main20150721_10

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի այցը Հայաստան

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Երկկողմ ձեւաչափով բանակցություններից հետո կայացել է ՀՀ նախագահի եւ ԵԽ նախագահի համատեղ մամուլի ասուլիսը, որտեղ Սերժ Սարգսյանը եւ Դոնալդ Տուսկը ԶԼՄ—ների ներկայացուցիչների առջեւ հանդես են եկել հայտարարությամբ եւ պատասխանել լրագրողների հարցերին։
Բանակցությունների ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ—ԵՄ հարաբերություններին եւ ընթացիկ համագործակցությանը, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին։
Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին։ Հանրապետության նախագահը ողջունել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։
Խոսելով դժվարին բանակցությունների արդյունքում Հունաստանի ճգնաժամի հաղթահարման գործընթացում արձանագրված որոշակի առաջընթացի մասին՝ նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հարցը հնարավորինս արագ եւ կողմերի համար ընդունելի տարբերակով լուծման կհանգի։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ինչպես մեր երկրի կարեւորագույն գործընկեր ԵՄ տարածքում կայունության ապահովմամբ, այնպես էլ Հայաստանի դարավոր բարեկամ Հունաստանի բնականոն զարգացմամբ։
Հանդիպման ժամանակ նշելով, թե ուրախ է, որ Հայաստանում օրենքի համաձայն նախաձեռնվել է սահմանադրական բարեփոխումների գործընթաց, Դոնալդ Տուսկը ՀՀ նախագահին խնդրել է ներկայացնել բարեփոխումների իրականացման նպատակը եւ այդ գործընթացի վերաբերյալ նրա գնահատականը։
Այս եւ բանակցությունների ընթացքում քննարկված այլ թեմաները ՀՀ եւ ԵԽ նախագահները ամփոփել են մամուլի ասուլիսի ժամանակ։

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը

Ես կրկին ողջունում եմ Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Տուսկին Հայաստանում եւ իմ գոհունակությունն եմ հայտնում մեր այսօրվա զրույցի վերաբերյալ։ Նմանօրինակ հանդիպումները լավ հնարավորություն են Հայաստան—ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու, մեզ հուզող բազմաթիվ հարցերի շուրջ մտքեր ու գաղափարներ փոխանակելու համար։
Մենք շահագրգիռ ենք, որ պարոն Տուսկի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի հարաբերությունները մեր կարեւորագույն գործընկերներից մեկի՝ Եվրոպական միության հետ շարունակեն ընդլայնվել, ինչը, վստահ եմ, կնպաստի մեր միջեւ ձեւավորված երկարամյա կառուցողական երկխոսությանը։
Մենք արձանագրեցինք, որ Հայաստան—Եվրոպական միություն հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով։ Դա վկայում է այն մասին, որ առկա են երկուստեք քաղաքական կամք եւ հանձնառություն եւ, որ ամենակարեւորն է՝ ընդհանուր արժեհամակարգ, որի վրա կառուցում ենք զարգացման մեր ուղին։ Վստահ եմ, որ մեր հարաբերությունների սերտացումը, Հայաստանում ժողովրդավարական գործընթացների եւ բարեփոխումների հետագա խորացումը կրելու են շարունակական բնույթ։
Այդ մասին են վկայում ինչպես մեր ակտիվ փոխգործակցությունը եվրոպական երկրների հետ երկկողմ մակարդակում, այնպես էլ ԵՄ տարբեր կառույցների հետ շարունակվող աշխատանքը։
Անդրադառնալով ս. թ. մայիսի 21—22—ը կայացած Արեւելյան գործընկերության չորրորդ գագաթնաժողովի արդյունքներին՝ մենք գոհունակությամբ նշեցինք, որ Ռիգայում ամրագրվեց տարբերակված մոտեցմամբ ԵՄ եւ գործընկեր երկրների միջեւ փոխշահավետ համագործակցություն ծավալելու հանձնառությունը։
Լիահույս եմ, որ առաջիկայում կմեկնարկեն ՀՀ—ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները, որոնց հաջող ավարտը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում։
Մենք նաեւ կարեւորեցինք, որ գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատեցին ԵՄ կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում իրենց լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին եւ 2009թ.—ից ի վեր այդ պետությունների ղեկավարների մակարդակով արված հայտարարություններին, ինչը եւս մեկ անգամ վկայում է լուծումն այլ հարթակներ տեղափոխելու ջանքերի անհեռանկար լինելու մասին։
Որքան էլ Ադրբեջանը փորձի խեղաթյուրել այդ հիմնախնդրի էությունը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը վաղուց արդեն չի վիճարկվում, ավելին՝ այն ամրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հայտարարություններում։ Այդ գաղափարի համատեքստում մենք պատրաստ ենք առաջ ընթանալ ողջամիտ փոխզիջումների ճանապարհով։
Անշուշտ, անդրադարձանք նաեւ այս օրերին համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում գտնվող տարբեր իրադարձությունների եւ համոզմունք հայտնեցինք, որ այդ իրադարձությունների բարեհաջող ընթացքը իր դրական դերակատարությունը կունենա ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության, կայունության եւ համագործակցության ամրապնդման գործում։ Մեր երկրի առաջնահերթ շահերից է բխում հարեւան Իրանի Իսլամական Հանրապետության բնականոն զարգացումն ու լիարժեք ներգրավվածությունը միջազգային գործընթացներում։ Անշուշտ, մենք ցանկանում ենք, որ մեր դարավոր բարեկամ Հունաստանը օր առաջ կարողանա լուծել իր առջեւ ծառացած բարդագույն խնդիրը։
Ավարտելով խոսքս՝ նշեմ, որ Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Տուսկի այցը լավագույնս վկայում է, որ Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ առկա են ընդհանուր ըմբռնում եւ փոխադարձ հետաքրքրություն՝ խորացնելու առկա կապերն ու շփման ձեւաչափերը։
Շնորհակալ եմ, իսկ հիմա հաճույքով խոսքը տրամադրում եմ նախագահ պարոն Տուսկին։

ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հայտարարությունը

Շատ շնորհակալություն, պարո՛ն նախագահ։ Երջանիկ եմ լինել Երեւանում եւ կրկին հանդիպել ՀՀ նախագահին։ Իմ այցն այստեղ՝ մարտին Բրյուսելում կայացած եւ մայիսին Ռիգայում արեւելյան գործընկերության գագաթնաժողովին կայացած մեր հանդիպումների ամփոփումն է։ Նախ եւ առաջ՝ ես կցանականի Ձեզ շնորհակալություն հայտնել ցեղասպանության հուշահամալիր այցելելու հնարավորության համար։ Սա իմ երկրորդ այցելությունն է եւ ինչպես առաջին այցելության ժամանակ, այնպես էլ այս անգամ նույնչափ հուզվեցի։
Այսօր մենք շատ լավ քննարկում ունեցանք մի շարք հարցերի, մասնավորապես՝ ԵՄ—ՀՀ հարաբերությունների, արեւելյան գործընկերության եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Անդրադարձանք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։ Վերջին բացասական միտումները մտահոգության տեղիք են տալիս։ Հակամարտության խաղաղ կարգավորումը մնում է առաջնահերթություն Եվրոպական միության համար։ Եվրոպական միությունը սատարում է բանակցություններին, որոնք ուղղված են հակամարտության կարգավորմանը եւ իրականացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Մենք սատարում ենք հետագա երկխոսությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ներառյալ՝ ամենաբարձր մակարդակով՝ պարո՛ն նախագահ, Ձեր մակարդակով։ Անչափ կարեւոր է խստագույնս հարգել հրադադարը, սթափություն դրսեւորել գործողություններում եւ հայտարարություններում, ստեղծել մթնոլորտ, որը նպաստավոր կլինի հակամարտության կարգավորման առաջընթացի համար։ Հայաստանը որոշել է չօգտագործել Եվրոպական միության առաջարկած ասոցացման համաձայնագիրը, ներառյալ՝ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը։ Դա ընտրություն է, որը Եվրոպական միությունը լիովին հարգում է։ Մենք նախկինի պես պատրաստակամ ենք խորացնել մեր հարաբերությունները՝ աշխատելով միասին շուկաները բացելու ուղղությամբ, առաջ ընթանալու ժողովրդավարական բարեփոխումների օրակարգով, տնտեսական աճով, տարածաշրջանային ինտեգրման ճանապարհով, գործարար միջավայրի բարելավման ներդրումների ուղղությամբ, կայուն զարգացման ճանապարհով, մեկ խոսքով՝ բարեփոխումների ընդգրկուն օրակարգով։ Մենք բարեհաջող ավարտել ենք երկկողմ հարաբերությունների նոր համապարփակ համաձայնագրի բանակցությունների առաջին փուլը եւ այս համաձայնագրով նախանշել ենք ապագա համագործակցության ոլորտները։ Եվրամիության անդամ պետություններն արդեն իսկ քննարկում են այս բանակցությունների մանդատի տրամադրման հարցը։ Մեր համագործակցության կարեւոր ոլորտներից մեկն այն է, որ ավելի հեշտացնենք ճանապարհորդելը Հայաստանի եւ Եվրամիության միջեւ։
Ես ողջունում եմ այն դրական առաջընթացը, որը Հայաստանը ձեռք է բերել շարժունակության գործընկերության ուղղությամբ։ Վիզաների դյուրացման եւ հետընդունման մասին պայմանագրերի արդյունավետ կատարումը, որոնք ուժի մեջ մտան 2014—ի հունվարից, կարեւորագույն պայման է, որպեսզի սկսվեն վիզաների ազատականացման երկխոսության բանակցությունները։ Վիզայազերծ ռեժիմը վերջնական նպատակն է։ Ես լիահույս եմ, որ հաջորդ քայլը հնարավոր կլինի իրականացնել մոտակա ամիսների ընթացքում, եթե աշխատանքի այս տեմպը շարունակվի։ Հայաստանը կարող է հույս դնել Եվրոպական միության շարունակական օժանդակության վրա, որպեսզի առաջ ընթանա սոցիալական եւ քաղաքական բարեփոխումների ուղղությամբ եւ բարելավի մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությունն ու խթանումը։ Եվրոպական միությունը սատարում է քաղաքացիական հասարակության աշխատանքը Հայաստանում։ Ես քաջալերում եմ, որպեսզի քաղաքացիական հասարակությունն առաջիկայում սերտորեն ներգրավվի բարեփոխումների գործընթացում, որպեսզի ընդլայնվի երկխոսությունը, եւ բոլորն զգան իրենց դերը իրականացվող բարեփոխումներում։ Այս տարին վճռորոշ է մեր հարաբերությունների համար։
Շնորհակալություն ուշադրության համար։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *