inga

«Ես եւ փոքրիկս մեզ շատ լավ ենք զգում». Ինգա Արշակյան

Երգչուհի Ինգա Արշակյանի համար գարնան առաջին օրը տոնական դարձավ իր դստեր՝ Մարիայի ծնունդով: Նրա եւ Աշոտ Սահակյանի առաջնեկը լույս աշխարհ եկավ մարտի 1-ին՝ անսահման երջանկություն պարգեւելով նորաթուխ ծնողներին: Armtimes.com-ի հետ զրույցում երգչուհին կիսվեց իր ուրախությամբ:
«Նա մեր գարունն է, մեր արեւը, մեր աշխարհը… երջանկությունս աննկարագրելի է: Այս պահին ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ: Հուզմունք, սեր, անհանգստություն ամեն փոքր բանի համար, պատասխանատվություն: Այս բոլոր հույզերը միախառնվել են իրար, -ասաց նա:
Երգչուհին ընդգծեց, ո»ր իրեն հրաշալի է զգում: Շրջապատված է սիրելի ու հոգատար մարդկանցով, ովքեր ամեն կերպ օգնում են իրեն:
«Ես եւ փոքրիկս մեզ շատ լավ ենք զգում: Շրջապատված ենք ջերմ ու հարազատ մարդկանցով: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բժշկական ամբողջ անձնակազմին՝ ի դեմս Լուսինե Թանանյանի, Թերեզա եւ Արմեն Գրիգորյանների: Խորին շնորհակալություն ջերմ եւ հոգատար վերաբերմունքի համար: Քանի որ երեխա պահելու փորձ չունեմ, ինձ օգնում են սկեսուրս եւ մայրս, ովքեր փորձառու են եւ հասկանում են երեխայի «լեզուն»: Շատ ուրախ եմ որ նրանք կողքիս են, նրանց յուրաքանչյուր խորդուրդ շատ արժեքավոր եւ կարեւոր է ինձ համար», -նշեց նա՝ ավելացնելով, որ երեխան առայժմ հանգիստ է, ինչը հեշտացնում է նրան խնամելը:

Մինչեւ փոքրիկի ծնունդն Ինգան եւ Աշոտը հոգացել են նրա համար անհրաժեշտ բոլոր պարագաների մասին: Հատուկ խնամքով պատրաստել են նրա սենյակն ու իրերը, եւ, իհարկե, մեծ բծախնդրությամբ ընտրել են նրա անունը:
«Շատ անուններ ենք քննարկել: Անվան ընտրության հարցում դիմել ենք նաեւ մեր ծնողներին: Արդյունքում բոլորս հակված էինք Մարիա անվանը», -պատմեց երգչուհին:
Ինգա Արշակյանը, ինչպես շատերը, չի շտապում ծանոթացնել հանրությանն իր երեխայի հետ: Նպատակահարմար չի գտնում մոտակա ժամանակներս նրա լուսանկարը հրապարակելը, իսկ թե երբ դա կանի, դեռեւս չգիտի:

Երգչուհին անդրադարձավ նաեւ Եվրատեսիլ 2016-ում Իվետա Մուկուչյանի մասնակցությանը: Նա նշեց, որ փոքրիկ Մարիայի խնամքով զբաղված լինելու պատճառով չի հասցնում հետեւել երգի մրցույթի հետ կապված նորություններին, սակայն վստահ է, որ Իվետան պատվով կներկայացնի Հայաստանը, քանի որ պրոֆեսիոնալ է եւ գիտի իր գործը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *