Ես իմ հաղթանակը նվիրում եմ այն 3 հայ օդաչուներին, ովքեր ադրբեջանական կրակի անմեղ զոհերը դարձան

Երեկ սամբոյի աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանը ժամանեց Արցախ: Բազմաթիվ հայրենակիցներ նրան դիմավորեցին Շուշիի «Տանկ» հուշարձանին հարակից հրապարակում: Տոնական տրամադրությունը թևածում էր բերդաքաղաքի մատույցներում:

Karabakh-life.am-ի հետ ճեպազրույցում չեմպիոնը նշեց, որ այս հաղթանակին երկար է սպասել, և այն համայն հայության հաղթանակն է համարում: ,,Երկար եմ սպասել, վերջապես բախտը ժպտաց և չեմպիոնի կոչմանն արժանացա: Սա տարիների դժվար աշխատանքի արդյունք է, ինչի համար ես երախտապարտ եմ ՀՀ վաստակավոր մարզիչ Էռնեստ Միրզոյանին,,-ընդգծում է Մավրիկ Նասիբյանը,

«Ես իմ հաղթանակը նվիրում եմ այն 3 հայ օդաչուներին, ովքեր ադրբեջանական կրակի հերթական անմեղ զոհերը դարձան: Ես խոնարհվում եմ նրանց շիրիմների առջև և համբերություն մաղթում հարազատներին» : Ճապոնիայի Նարիտա քաղաքում տեղի ունեցած սամբոյի աշխարհի 2014 թվականի առաջնությունն ըստ Մավրիկի, բարդ էր, քանի որ մրցակիցներն ուժեղ էին: ,,Առաջին գոտեմարտում հանդես եկա Ղազախստանի ներկայացուցչի հետ, ապա Թուրքմենիստանի և Մոնղոլիայի ներկայացուցիչների հետ: Մեկը մյուսից ուժեղ էին, թերագնահատելը ճիշտ չէր լինի: Եզրափակչում ես հաղթեցի Բուլղարացի մասնակցին, որին մի անգամ արդեն հանդիպել էի Եվրոպայի առաջնությունում: Այն ժամանակ նա հաղթեց ինձ, բայց այս անգամ ես հակագրոհի քայլեր եմ ձեռնարկել և պարտել նրան: Արդյունքը` աշխարհի չեմպիոն,, -ժպտում է արցախցի չեմպիոնը:

Ավելացնենք, որ Շուշիի «Տանկ» հուշարձանի հարակից հրապարակում, սպորտի պետական վարչության և ՄԵ հարցերի նախարարության անձնակազմն աշխարհի չեմպիոնին դիմավորել են ցուցապաստառներով, դրոշներով, ավանդական աղ ու հացով՝ զուռնա-դհոլի ուրախ հնչյունների ուղեկցությամբ:

Հիշեցնենք. Ճապոնիայի Նարիտա քաղաքում նոյեմբերի 21-ին, կանց է կացվել Սամբոյի աշխարհի 2014թ. առաջնությունը, որին մասնակցել է 600 մարզիկ` 80 պետությունից: Առաջնությունում գերազանց հանդես է եկել արցախցի Մավրիկ Նասիբյանը, ով հաղթելով բոլոր գոտեմարտերը՝ նվաճել է ոսկե մեդալ ու մարտական սամբոյի 74 կգ քաշային կարգում հռչակվել աշխարհի չեմպիոն:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *