ԿԱՐԵՎՈՐ
Search
1147

«Ես կգամ ու կերգեմ հանուն խաղաղության և Արցախի բարգավաճման».Մոնսերատ Կաբալիեն կատարեց իր խոստումը

Աշխարհահռչակ սոպրանո, օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն երկրորդ անգամ է Արցախում։ Առաջին այցը, որը կայացել էր անցյալ տարվա հունիսին և ճանաչողական բնույթ էր կրում, հիմք ծառայեց «Հայաստան և Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի ստեղծման համար, որում երգչուհու երգերի համադրությամբ ներկայացված է հայկական 7 եկեղեցիների պատմությունը:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին այսօր Ստեփանակերտի «Վալեքս Գարդեն» հյուրանոցի կոնֆերանս-սրահում հրավիրած մամլո ասուլիսում նշել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը՝ մանրամասնելով, որ ալբոմի շնորհանդեսը կայացել է նույն տարվա դեկտեմբերին՝ Փարիզում, որտեղ ի պատասխան ԼՂՀ նախագահի հրավերի, երգչուհին խոստացել է կրկին այցելել Արցախ՝ այս անգամ համերգով հանդես գալու համար։ Տիկին Կաբալիեն նաև նամակ է գրել Արցախի նախագահ Բակո Սահակյանին՝ նշելով, թե իր վրա ինչպիսի մեծ տպավորություն են գործել արցախցիների ջերմ ընդունելությունը, եկեղեցիները և այն ամենը, ինչ տեսել է այստեղ։ Եվ, որպես այսօր կայանալիք նրա համերգի խորագիր, ընտրվել են նամակում նրա արտահայտած խոստումը. «Ես կգամ ու կերգեմ հանուն խաղաղության և Արցախի բարգավաճման»։

Երգչուհու երկրորդ այցն ու համերգային ծրագիրը կազմակերպել են Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ծրագրի ղեկավար և համակարգող Գարիկ Իսրայելյանը՝ համերգի գլխավոր հովանավոր «Կոնվերս բանկ»-ի աջակցությամբ։ «Իր այցով տիկին Կաբալիեն վերահաստատեց այն միտքը, որ մեծ արվեստագետի համար չեն կարող արգելք հանդիսանալ Ադրբեջանի քաղաքական նկրտումները և որ ինքն ազատ է՝ այցելելու և բարեկամներ ընտրելու այնտեղ, որտեղ ցանկանում է։ Այս ծրագրով շատ մեծ բարեկամության սկիզբ ենք դրել։ Լավ նախադրյալներ ունենալով՝ մենք ցանկանում ենք Արցախում զարգացնել օպերային արվեստը»,- ասաց Ն. Աղաբալյանը՝ հավելելով, որ նախատեսվում է Մ. Կաբալիեի և նրա օգնությամբ հրավիրված մասնագետների կողմից վարպետության դասերի անցկացում արցախցի շնորհալի երեխաների ու երիտասարդների հետ, որը մեծապես կնպաստի այդ նպատակի իրականացմանը։

(Visited 2 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *