորումն՝ անկախ այնտեղ իշխող վարչակարգից, մյուս կողմից, բնականաբար, իսրայելական դիվանագիտության և ԱՄՆ-ում հրեական լոբբիի ճկուն գործունեությունը: Խոսքը բնականաբար վերաբերում է Իրանի միջուկային ծրագրի հանգուցալուծման հետ կապված ամերիկաիսրայելական խորը տարաձայնություններին և նշված հարցը ի շահ Իսրայելի անվտանգությանը դիվանագիտական սակարկությունների արդյունքում հմտորեն շահարկելու կարողությանն, ինչն, ինչպես տեսնում ենք, փաստորեն հաջողվեց իսրայելական կողմին:

Ինչ վերաբերում է համաձայնագրի բնույթի «աննախադեպ և պատմական» բնորոշումներին, ապա նման գնահատականներին կարելի է որոշակի վերապահումներով մոտենալ՝ համեմատելով ստորագրված փաստաթուղթը ներկայում երկու երկրների միջև գործող համաձայնագրի հետ: Բանն այն է, որ ի տարբերություն նոր փաստաթղթի, գործողի պարագայում իսրայելական կողմին իրավունք էր վերապահված՝ դիմելու ԱՄՆ-ի Կոնգրեսին հավելյալ 600-800 մլն դոլար աջակցություն ստանալու հայցով՝ ուղղված Հակահրթիռային համակարգերի և թունելային ռազմական տեխնիկայի բարելավմանն. այսինքն, նախկինում Իսրայելին հաջողվում էր ԱՄՆ-ից ստանալ առավելագույնը մինչև 3,9 մլրդ դոլարի ռազմական աջակցություն:

Հ.Գ. Ամերիկաիսրայելական վերոնշյալ համաձայնագրի ստորագրման իրողությունը հերթական անգամ գալիս է փաստելու այն պարզ ճշմարտությունը, որ որևէ տարածաշրջանում դերակատար հանդիսանալու պարագայում քեզ հետ համագործակցելու, քո իսկ անվտանգությունը սեփական շահերի համատեքստում երաշխավորելու համար մրցապայքար է սկսվելու անգամ աշխարհի գերտերությունների միջև:

Արմեն Պետրոսյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *