Եթե Փաշինյանը ՓՄՁ ոլորտին ազատում է հարկերից, ինչու՞ նույն կերպ չի մոտենում մեր ոլորտին

 

Բոլոր ժամանակներում հային հարիր է եղել աղն ու հացը, երգն ու պարը, սեղան բացելն ու ուրախանալը: Վերջին 15-20 տարիներին մեր «ուտող-խմող»հայերը իրենց տոնական միջոցառումներն անցկացնում են ավելի շատ ռեստորաններում, հացատներում կամ պարզապես ուրախ ժամանց անցկացնելու հետաքրքիր այլ վայրերում: Կար ժամանակ, որ տոնական միջոցառումները հիմնականում վստահում էին իրենց մերձավորներից ճարտար ու տարեց որեւէ մեկին, սակայն վերջին տարիներին քաղաքկրթության զարգացումը հանգեցրեց թամադայի ինստիտուտի ձեւավորմանը: Շատ ընտանեկան, ընկերական խնջույքներ այսօր վստահվում են հանդիսավարներին, ովքեր իրենց պատկերավոր խոսքով գեղեցկացնում ու ու ավելի կազմակերպված ու տպավորիչ են դարձնում երեկույթները: Վերջին ամիսներին տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին զուգահեռ, ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել այն մասին, մեջբերում եմ.

«Հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, ևս մեկ անգամ հորդորում է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին եւ նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները եւ վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով»,-ասված է հաղորդագրության մեջ: Ի հավելումն ասված է. «Հաշվի առնելով, որ հարցը տևական ժամանակ քննարկվել է, ՊԵԿ-ը հորդորում է ինքնահայտարարագրել եկամուտները սեղմ ժամկետներում: Հակառակ դեպքում հարկային մարմնի տեսադաշտում գտնվող անձանց նկատմամբ կիրականացվեն հարկային հսկողության միջոցառումներ»,- հայտնում է ՊԵԿ-ը՝ հիշեցնելով, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության:

«Բարձր գնահատելով մշակութային ոլորտի կարևորությունը՝ Պետական եկամուտների կոմիտեն խնդրի լուծումը տեսնում է փոխըմբռնման հարթությունում՝ կտրուկ քայլերի փոխարեն դարձյալ ծանուցելով շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց»: Այս մասին որոշումը շատ ու շատ հանդիսավարների մտահոգության առիթ տվեց ու իմ գործընկերներիցս մի քանիսի դժգոհությունն ու կարծիքը ցանկություն հայտնեցի բարձրաձայնել: Հանդիսավար, երգչուհի, երգահան, բանաստեղծ Սյուզի Մարգարյանը, հանդիսավարներին հարկային դաշտ բերելու մասին որոշումը որակեց աբսուրդ: <<Այն հանդիսավար- «գեր» աստղերը, որ սերիալներում իրենց պատվավոր տեղերն ունեն ամրագրած , ճանաչված ու պահանջարկված են հանրության կողմից եւ մեկ միջոցառման ընթացքում վաստակում են նվազագույնը 1000 –5000 դոլարին համարժեք դրամ: Ինչքանով է ճիշտ, որ նրանց նույն հարթակում հարկ վճարեն եւ նրանք եւ մեզ նման համեստ արվեստագետ, լրագրող -հանդիսավարները, որ հաճախ նույնիսկ բարեգործական հիմունքներով են վարում, Հայաստանի այս շրջանից այն շրջան այցելելով` հիմնականում ցածր և միջին խավին >> ենք ուրախացնում, ու խղճներիս հակադարձ համեմատական ցածր վճարով, այնքան, որ ճանապարհի ծախսը գոնե դուրս գա:

Բա էլ ու՞ր մնաց արդարությունը, ո՞ւր մնաց մեր պայքարը, մեր փակած փողոցներն ու իրավիճակ փոխած ժամանակները: Չէ՞ որ մենք հենց նմանատիպ անարդարության դեմ էինք պայքարում: Օրինակ, եթե մեր սիրելի Փաշինյանը, ասենք փոքր ձեռներեցներին, որ շատ քիչ շրջանառություն ունեն, ազատում է հարկերից, ինչո՞ւ այդ նույն կերպ մոտեցում չի ցուցաբերում մեր ոլորտին: Ասենք հանդիսավարներ կան ամեն օր գործ ունեն, ու ամենաքիչը եթե 100 000 դրամ չտան, տանից դուրս չեն գա, նույն հարկն են վճարելու, ինչ մենք, որ մի բան էլ նվեր ենք տալիս նորապսակներին, որ ուրախություն ու ժպիտ պարգևե՞նք: Դե որ այդպես է, մենք էլ փողոց կփակենք, ինչին հաստատ սուպեր-աստղերը չեն մասնակցի: Մեկ է, կա~րգին էլ փորձ ունենք»,- անկեղծացավ իմ գործընկեր Սյուզին: Փորձեցի մի քանի թամադա-գործնկերներիցս եւս կարծիք լսել:Դերասանական փորձ կուտակած, հաճախ սերիալներում հանդես եկող Էդգար Կիրակոսյանը ևս դժգոհություն հայտնեց.

«Հաշվի առնելով այն փաստը, որ մեր աշխատանքը կանոնակարգված չէ և ոչ գրանցված, ու կարող ենք էժան գներով երեկո վարել, ու մի հատ էլ հարկ վճարել, կամ ինչպե՞ս պատվիրատուին ասել, որ մենք թանկ ենք վերցնում, որովհետև հարկ ենք վճարում,ապա ես դեմ եմ, ու դեռևս շատ անելիքներ կան, որպեսզի հարկեր գանձեն ամսվա մեջ 2-3 անգամ, նույնիսկ 1 անգամ հանդիսություն վարող թամադայից»,-ասաց Էդգարը: Իսկ իմ մյուս գործընկեր-հանդիսավար Դավիթ Դավթյանն էլ՝ հակադարձեց- «Ես պատրաստ եմ աշխատել օրինական դաշտում, և իհարկե ինքնակամ կդիմեմ ՊԵԿ: Այո´ կողմ եմ որ հարկ վճարենք, որովհետև չկա չվճարելու պատճառ, պետք է եկամտահարկ տան բոլորը»,- ասաց Դավիթն ու վերջում իբրև իր խոսքի ամփոփում ավելացրեց. «Իսկապես, ինչու՞ պիտի դրսում կանգնած վաճառականը հարկվի, իսկ մենք ոչ: Կոչ եմ անում, ոլորտում իմ գործընկերներին, գործել ըստ օրենքի»,-սահմանափակեց իմ զրուցակիցը:

Եվ վերջում, հաշվի առնելով իմ գործընկերների կարծիքներն ու մոտեցումները առաջացած խնդրի շուրջ, ես որպես հանդիսավար-լրագրող, ով բավականին առաջընթաց ունի իր երկու ոլորտներում էլ, կավելացնեմ՝ հարգելի նորընտրի կառավարություն, ՊԵԿ, նախ այս հարցը պետք է երկար-բարակ քննարկել, և սահմանել տարեկան ինչ որ մի գումար, որով տվյալ հանդիսավարը, երգիչն ու երաժիշտը չդժգոհեն, որպեսզի կարողանան իրենց աշխատածի չափով վճարում կատարեն, և որ ամենակարևորն է նրանց «նրանց ֆինանսները չերգեն ռոմանսներ»: Մենք հաստիքային աշխատողներ չենք և գրանցված չենք որևէ ռեստորանում, մենք արտադրամասի աշխատող չենք, կամ էլ բիզնեսմեններ: Շատ հաճախ, մեր բարեկամական և ընկերական շրջապատում ենք հանդես գալիս, այն էլ առանց վճար: Ասելիքներ շատ կան, բայց կլինեմ հակիրճ՝ դեմ եմ այդ որոշմանը, և դեռևս մեր քաղաքակրթությունը զարգացման փուլեր ունի անցնելու, այն էլ շատ երկար: Երվանդ Մարեյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *