848583

«Ես ամեն անգամ ռիսկի եմ դիմում` բեմ բարձրանալով 92 տարեկան հասակում». Շ. Ազնավուրի բացառիկ հարցազրույցը կրեմլյան համերգից առաջ.

Հայկական ծագում ունեցող ֆրանսիացի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը ապրիլի 5-ին Մոսկվայում կայանալիք իր մենահամերգի նախաշեմին հարցազրույց է տվել «Չաստնիյ կորրեսպոնդենտ» պարբերականին՝ անդրադառնալով մի շարք անձնական թեմաների:

«Ինձ և իմ քույր Աիդային դաստիարակել են այնպես, որպեսզի միշտ ցանկություն ունենանք ուրիշներին օգնելու: Ցեղասպանությունից հրաշքով փրկված մեր ծնողների ճակատագիրը և վարվելակերպը մեզ համար օրինակ են ծառայել: Նրանք հաճախ էին հիշում այն իտալացի կապիտանի խիզախությունը և բարիությունն, ով փրկել է նրանց Կոնստանդնուպոլսից փախչելիս: Նրանք արդեն նավի վրա են եղել, երբ թուրք զինվորներից մեկը հայերեն խոսք է լսել և վազել նրանց հետևից: Բայց նավի կապիտանը պաշտպանել է ծնողներիս: Կարծում եմ, որ նրանց հաջողվել է փրկվել շատ մարդկանց օգնության և բարության շնորհիվ, ուստի նրանք իրենք միշտ փորձել են օգնել բոլորին,- ասել է Ազնավուրը` շարունակելով,- ըստ ամենայնի, իմ ամբողջ կյանքը հաղթանակ է ինքս իմ նկատմամբ: Ես զրոյից եմ սկսել, ինքս եմ ստիպված եղել ամեն ինչ սովորել. երաժշտություն, գրականություն, դերասանի վարպետություն: Այդ ժամանակներում ուսումը վճարովի էր, իսկ մեր ընտանիքի հնարավորությունները սուղ էին, այդ պատճառով ստիպված եմ եղել շուտ լքել դպրոցը: Այդ պահից ի վեր կյանքում ամեն ինչի հասել եմ ինքնուրույն»:

Այստեղ լրագրողը նկատել է, որ «զրոյից սկսելը» շատ հայկական է, և հարցրել, թե որն է եգչի բնավորության ամենագլխավոր հայկական գիծն, ինչին Ազնավուրը պատասխանել է. «Աշխատունակությունը: Ես չեմ հավատում ներշնչանքին, ես հավատում եմ քրտինքին: Ես վարպետի պես տաշում ու հղկում եմ ամեն բառ, ամեն մի արտահայտություն, եթե ինձ պետք է, ես օրեր, շաբաթներ ու ամիսներ կծախսեմ` փնտրելով անհրաժեշտ արտահայտությունը»:
Հարցին, թե ինչով է սիրում զարդարել իր ազատ ժամանակը, շանսոնյեն պատասխանել է. «Նորություններ եմ կարդում, գրականություն, ֆիլմեր եմ դիտում: Գրում եմ: Մի ամբողջ գիրք եմ գրել սկսնակ արտիստների համար: Դրանում իմ բոլոր խորհուրդներն են»:

Հարցին` դուք մի անգամ գրել եք, որ միշտ պետք է ռիսկի դիմել, իսկ ռիսկը երիտասարդությանն է բնորոշ, հիմա ռիսկի դիմո՞ւմ եք, Ազնավուրը պատասխանել է. «Իհարկե, ես ամեն անգամ ռիսկի եմ դիմում` բեմ բարձրանալով 92 տարեկան հասակում, որպեսզի լիարժեք համերգ տամ առանց անտրակտի ու մի կում ջրի: Եվ սա` դեռ չհաշված բազմաթիվ թռիչքները մոլորակի մի կետից մյուսը: Երբեմն համերգաշրջանի ընթացքում ես շաբաթը 4 երկիր եմ թռչում: Այժմ ուզում եմ համերգ տալ այն անկյուններում, որտեղ դեռ չեմ եղել` Չինաստանում, Հարավային Կորեայում»:
Բացի այդ, Ազնավուրը պատմել է, որ իր հանդիսատեսն այնքան հավատարիմ ու նվիրված է, որ նրա հետ հանդիպման գնալիս ինքը կարծես հին ընկերոջ մոտ գնալիս լինի: Նա նաև խոստովանել է, որ հիշողությունն իրեն երբեմն դավաճանում է, 1000-ից ավելի գրված երգերը հիշելն այնքան էլ հեշտ չէ, ուստի ինքն օգտվում է պրոմպտերից` հուշող տեխնիկայից: «Գործնականորեն բոլոր արտիստներն են այդպես անում, այնինչ միայն ես եմ խոստովանում»,- ասել է նա:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *