Դիվերսանտներ Ասկերովի եւ Գուլիեւի առնչությամբ Արցախի դիրքորոշումը չի փոխվել

Ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի առնչությամբ Արցախի դիրքորոշումը չի փոխվել։ Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում տեղ գտած այն հրապարակմանը, թե իբր Բեռնում դեկտեմբերի 19-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը բարձրացրել է Դիլհամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիեւին ազատ արձակելու հարցը։

«Մեր դիրքորոշումը մնացել է անփոփոխ։ Մենք, ի տարբերություն ադրբեջանցիների, նրանց հետ հաշվեհարդար չենք տեսել։ Նրանց նկատմամբ կատարվել է բաց եւ թափանցիկ դատավարություն, ինչպես վայել է ցանկացած ժողովրդավարական պետությանը։ Լրատվամիջոցները, մարդու իրավունքների պաշտպանները՝ տեղական թե արտերկրից, հնարավորություն են ունեցել գալ եւ տեսնել, մասնակցել այդ դատավարությանը։ Նրանց մեղքն ապացուցված է, եւ նրանք կրում են իրենց պատիժը»,–ասաց Դավիթ Բաբայանը։

Ինչ վերաբերում է նախագահների հանդիպմանը հարցի հնարավոր քննարկմանը, Դավիթ Բաբայանը նշեց, որ կդժվարանա հստակ ասել, բայց ավելացրեց, որ եթե նույնիսկ այդպես է, ապա դա ոչ այլ ինչ է, քան քաղաքական շահարկում։ «Եթե ադրբեջանական կողմը նման ակնկալիքներ ունի կամ ցանկանում է այդ մարդկանց ճակատագրով հետաքրքրվել, ապա պետք է դիմի Արցախի Հանրապետությանը։

Այդպիսի դիմում մենք չենք ստացել, բայց ես կասկածում եմ, որ Ալիեւը կարող էր իր վրա վերցնել այդ համարձակությունը եւ բարձրացնել հարցը Հայաստանի նախագահի առջեւ։ Նույն այդ Ալիեւը հերոսացրել է բուդապեշտյան դահճին (հայ սպային քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովին—խմբ.)։ Չեմ կարծում, որ նա այդ համարձակությունը ունենար, մանավանդ, ոչ իրավական, ոչ քաղաքական տեսանկյունից նման հարցադրումը ՀՀ նախագահին ուղղելը ճիշտ չէ»,–հավելեց Դավիթ Բաբայանը։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *