Եթե այսպես շարունակվի, ապա ռուս-թուրքական հակամարտությունը լուրջ և վտանգավոր բնույթ է կրելու

Եթե այսպես շարունակվի, ապա ռուս-թուրքական հակամարտությունը նոր, լուրջ և վտանգավոր բնույթ է կրելու: Դրա վառ ապացույցը Թուրքական հրետանու և արդեն նույնիսկ ավիառմբահարումներն են Հյուսիսային Սիրիայում, սահմանափակ թուրքական զորախմբի ներխուժումն այնտեղ, Սաուդյան Արաբիայի հետ համաձայնությունը հետագայում համատեղ ներխուժելու, նրանց ռազմաօդային ուժերը ևս օգտագործելու ուղղությամբ: Հաջորդը դա պաշտոնական այցով Ուկրաինայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավիթօղլուի Յացենյուկի հետ տրված համատեղ մամուլի ասուլիսում արտահայտած հակառուսական կոշտ հայտարարություններն են:

Բնականաբար Դավիթօղլուն մեղադրել է Ռուսաստանին միջազգային իրավական նորմերի խախտման մեջ: Մասնավորապես նա ասել է. <<Ներկայումս երեք երկրներում Ռուսաստանը հանդես է գալիս բռնազավթողի դերում` Ուկրաինայում, Վրաստանում ու Սիրիայում, Հայաստանը նույնպես բռնազավթել է Ադրբեջանի հողերը Ռուսաստանի օգնությամբ>>: Փաստորեն արդեն Ռուսաստանին կոնկրետ մեղադրանք է ներկայացվել նաև Ղարաբաղյան խնդրի հետ կապված: Ըստ նրա` եթե միջազգային հանրությունը համապատասխան կերպով արձագանքեր Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին, ապա հավանաբար ռուսները չէին համարձակվի ռմբակոծություններ սկսել Սիրիայում: Հայտարարվել է թուրք-ուկրաինական միասնական դիրքորոշման, բարեկամության և այսուհետ կարևոր ռազմավարական գործընկեր լինելու մասին:

Փաստորեն նաև ստեղծվել է նոր առանցք` Կիև-Անկարա-Բաքու, ու այս ամենից լավ բան սպասել չի կարելի: Վառվող պատրույգն աստիճանաբար մոտենում է վառոդով լցված տակառին… Շատ բան կախված է ԱՄՆ-ի և Եվրոպայի վերջնական դիրքորոշումից, քրդական խնդրի շուրջ նրանց կողմնորոշումից: Չնայած քաղաքականությունն էլ է բրազիլական սերիալների նման…Ամուսիններն իրարից բաժանվում են, մի տաս հոգու հետ կենակցում և կրկին սիրատոչոր միանում ու <<երջանիկ>> նոր կյանք սկսում:

Սպասենք նորանոր զարգացումների, քանի որ իրավիճակն իրոք պայթունավտանգ է: Հետաքրքիր է, որ մենք` հայերս ենք հավատարիմ, երևի կորցնելու շատ բան ունենք, այլընտրանք առայժմ չունենք…

Ռոբերտ Մելքոնյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *