Դժվարամատչելի հետազոտությունների գները պետպատվերի շրջանակում վերանայվել են

ՀՀ առողջապահության նախարարությունը ուղիներ է գտել ավելացնելու պետական պատվերի շրջանակում դժվարամատչելի եւ բարձր տեխնոլոգիական հետազոտությունների իրականացմանն ուղղվող գումարները։
Խնդիրն այն է, որ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին պարբերաբարայդ գումարներն սպառվում էին։
Նախարարություն են դիմում պետական պատվերից օգտվող խմբերում ընդգրկված քաղաքացիներ, ովքեր համապատասխան ուղեգրերով չեն կարողանում որեւէ բժշկական հաստատությունում ստանալ անհրաժեշտ ծառայությունը։ Ամենուր քաղաքացիներին հերթագրում են` տեղեկացնելով, որ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ ծրագրի 2016թ. ֆինանսավորումն ավարտվել է։

«Մենք հնարավորություն գտանք չծախսված եւ տնտեսված գումարների հաշվին փակել այս բացը եւ համալրել գումարները, որպեսզի մինչեւ տարեվերջ մեր քաղաքացիները կարողանան անհրաժեշտ հետազոտություններն անցնել»,-այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը։
Խնդրի լուծման նպատակով նախարարությունն ուսումնասիրել է բժշկական կազմակերպություններում ծրագրի շրջանակում մատուցվող ծառայությունների, առաջին հերթին` թանկարժեք մագնիսառեզոնանսային շերտագրման, համակարգչային տոմոգրաֆիական եւ այլ հետազոտությունների գործող գները։
Պետական պատվերի շրջանակում փոխհատուցվող «դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների» գները սահմանվել են տարիներ առաջ եւ վերջին ժամանակաշրջանում չեն վերանայվել: Այս ընթացքում զգալի աճել է դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ իրականացնող կազմակերպությունների թիվը, ինչը մրցակցության հետեւանքով հանգեցրել է մատուցվող ծառայությունների գների նվազման:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *